Անգլիական լրատվամիջոցների վկայությամբ` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, 41-ամյա Խոսեպ Գվարդիոլան մերժել է Ռոման Աբրամովիչի՝ «Չելսին» գլխավորելու առաջարկը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հաջորդ երկու հավակնորդներն են Ժոզե Մոուրինյոն եւ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լյովը: Նույն անգլիական ԶԼՄ-ների հավաստմամբ «Ռեալի» ղեկորդն արդեն ներկայացրել է համաձայնություն տալու իր պահանջները: Դրանք են. տարեկան 12-15 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի պարտադիր տեղափոխվելը արիստոկրատների ակումբ:
Ինչ վերաբերում է Իոահիմ Լյովին, նա իր հերթին չի հերքում, որ իրեն էլ է առաջարկ արվել, սակայն ինքն առայժմ հստակ պատասխան տալ չի կարող: «Ներկայումս իմ ամբողջ ուշադրությունը բեւեռված է Եվրո 2012-ի նախապատրաստության եւ մասնակցության վրա եւ մինչեւ դրա ավարտը որեւէ մեկին ոչ ուրախցնել կարող եմ, ոչ էլ՝ տխրեցնել», – հայտարարել է գերմանացիների գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ