Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում «Լինքոլն նավիգատոր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՕՕ 751 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել «ՎԱԶ 2106»–ի վարորդն ու ուղևորուհին։ Մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը, ջիպի վրայից հանվել էին համարանիշները։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ջիպը վարել է ժամկետային զինծառայող, և ջիպի վրա եղել են Պաշտպանության նախարարության համարանիշներ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ռազմական ոստիկանության աշխատակիցները և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանը։
Այս պահին նշված ծառայությունների աշխատակիցները փորձում են պարզել, թե ով պետք է զբաղվի վթարով՝ ռազմական ոստիկանությունը, թե՝ ոստիկանությունը։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը։