Մարտի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Նորին Սրբությունը ի դեմս նախարարի նաև երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար:
Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը Նորին Սրբությանը փոխանցեց Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար:
Նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ