Լինելո՞ւ է ՀՀԿ համամասնական ցուցակում, թե` ոչ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռեւս չգիտե կամ չի բարձրաձայնում: Համենայնդեպս, այսօր ՀՀԿ 13-րդ համագումարից առաջ լրագրողներն այդպես էլ Տարոն Մարգարյանից այդ առիթով որեւէ տեղեկատվություն չստացան:
Անդրադառնալով արդեն Մաշտոցի պուրակի բազմաչարչար հարցին` Տարոն Մարգարյանն ասաց, որ քաղաքապետարանում քննարկում են այգում կրպակների տեղակայման ժամկետները: Դրանք կգործեն 3-4 տարի: Այս երկու օրերին այգում ծավալված գործողությունները, Տարոն Մարգարյանը դիտարկում է կանանց միամսյակի շրջանակներում: Հիշեցնենք, որ այգում հերթապահությունները շարունակվում են, եւ կիսակառույց կրպակները պայմանականորեն կալանքի տակ են առնված բնապահպանների կողմից, անգամ անկախ դատարան է ստեղծվել: «Մարտի 8 էր, աղջիկները զվարճանում էին, ողջունելի է, իրենց տոնն էլ շնորհավոր: Ես այգում հերթապահողներին կոչ եմ արել, որ հերթապահությունը չշարունակեն, քանի որ այգում ոչ մի շինարարական աշխատանք չի լինելու: Եղանակների թույլ տալուն պես մենք սկսելու ենք այգին վերականգնել»:
Իսկ կրպակները կսկսեն գործել միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն տրվեն վարձակալությամբ: Քաղաքապետը խոստացավ, որ մինչեւ այգին չվերականգնվի, որեւէ կրպակի վարձակալության պայմանագիր չի կնքի:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև