Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 13–րդ համագումարում

Մարտ 10,2012 14:07

Սիրելի՛ հանրապետականներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է:

Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել երկրի ընթացքը` անկախ բոլոր ներքին ու արտաքին ցնցումներից, անկախ առաջընթացի ուղին փակող խութերից կամ կործանարար հոսանքներից: Շատ բան է փոխվել այս ընթացքում. նախագահներ են փոխվել, հասարակական-տնտեսական ողջ միջավայրն է փոխվել, արտաքին ու ներքին մարտահրավերներն են փոխվել, խնդիրներն ու դերակատարներն են փոխվել: Իսկ Հանրապետականը շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը` հեռու պահելով մեր ընթացքը դեպի անդունդ տանող ճանապարհներից և մոմե թևերով արևին հասնելու գայթակղությունից:

Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում և երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները և իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար: Այս տարիներին կուտակած հսկայական փորձով ու մշտապես ավելացող նոր ավյունով Հանրապետականը ներկան ու ապագան կապող ամուր օղակ է և պատրաստ է կանգնել անհանդուրժողականության կամ պառակտվածության, լճացման կամ թեթևամտության, օտար թշնամու կամ ներքին հուսալքության դեմ:

Գալիք խորհրդարանական ընտրություններում մենք մեր ժողովրդի դատին ենք ներկայանալու որպես անհատ համախոհների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն և ձևավորել կառավարություն: Միգուցե սա դուր չի գալիս ոմանց, ովքեր չեն կարողանում համակերպվել մեր ժողովրդի քվեով մեր երկրում գերիշխող ազգային գաղափարախոսության հետ: Բայց սա իրողություն է, որը միայն օգուտ կարող է բերել Հայաստանին:

Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որը տեր է մեզնից յուրաքանչյուրի իրավունքների իրականացմանը և բոլորիս ազգային իղձերը կյանքի կոչելուն:

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային և ազգային նպատակները:

Նշված բոլոր մակարդակները կարևոր են և փոխկապակցված: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից:

Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն:

Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ:

Դրա լավագույն ապացույցն է Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերում կանանց և երիտասարդների ներգրավման աճը: Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ երիտասարդներ են ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցությունն ավելացնելու, այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը և կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի և յուրաքանչյուրի համար:

Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով:

Հարգելի՛ հանրապետականներ,

Անդրադարձս մեր գաղափարախոսության այս հիմնասյուներին պատահական չէր: Գաղտնիք չէ, որ Հանրապետականին պախարակելը ոմանք դարձրել են իրենց իբր թե բարձրաշխարհիկ զրույցների, քննարկումների և գրվածքների հիմնական թեման:

Դժվար է հասկանալ այդ մոլուցքը և բացատրություն գտնել դրան, քանի որ նրանցից ոչ մեկը երբեք որևէ գաղափարախոսական խնդիր չի բարձրացրել: Եվ դա բնական է. դրված խնդիրը ոչ թե գաղափարական հակադրումն ու բանավեճն է, այլ մեր կուսակցության և մեր գաղափարների դեմ հասարակական պարզագույն հակակրանքի ու նախատրամադրվածության ստեղծումը: Բայց մենք չենք հակադարձում, և Աստված իրենց հետ:

Այո՛, մենք կառավարող կուսակցություն ենք, որը գիտակցաբար և կամովին ստանձնել է պատասխանատվությունը մեր երկրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու ուղղությամբ ժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները:

Այսօր Հանրապետական կուսակցությունը միավորում է գործնական արդյունքների ձգտող համախոհների: Այսօր մեզ հետ են բոլորը, ովքեր ցանկանում են որևէ բան փոխել մեր հայրենիքում և պատրաստ են հանուն դրա գիշեր-ցերեկ աշխատել: Ընդ որում, մենք մեզ երբեք ամենագետի տեղ չենք դրել և անընդհատ համագործակցելու ենք հրավիրել դրան պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին:

Այսօր մեր կուսակցության շարքերում միավորված են ամենատարբեր մարդիկ` բոլոր հնարավոր ոլորտներից: Մեզ հետ են, մեր կողքին են շինական և մշակ, գյուղացի և բանվոր, ձեռներեց և դասախոս, գիտնական և ծառայող` յուրաքանչյուրն իր տեղում և իր կարողությունների չափով նպաստելով Հայաստան երկրի և հասարակության ամրապնդմանը:

Մենք պահպանել ենք այս երկրի կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում և ամուր հիմքեր ենք գցել հետագա զարգացման համար:

Մենք բացել ենք քաղաքական համակարգը և մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը:

Մենք փոխել ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնել ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը:

Մենք մերժել ենք հրապարակային հայհոյանքն իբրև քաղաքական երևույթ և դեմ գնացել ազատ խոսքի, այդ թվում նաև լրագրողների հանդեպ բռնությունների` մասնավորապես ֆիզիկական բռնությունների, գարշելի երևույթին:

Այս ամենը և անցած տարիների ընթացքում մեր արածը մեզ թույլ են տալիս հպարտանալ անցած ճանապարհով: Հպարտանալ ու կրկին հրավիրել բոլոր հայրենասեր ուժերին և անհատներին` մեզ հետ համադրելու իրենց ուժերը:

Այս հրավերը մեր ուժերի մեջ մեր վստահության ապացույցն է, որը մեզ թույլ է տալիս ամենայն համոզվածությամբ ասել`

– Հանրապետական լինելը պատասխանատվություն է,

– Հանրապետական լինելը պատիվ է,

– Հանրապետական լինելը հպարտություն է:

Այս զգացումներով համակված ու տոգորված Հանրապետականը դեռ շատ անելիքներ ունի, նաև այն, ինչը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը:

Հարգելի՛ գործընկերներ,

2007 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում «Քեզ համար Հայաստան» կարգախոսով: Այս տարիների ընթացքում հենց Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության և բոլոր մեր նախաձեռնությունների համար: Հինգ տարի շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը: Եվ դա իրողություն է իրականացվող քաղաքականության բոլոր հիմնական ոլորտների համար:

«Քեզ համար Հայաստանը» մեզ առաջնորդել է և աշխարհի հետ մեր շփումներում: Այո՛, Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է տրամաբանված շարունակականություն, հստակություն և նախաձեռնողականություն: Մենք մշտապես հանդես ենք եկել որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ, որը հպարտությամբ և պարտաճանաչությամբ կատարում է իր ստանձնած միջազգային հանձնառությունները:

Միևնույն ժամանակ մենք հստակ գիտակցում ենք, որ աշխարհը մեր շուրջը ոչ թե ստատիկ է, այլ փոփոխական: Մեր դժվարին տարածաշրջանում, իսկ ավելի ճիշտ` մի քանի տարածաշրջանների այս բարդ խաչմերուկում, փոփոխությունները կարող են լինել սրընթաց: Ուստի և մենք զարգացնում ենք այդ նոր մարտահրավերներին ու հնարավորություններին հարմարվելու և համարժեքորեն արձագանքելու մեր կարողությունները: Ավելին, անհրաժեշտ է մշտապես ցուցաբերել սեփական նախաձեռնություն, որպեսզի չհայտնվես անընդհատ արձագանքողի դերում, այլ ինքդ էլ` որպես լիիրավ մասնակից, ներդրում ունենաս տարածաշրջանի և աշխարհի օրակարգի ձևավորման գործում:

Այդպիսի օրինակ էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու մեր նախաձեռնությունը, որն իսկզբանե ուներ զարգացման երկու ճանապարհ: Այո՛, Հայաստանի և միջազգային հանրության համար ընդունելի առաջին ճանապարհով նախաձեռնությունը չզարգացավ և Հայաստան-Թուրքիա սահմանը դեռ մնում է փակ: Սակայն երկրորդ ճանապարհն էլ, որով զարգացավ այդ նախաձեռնությունը, նույնպես կարևոր էր, քանի որ.

առաջինը, ինչպես հստակ ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ամրապնդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,

երկրորդը, թույլ տվեց ամբողջ աշխարհին համոզվելու, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Անկարայում և մեկ այլ` իրեն մեջ գցող մայրաքաղաքում է, բայց ոչ Երևանում,

և, երրորդը, պարտադրեց Թուրքիային ստորագրել միջազգային փաստաթուղթ, որը բացառում է հարաբերություններ հաստատելու որևէ նախապայման:

Չեմ մանրամասնում, թե ինչ նախապայման` բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք:

Այս օրինակն ապացուցում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եղել է խիստ սկզբունքային և հաշվարկված: Հետագայում ևս մենք հավատարիմ ենք լինելու այդ ուղեգծին: Շարունակելու ենք բարեխղճորեն կատարել մեր դաշնակցային և միջազգային պարտավորությունները, օգտագործելու ենք յուրաքանչյուր հնարավորություն միջազգային ներգրավմամբ մեր ազգային շահերն առաջ մղելու համար:

Շարունակվում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը, շարունակվում է Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ: Մենք ունենք հստակ ուղերձ աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին. ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը: Հայության և ողջ մարդկության խնդիրն է դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ իրականացվում է մեր աչքի առաջ:

Մենք չենք թուլացնելու մեր զգոնությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախը եղել է, կա և լինելու է հայկական: Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերել է և շարունակելու է ցուցաբերել համակողմանի աջակցություն Արցախի քաղաքական ու տնտեսական զարգացմանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հիմքում լինելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես լիիրավ կողմ ներգրավելու համար: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող որոշումների ընդունմանը:

Հասկանալի է, որ թշնամական ոտնձգությունների կանխարգելման համար միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն: Այս ընթացքում մենք հզորացրել ենք մեր պաշտպանական ներուժը: Ներդրվել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինություն և տեխնիկա: Այսօր մենք ունենք հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ և միջոցներ:

Մենք շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին: Բանակը օրինակելի է դառնալու նաև հասարակության համար: Բոլոր ներկա միտումները ևս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու:

Նույն կարևորությունն ունեն նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները: Այս ոլորտում արդյունքներն արդեն իսկ տեսանելի են դառնում: Ընդ որում, խոսքը միայն հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում իրականացված ինստիտուցիոնալ ու օրենսդրական փոփոխությունների ծավալի մասին չէ, ոչ էլ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ միջազգային կառույցների` կարծես թե արդեն օրինաչափ դարձած դրական արձագանքների մասին: Շատ ավելի կարևոր է այն մթնոլորտը, որը նպաստում է ոստիկանության, դատախազության, իրավապահպան այլ մարմինների և դատարանների պրակտիկայի փոփոխությանն ու իրավակիրառական նոր մշակույթի ձևավորմանը:

Դատաիրավական համակարգի փոփոխությունների գործընթացում սա որակապես նոր արդյունք է, որը թույլ է տալիս կոտրել հանրության մեջ այդ մարմինների վերաբերյալ ձևավորված ոչ միանշանակ, հաճախ նաև արդարացի կարծրատիպերը:

Անշուշտ, այս նվաճումը գերկարևոր, սակայն միջանկյալ արդյունք է, քանի որ կարճաժամկետ հեռանկարում ոստիկանության, դատախազության և դատարանների գործունեությունը պետք է կոչված լինի ապահովել ցանկացած անձի իրավունքների և շահերի համակողմանի պաշտպանությունը, երաշխավորել հասարակության ամեն մի անդամի համար արդարադատության մատչելիությունը և յուրաքանչյուր վեճի արդարացի լուծումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Գաղտնիք չէ, որ 2007 թվականից ի վեր մեր կուսակցությունը մեղադրվել է գրեթե ամեն ինչում: Նախ Ղարաբաղն էինք §ծախում», շատ լավ հիշում եք: Կարծես հասցվել է մոռացվել այդ թեզը: Հետո ցեղասպանությունն էինք ուրանում. այս թեման էլ մեռավ` հո հնարավոր չէ անսպառ պնդել նույն անհեթեթությունը: Իսկ տնտեսության բնագավառում այս ողջ ժամանակահատվածում մենք վկան էինք վայքննադատության իսկական խրախճանքի:

Տարիները միշտ սկսվել են հունվարի ամփոփիչ ցուցանիշները դեկտեմբերի հետ համեմատություններով ու հաղթականորեն անկում արձանագրած հարայհրոցներով: Ոչինչ, որ հունվարը դեկտեմբերի հետ համեմատելով ոչ կոմպետենտ եզրակացություններ անելն ուղղակի աչքակապոցի է, կարևորը բարձր գոռալն է:

Տարիներ շարունակ յուրաքանչյուր ամիս սկսվել է նախորդ ամսվա բյուջեի չկատարման մասին չակերտավոր իրազեկումներով` համեմված «բա որ ասում էինք» ոճի ինքնահաստատումներով: Ոչինչ, որ հետո միշտ պարզվել է, որ հարկային ու մաքսային մարմինները գերակատարել են իրենց ծրագիրը, կարևորը սևացնելն է` անգամ պետբյուջեի դեֆիցիտը համարելով պետական բյուջե մուտքագրվող եկամուտների թերակատարում:

Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրև անվանական /ինչպես դա հաճախ արել ես/, մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը և դու, տնտեսագիտական քո «հանճարեղ» գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների:

Երբ այդքանով էլ ոչինչ չի ստացվում, դիմի՛ր փորձված մեթոդին` հողի՛ն հավասարեցրու պետական ողջ վիճակագրությունը: Ոչինչ, որ միջազգային մասնագիտացված կառույցները շատ բարձր են գնահատում Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը, դա քեզ համար խնդիր չէ. չէ՞ որ դու արդեն մեծ փորձ ունես Վենետիկի հանձնաժողովին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին, Եվրոպական ամենատարբեր կառույցներին, հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, անգամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային մեղադրելու Հայաստանի իշխանությունների հետ գործարքի մեջ լինելու հարցում: Զավեշտ է, բայց փաստ, որ մարդիկ հողին են հավասարեցնում մեր վիճակագրությունը, երբ այն արձանագրում է դրական առաջընթաց ու աճ, և հաճույքով հավատում են, երբ վերջինս արձանագրում է անկում կամ նվազում:

Իսկ եթե «Վայ, մեր վերջը եկել է» թեմայով հրապարակախոսությունն, այնուամենայնիվ, շարունակում է օգուտ չտալ, մի՛ վհատվիր, հստակ պարբերականությամբ բարձրաձայնիր, որ կառավարությունը պարզապես ձախողել է տնտեսական քաղաքականությունը: Այստեղ էլ կարևորը ինքնավստահ կեցվածքն ու հստակ պարբերականությունն է:

2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ:

Քանի՞ այդպիսի «ձախողված կառավարում» եք տեսել:

Առանց սոցիալական ցնցումների կործանարար ճգնաժամի ճիրաններից երկիրը դուրս բերելը գին ուներ, և այդ գինը մենք վճարեցինք: Վճարեցինք ճգնաժամի առաջին` զուտ ֆինանսական փուլում` լուռ ու մունջ կուլ տալով հայհոյախոսության հասնող մեղադրանքները, որպեսզի գործիք չդառնանք փլուզման անխուսափելիության մասին գովազդային արշավում: Արդյունքում մենք փակեցինք բոլոր ճանապարհները, որոնք տանում էին դեպի ֆինանսաբանկային համակարգի կործանում, ինչի փլատակների տակ անխուսափելիորեն կհայտնվեինք բոլորս:

Վճարեցինք ճգնաժամի տնտեսական փուլում, երբ ձեռնարկություն առ ձեռնարկություն փրկության ծրագրեր էինք որոնում և դրամ առ դրամ սոցիալական ծախսերի համար գումարներ հայթայթում: Դա մեր աշխատանքն ու պարտականությունն էր, ինչը մենք անում էինք լուռ` առանց նեղսրտելու հանիրավի սևացումներից: Ինչպես Վազգենը կասեր՝ անմռունչ էինք անում:

Մենք դիմակայեցինք ծանր փորձությանը` մեր պետության իմունային համակարգը ևս մեկ աստիճանով ամրացնելով: Հասցրեցինք արդյունքներ էլ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2011 թվականին կազմել է մոտ 3174 ԱՄՆ դոլար 2006 թվականի 1982 ԱՄՆ դոլարի դիմաց` աճելով 1.6 անգամ: Այս ցուցանիշն ինձ համար բավարար ցուցանիշ չէ: Նույնիսկ ամոթալի ցուցանիշ է, որովհետև այսօր քաղաքակիրթ երկրներում մեկ շնչին հասնում է 30-ից մինչ 50 հազար ԱՄՆ դոլար ՀՆԱ: Բայց, ինչպես և մենք մշտապես ասել ենք և պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է դիտարկենք միայն ու միայն համեմատության մեջ, հակառակ պարագայում հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է դատավորը: Այս ցուցանիշը միջազգայնորեն համադրելի գներով մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2011 թվականին կազմել է մոտ 5395 ԱՄՆ դոլար:

Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Կորցրածը վերականգնելուց բացի հնարավոր է եղել զբաղվածների թիվն այս ժամանակահատվածում ավելացնել շուրջ 18 հազարով:

Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով` 63.9 հազար դրամից հասնելով 115.3 հազար դրամի:

Ապրանքների և ծառայությունների արտահանումը 2011 թվականին 2006 թվականի նկատմամբ աճել է 1.6 անգամ` կազմելով 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, այսինքն ապրանքների և ծառայությունների ողջ արտադրությունը, 2002 թվականին:

Նույն 5 տարիների ընթացքում բնակչության և տնտեսավարողների խնայողությունների հաշվին ձևավորված ավանդներն ավելի քան եռապատկվել են` հասնելով 983 միլիարդ դրամի: Ընդ որում ավանդատուների քանակն այդ ընթացքում ավելացել է 595 հազարով, որոնցից 565 հազարը ֆիզիկական անձինք են` մեր քաղաքացիները:

2006 թվականի 9.2 տոկոսից 2011 թվականի տարեվերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հասցվել է ՀՆԱ-ի 32.9 տոկոսին: Այստեղ էլ համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության ողջ համախառն ներքին արդյունքը 2001 թվականին:

2011 թվականի արդյունքներով հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցրեցինք ՀՆԱ-ի 20.1 տոկոսի մակարդակին` 5 տարիների ընթացքում բարելավելով 3 տոկոսային կետով: Սա իսկապես լուրջ թիվ է: Նախորդ տարվա ցուցանիշներով բացարձակ մեծությամբ դա մոտ 116 միլիարդ դրամ է նշանակում: Միևնույն ժամանակ մենք նաև հարկային լուրջ արտոնություններ ենք կիրառել բիզնեսի` հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, որոնց, այսպես ասած, «բյուջետային գինը» միայն 2011 թվականին կազմել է շուրջ 60 միլիարդ դրամ: Այս երկու բացարձակ թվերը մեկ բանի մասին են խոսում, այն մասին, որ հաջողվել է ստվերից դուրս բերել հարյուրավոր միլիարդ դրամի շրջանառության տնտեսավարում:

Նույն հատվածում սոցիալական ծախսերն ավելացել են 1.9 անգամ, ընդ որում կենսաթոշակների գծով` 2.2 անգամ: Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին և բազային մակարդակները, 79 տոկոսով` ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ` երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ` 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը:

Առողջապահության և կրթության ոլորտ ուղղվող միջոցներն ավելացվել են 1.5 անգամ: Բարձրակարգ առողջապահությունը քայլ առ քայլ հասցրել ենք մարզեր ու դեռ շարունակելու ենք: Աշխարհի ամենաարդիական կրթությունը ստանալու հնարավորություններ ենք ստեղծել և դեռ ավելացնելու ենք դրանք:

Գտել ենք գիտությանն ու մշակույթին ուղղվող միջոցների ավելացման նոր հնարավորություններ, ներդրել նոր մեխանիզմներ, որոնց արդյունքները կունենանք արդեն այս տարի: Ընդամենը մեկ օրինակ. արդեն այս տարի միայն բյուջետային միջոցները, որ ծրագրված է ուղղել մշակույթին, շուրջ 65 տոկոսով գերազանցում են այն ծավալները, որ ծրագրված էր 2007 թվականի համար, և կազմում են 15.4 միլիարդ դրամ:

2011 թվականին համայնքներին ուղղվող դոտացիաները գերազանցել են 2006 թվականի մակարդակը 2.2 անգամ, 14.7 մլրդ դրամի դիմաց հասնելով 32.5 մլրդ դրամի: Իսկ աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության և բնակարանների գնման ծախսերի գծով 2006 թվականին նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված 4.1 մլրդ դրամ ծավալով ծրագրերի դիմաց 2009-2011 թվականների ընթացքում կատարվել են 79 մլրդ դրամի աշխատանքներ:

Վերջին հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է պոտենցիալ ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 22 հազար հեկտարով, կանխել 2005 թվականից սկսված` հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման միտումը և շուրջ երկու անգամ ավելացնել բերքատվությունը:

2007-2011 թվականների ընթացքում արդյունաբերության բնագավառում կատարվել են 226.7 միլիարդ դրամի ներդրումներ, և արդեն 2011 թվականին Հայաստանի արդյունաբերական թողարկման տարեկան աճը կրկնակի գերազանցել է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը:

2007 թվականի համեմատ 2.5 անգամ ավելացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը` կազմելով 205 մլն ԱՄՆ դոլար: 82 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների քանակը` 2011 թվականին կազմելով շուրջ 300 և ապահովելով մոտ 7 հազար աշխատատեղ:

Բարձր որակավորում պահանջող և տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն արտահանվող արդյունաբերական ապրանքների կառուցվածքում 2007-2010 թվականների ընթացքում աճել է 1.4 անգամ: Ընդ որում, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի և Վրաստանի համանուն աճերը կրկնակի, իսկ Թուրքիայինը` 1.6 անգամ զիջում են Հայաստանի աճի մեծությանը:

2007-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման շրջանակներում տրամադրվել են 1.5 անգամ ավելի միջոցներ, քան 2002-2006 թվականներին: 2002 թվականի համեմատ տասնապատկվել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ինդեքսը:

2011 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկվել է 2006 թվականի համեմատ` անցնելով 750 հազարի սահմանագիծը:

Կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը, իսկ բջջային բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 3 անգամ` կազմելով ավելի քան 3.8 միլիոն: Արդեն 2010 թվականին 1 բնակչի հաշվով շարժական կապի բաժանորդների թվով Հայաստանն ԱՊՀ-ում զիջել է միայն Ռուսաստանին, աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցրել 43-րդ տեղը` այդ թվում գերազանցելով իր բոլոր անմիջական հարևաններին:

2007 թվականի 5-ի դիմաց ՀՀ բնակչության ինտերնետ հասանելիությունը 2011 թվականին 100 մարդու հաշվով դարձել է 45, իսկ 2006 թվականի 5.4 միլիոն դրամից 1 մեգաբիթ-վայրկյան ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազել է մինչև 35.6 հազար դրամի, կամ ավելի քան 150 անգամ:

Վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 2 անգամ ավելի ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել նախորդ հինգ տարիների համեմատ: 2007-2011 թվականներին հանրապետությունում կառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 1500 կիլոմետր ճանապարհ:

Գազի բաժանորդների թիվը մոտ 200 հազարով գերազանցում է 2007 թվականի մակարդակը, իսկ խմելու ջրի մատակարարումը օրական 11.18 ժամից 2011 թվականին հասցվել է 16.64 ժամի:

Սրանք որոշ փաստեր են այն արդյունքներից, որոնք մենք հասցրել ենք արձանագրել վերջին տարիների ընթացքում` միաժամանակ պայքարելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և նրա բերած հետևանքների դեմ:

Այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք այդ արդյունքները լավն են: Ես ասում եմ` ոչ /եթե, իհարկե, համարենք, որ ճգնաժամ չի եղել/: Կարո՞ղ էինք ավելի լավ աշխատել, իհա՛րկե կարող էինք: Կարո՞ղ էին արդյունքներն ավելի լավը լինել, եթե այլ ուժ լիներ իրականացվող քաղաքականության ղեկին, անշուշտ հնարավոր է: Բայց այստեղ երկրորդ հարցն էլ իրավունք ունի գոյություն ունենալու` կարո՞ղ էին արդյունքներն ավելի վատը լինել այդ դեպքում… Այս մեկը, սակայն, թող հնչի որպես հռետորական հարց:

Հարգելի՛ գործընկերներ,

Այո՛, մենք կախված ենք համաշխարհային զարգացումներից, ինչպես և բազում երկրներ: Ավելին, մեր երկրի դեպքում էլ ուղղակի կապ կա տնտեսական աճի և արտերկրից եկող դրամական փոխանցումների մեծության միջև: Այո՛, ցավոք սրտի այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը էապես արտաքին գործոնների ազդեցությունն են կրում: Ապագայում դրանից խուսափելու համար այսօր պետք է ստեղծել վաղվա տնտեսությունը, ինչը պահանջում է փոխել և արդիականացնել կառավարման ու կարգավորման մեխանիզմները:

Մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի և գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են: Այս գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, և դրա համար որևէ հովանավորչության կարիք չպետք է լինի:

Պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես:

Այս գիտակցությամբ ենք մենք գնում համակարգային փոփոխությունների ու վերափոխման: Այս գործընթացը օբյեկտիվ է, անխուսափելի և վեր որևէ քաղաքական ուժի նկրտումներից: Ապագան վերափոխում ապահովող ուժինն է:

Մեր կուսակցությունը պատմական առաքելություն է ստանձնել առաջնորդելու Հայաստանի վերափոխումը: Մենք մեծ կուսակցություն ենք, տասնյակ հազարավոր մարդիկ են մեր շարքերում: Ժամն է, որ ավելացնենք ու նորացնենք մեր որակները: Մեր գործունեության արդյունքում փոխվում է մեր հասարակությունը և երկիրը, ուստի և ինքներս պետք է կարողանանք փոխվել:

Որպես ուժեղ, մեծ և ժողովրդական կուսակցություն մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը, մեր տնտեսական օրակարգում ազատորեն ընդգրկենք յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, որը բխում է մեր ազգային շահերից, մեր ժողովրդի և քաղաքացիների առօրյա խնդիրներից ու պահանջներից: Սա է մեր կուսակցության այսօրվա անելիքը:

Չեմ ցանկանում նսեմացնել, թերագնահատել կամ ստվերել Հայաստանում գործող որևէ ազնիվ և ազգային շահին ուղղված քաղաքական ուժի և կուսակցության գործունեություն: Ավելին, ուրախ եմ, որ մեր քաղաքական կյանքը բազմազան է: Սակայն, մեր կուսակցությունն է, որ իր կարողություններով ու հնարավորություններով ունակ է շարունակել առաջնորդել դեպի նոր տնտեսական քաղաքականություն և հարաբերություններ, դեպի նոր փոփոխություններ ու արդիականացում:

Սիրելի՛ հանրապետականներ,

Տարիներ շարունակ մենք մեր ուժն ու ողջ կարողությունը ներդրել ենք Հայաստան պետության կայացման գործին: «Քեզ համար Հայաստան»« կարգախոսի ներքո մենք քայլ առ քայլ բանակ ենք ամրացրել, պետական կառավարման արդյունավետություն, արտաքին մարտահրավերներին դիմակայելու ճկունություն ավելացրել, կայացրել ֆինանսաբանկային, հարկային, գանձապետական, արդարադատության և բազում այլ համակարգեր, գործարար միջավայր ենք բարելավել, հասարակական համակեցության հիմքերն ենք ամրացրել ու մեր երկրի դիրքն ամրապնդել աշխարհում: Չեմ չափազանցնում` այս տեսանկյունից բավականին հաջող ենք գործել: Այսօր արդեն ունենք մի իրականություն, երբ պետությունը կայացել է այնչափ, որ մեր կարողությունների մի զգալի մասն արդեն կարող ենք ուղղել այլ` ոչ պակաս կարևոր խնդիրների լուծմանը:

Մեր գործունեությունը այսօրվանից առավելապես ուղղելու ենք դեպի մարդը, դեպի յուրաքանչյուրը, դեպի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Տնտեսական վերելքը դառնալու է կոնկրետ աշխատանք կոնկրետ մարդու համար. աշխատանք ունենալը և արժանապատիվ վարձատրությունն այլևս ամենատարածված ցանկությունները չեն լինելու մեր երկրում: Մենք ենք, որ ամրացրինք պետությունը, մենք ենք, որ կարող ենք լուծել նաև մարդուն հուզող առաջնային խնդիրները: Մեզ փոփոխություններ են անհրաժեշտ: Այդ փոփոխություններն իրականացնողները մենք ենք, բոլորս միասին` հանրապետականի փորձով և առաջնորդությամբ:

Մենք ասում էինք` Քեզ համար Հայաստան: Հիմա արդեն հասել ենք այն հանգրվանին, երբ վստահորեն ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար:

Մեզանում ձևավորվել է հոռետեսության և հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձևերն են, որ հնչում են հաճախ և մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ոչ եղել է, ոչ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու» և ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»:

Ես ասում եմ.

Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով:

Էս երկիրը երկիր է, որ քանակի դեմ պարզել է որակ, նավթադոլարների դեմ պարզել է բարոյական նկարագիր ու հաղթել նաև մեր բոլորի աչքի առաջ: Էս երկիրը երկիր է, որի հետ հաշվի են նստում և հարգանքով են խոսում: Էս երկիրը երկիր է, որին կարոտում են և որի հողը համբուրում են: Էս երկիրը երկիր է, որտեղ լրջագույն փոփոխություններ են իրականացվում և որը, հակառակ ամենատարբեր խոչընդոտների, առաջ է գնում: Էս երկիրը երկիր է, որտեղ ապրում են տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ: Երբ հարկ է եղել սկսել զրոյից, նրանք սկսել են զրոյից ու հասել անհավատալի արդյունքների:

Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել:

Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում և լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ և ասել, թե «էս երկիրը երկիր չի»:

Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որն ունի հզոր հենարան ի դեմս իր ժառանգության և ունի պայծառ հայացք` ուղղված ապագային: Էս երկիրը աշխարհի ամենագեղեցիկ երկիրն է ու ավելի լավն է լինելու:

Աշոտ Նավասարդյանը մինչև Հանրապետական կուսակցությունը հիմնելը երեք ժամկետ բանտ ու աքսորի մեջ էր` ասելու համար միայն մեկ բան. որ էս երկիրը երկիր է: Եվ մենք այսօր, որպես քաղաքական ուժ, ասպարեզում ենք հենց դրա՛ համար:

Աշոտը հավա՛տ ուներ: Պիտի հավատաս, որ փոխես:

Հարգելի՛ գործընկերներ,

Չպետք է մոռանալ, որ ընտրություններն ընդամենը միջոց են և ո՛չ` նպատակ: Մենք ազգ ենք և պետություն: Մենք ունենք նպատակներ: Ընտրությունները, խորհրդարաններն ու կառավարությունները գործիքներ են այդ նպատակների իրագործման ճանապարհին:

Պետք է շարունակենք բարձրացնել Հայաստանի վարկն ու հեղինակությունը տարածաշրջանում և աշխարհում, ունենալ ավելի մեծ քաղաքական կշիռ:

Դրա համար մեզնից պահանջվում է, որ մեր որդեգրած ճանապարհով ամեն օր առաջ գնանք: Ու մենք արագացնելու ենք մեր ընթացքը, որքան էլ մեծ լինի դիմադրությունը: Ակնհայտ է, որ կա դիմադրություն, երբ այսրոպեական շահն ավելի կարևոր է դասվում, քան մեծ նպատակները: Բայց մենք հաղթահարելու ենք այդ դիմադրությունը, որովհետև մենք շատ ենք և ուժեղ, իսկ բացահայտ պայքարի դուրս գալը մեր որդեգրած` իսկապես համազգային նպատակների դեմ, դժվար է:

Օտարների կողմից Հայաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ ավելի մեծ հարգանքը պայմանավորված է առաջին հերթին մեզանով, մեր ունեցած հարգանքով` մեր պետութան, օրենքների և քաղաքացիների հանդեպ: Այս պարզ ճշմարտությունը մոռանալով` մենք ոչնչի չենք հասնի: Հիշելով և կիրառելով` մենք կվերափոխենք մեր երկիրը: Ավելին` կվերափոխենք այնպիսի արագությամբ, որ կհարուցի մեր իսկ զարմանքն ու հիացմունքը:

Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը և որը կոչվում է կաշառակերություն:

Այս ճանապարհին կիրառվելու են և՛ վիրահատական, և՛ մյուս բոլոր օրինական մեթոդները:

Դժվար չէ տեսնել, որ թվարկված նպատակները, այդ թվում և Հայաստանի տնտեսական զարգացումը, սերտորեն շաղկապված են միմյանց: Նրանք միմյանց շարունակությունն են և մեծ հաշվով նույն` մեկ նպատակի տարբեր երեսներն են: Այս ուղղությամբ զգալի գործ է արվել և արվում, բայց մենք դեռ չենք ապահովել մեր նախանշած մակարդակը:

Հայաստանի նոր դեմքն ու նկարագիրը կերտելու պատմական հնարավորությունը մեր ձեռքերում է, առանց չափազանցության` մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում: Եվ մենք դա անելու ենք:

Բնականոն ընտրություններն արմատական փոփոխությունների անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն են: Կրկնում եմ. ավելի առանցքային են այն նպատակները, որոնց մենք հետամուտ ենք որպես ազգ և պետություն: Քաղաքական և տնտեսական ազատությունները մի կողմից, կարգապահությունն ու խստապահանջությունը մյուս կողմից մեզ համար ապահովելու են համակողմանի զարգացման նոր հնարավորություններ: Ահա մեր ռեսուրսը:

Կա մեկ այլ նպատակ, որին ցանկանում եմ հատուկ անդրադառնալ:

Այսօր Հայաստանի և հայության դեմ աշխարհում ծավալված է լայնամասշտաբ քարոզչական պատերազմ: Այդ պատերազմը հատկապես կատաղի բնույթ է ստանում, երբ մենք հաջողություններ ենք ունենում տարբեր ոլորտներում կամ զարգացումներ են արձանագրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ասպարեզում: Մենք որևէ պետության կամ ժողովրդի դեմ քարոզարշավ չենք վարում, բայց կանգած ենք մեր դեմ ուղղված թշնամանքի ալիքի դեմ: Ներկա աշխարհում այս ալիքին կարող է դիմակայել միմիայն այն Հայաստանը, որը ժողովրդավարական է: Այս ալիքի դեմ մենք պետք է հանենք Հայաստանի նոր կերպարը` ավելի ազատ, ուրեմն և` ավելի ուժեղ Հայաստանի կերպարը: Ինչպե՞ս կարելի է հիանալ ֆրանսիական ժողովրդավարությամբ, եթե դու ինքդ չունես նման նպատակներ, եթե ինքդ նման արժեքների չես դավանում կամ չես պայքարում հանուն դրանց:

Հասունացել է պատմական պահը, երբ Հայաստանի ժողովուրդը` մենք բոլորս, պիտի գործով ցույց տանք, թե ինչն է մեզ հոգեհարազատ` անցյալից եկող հոռի բարքե՞րը, որոնց իներցիան շարունակվում է մեր կենցաղում, թե՞ արդի քաղաքակրթական նվաճումները: Քաղաքակրթություն, որի արմատներում և ճյուղերի մեջ նաև մեր մեծերն են եղել: Անձամբ ես իմ ընտրությունն արել եմ: Եվ համոզված եմ. մենք այսպես ենք հաղթելու և այսպես ենք բազմապատկելու մեր բարեկամների թիվն աշխարհում:

Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը: Փոխենք մեր հոգեբանությունն ու վերաբերմունքը Հայաստան պետության հանդեպ: Փոխենք մեր վարքը փողոցում, աշխատավայրում, համալսարանում: Փոխենք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն: Փոխենք օրենքները, եթե չեն մոտեցել կատարելությանը: Փոխենք ներքաղաքական պայքարի մշակույթը: Փոխենք, որ հավատանք մարդկանց ու օրենքներին: Փոխենք, որ մերը լինեն փողոցը, նախարարությունը, համալսարանը, գյուղն ու քաղաքը, խորհրդարանն ու բակը: Դարձնենք ավելի լավը: Քանի դեռ չենք փոխել ու չենք հավատում, նրանք մերը չեն: Մերը` բոլորինս:

Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն` դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն` երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա՛նք, որ փոխենք:

Բայց հավատը նաև մշտական սնուցում է պահանջում: Ամեն մի նոր փոփոխությունը ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Հավատ և փոփոխութուն. սրանք փոխպայմանավորված և միմյանց ամրապնդող երևույթներ են: Ուրեմն նաև փոխե՛նք, որ հավատանք: Սնուցե՛նք մեր հավատը կոնկրետ գործերով:

Փոխենք մեր երկրի դեմքն այն աստիճան, որ մի քանի տարի առաջ Հայաստանից գնացած մարդը գա ու չճանաչի, հաճելիորեն զարմանա:

Մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, և որոնք շարունակվում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին հաղթահարել այդ իներցիան և արմատավորել նոր ավանդույթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ասպարեզներին` սկսած փողոցային երթևեկությունից, վերջացրած ընտրություններով: Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք` անկախ այն հանգամանքից, որ ոմանք այսօր ոչ թե ընտրությունների են պատրաստվում, այլ դրանք կեղծված ներկայացնելու տեխնիկական կարողություններ են զարգացնում: Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թե ջահել, պատմական պարտավորություն ունեն արմատավորելու այդ նոր` 21-րդ դարի քաղաքակիրթ հանրությանը վայել ավանդույթները:

Մեզանում այսօր բազմաթիվ մարդիկ կան, ովքեր եղել են արտերկրում և ակամա համեմատել այն Հայաստանի հետ, բարի նախանձով լցվել այն ամեն լավի ու գեղեցիկի նկատմամբ, որ տեսել են դրսում: Նաև ցավ են ապրել, որ նույնը չկա Հայաստանում: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում փոխել: Մենք ո՞ւմից ենք պակաս:

Փոխե՛նք, որ հավատանք մեր կարողություններին ու մեր հնարավորություններին: Փոխե՛նք, որ պետական ծառայություն մատուցողն ու քաղաքացին ինքնահարգանք ունենան: Յուրաքանչյուրիս արժանապատիվ կեցվածքից է սկսվում նոր Հայաստանը:

Պարույր Սևակն ասում էր. «Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից»: Այսօր ինձ համար ակնհայտ է. եթե չփոխվենք` կուշանանք, կուշանանք որպես ժողովուրդ և որպես պետություն:

 

Վեհամոր ավետարանը դարերի միջով մեզ հասցնողները հավատ ունեին: Ես այդ ավետարանի վրա եմ երդվել: Ես հավատում եմ մեր արածին ու ավելի շատ` անելիքներին:

Ուրեմն` հավատանք, որ փոխենք: Մեծով ու փոքրով, շինականով ու գիտնականով, հաջողակով ու դեռ փնտրողով: Հավատա՛նք, որ փոխենք:

Շնորհակալություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031