Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» կասկածում են ՀՀԿ համագումարում հրապարակված ուղերձի բովանդակությանը

Մարտ 10,2012 17:03

ՀՀԿ 13-րդ համագումարում ելույթ է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Ռումիանա Ժելյաևան, ով տեսանյութի միջոցով փոխանցել է նաև ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ուղերձը: Իսկ ուղերձում մասնավորապես ասված է. « Մենք Ձեզ ( ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նկատի ունի-խմբ.) ընդունում ենք անվերապահորեն եւ ոգևորությամբ, քանզի վստահում ենք Ձեզ։ Մենք հպարտանում ենք Ձեր նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։ Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաև Ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Ձեր կողմից ձեռնարկված տնտեսական և քաղաքական բարեփոխումները նպաստում են խաղաղ ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման ուղին ընտրած Հայաստանի կայացմանը»։ Ուղերձում նաեւ այսպիսի ձեւակորպումներ կան՝ «Մի քանի շաբաթից Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններում։ Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենևին Ձեզ համար և ոչ էլ Ձեր կուսակցության։ Դուք դա կանեք Ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի։ Հայաստանը պետք է տեսնի, որ իր եվրոպական հորիզոնն ավելի ու ավելի է ընդլայնվում։ Եվ ՀՀԿ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը, որն այդքան հույսեր է ներշնչում և նոր հեռանկարներ ընձեռնում Ձեր հրաշալի երկրի ու նրա երիտասարդության համար», « Ես մի համոզմունք ունեմ։ Ձեր կուսակցության առաջնորդներն են ստեղծելու խաղաղության պայմանները։ Ձեր կուսակցության առաջնորդներն են ստեղծելու Հայաստանի իրական անկախության պայմանները», « Այն անշուշտ լի կլինի փորձություններով և մարտահրավերներով։ Սակայն վստահ եղեք, որ ԵԺԿ –ն անվերապահորեն կսատարի Ձեզ: Այդ ուղին նույնպես կպսակվի հաջողություններով և ընտրական հաղթանակներով։ Եվ ԵԺԿ-ն հպարտորեն կմիանա այդ հաղթանակներին։ Իսկ դրանք կսկսվեն մի քանի շաբաթից։Կեցցե Հանրապետական կուսակցությունը: Կեցցե Հայաստանը»։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին տեղի ունեցավ նաեւ ԵԺԿ-ին անդամակցող «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որին, սակայն, ԵԺԿ ղեկավարությունը ոչ միայն այսքան ջերմ խոսքեր չշռայլեց, այլեւ  չարձագանքեց կամ ողջույնի ուղերձ չհղեց: Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության  ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին խնդրեց մեկնաբանել այս փաստը: Վերջինս հայտարարեց. «Մինչեւ այս ուղերձի բնօրինակը չգտնենք, իսկ այն բացակայում է բոլոր, ոչ միայն հայաստանյան լրատվական, այլեւ ԵԺԿ-ի պաշտոնական կայքում, իսկ այնտեղ չկան ուղերձի ո՜չ անգլերեն, ոչ ֆրանսերեն տարբերակները, մինչդեռ Մարտենսը խոսում է երկու լեզուներով, եւ մինչեւ մենք չհամոզվենք, որ պարկեշտ թարգմանություն է կատարվել, այդ փաստը որեւէ կերպ մեկնաբանել չի կարելի: Մյուս կողմից,  անկեղծ ասած,  չեմ էլ  պատրաստվում մեկնաբանություն անել՝ ինչպիսին էլ որ լինի ուղերձի բովանդակությունը: Դա ԵԺԿ նախագահի իրավունքն է: Այդուամենայնիվ, տարօրինակ է, որ տեքստի բնօրինակը որեւէ կայքում չկա»: 

Մեր հավելյալ հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» փորձի պաշտոնապես ճշտել, նման բովանդակությամբ ուղերձ եղե՞լ է, թե՞ ոչ, եւ կամ որտե՞ղ պետք է գտնել դրա բնօրինակը,  Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Ճշտելու ի՞նչ կա: Ինքս եմ ստուգել՝ ոչ ԵԺԿ-ի պաշտոնական կայքում այդ ուղերձը կա, ոչ հայաստանյան լրատվական կայքերի անգլերեն տարբերակներում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031