Նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյան առաջիկա խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է: Այդ մասին այսօր ՀՀԿ 13-րդ համագումարից առաջ ասաց նա` պատասխանելով Aravot.am-ի հարցին: Բաղդասարյանը կլինի ՀՀԿ ցուցակում, թե մեծամասնական ընտրակարգով, առայժմ չգիտե. «Ինչպես կուսակցությունը կորոշի համագումարից հետո», -ասաց նա:
Հիշեցնենք, որ 2007-ի ընտրություններում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրապայքարում վերջինս իր դիրքերը զիջեց Վիկտոր Դալլաքյանին: Այժմ էլ խոսակցություններ են շրջանառվում, որ Վիկտոր Դալլաքյանն էլ պետք է ընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում: Սակայն չի բացառվում, որ Դալլաքյանն այնուհանդերձ առաջադրվի մեծամասնական կարգով եւ ՀՀԿ-ն նրան սատարի, իսկ Բաղդասարյանն ընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում: Ի դեպ, 2007-ին Վիկտոր Դալլաքյանին այդ ընտրատարածքում ոչ հրապարակային, բայց սատարում էր ԲՀԿ-ն: Խոսակցություններ էին շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանը պայման է դրել` այդ տարածքում արդար ընտրություններ անցկացնելու, որի արդյունքում էլ կհաղթի նա` ով արժանի է:
Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց մեր այդ դիտարկումներին անդրադառնալ. «Որոշումներն արդեն կայացված են, մի քանի օրից կիմանաք»:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև