Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵԼՈՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Մարտ 10,2012 12:07

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ՖԵԼՈՅԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Տասներեքերորդ գիրքս էդպես հանկարծ ու էդքան հանկարծակի ավարտեցի՝ ոչ միայն էն պատճառով, որ շարունակաբար ձգտում էի հնարավորինս շուտ պրծնել իմ էդ տասներեքերորդից, այլեւ էն պատճառով, որ հայոց առաջին ու միակ Նախախորհրդարանի առաջին ու միակ նախագահ Սաֆարյան Ֆելիքսին էս վեպիս մեջ առաջին անգամ հիշելով՝ հանկարծակի զարմանքով հասկացա, որ Ֆելոյին ու իր ասացողական տաղանդին առաջին անգամ եմ էս վեպիս մեջ անդրադառնում, եւ էդ բանը զարմանքով ու հանկարծակի հասկանալով՝ ցանկացա, որ տասներեքերորդս հենց Ֆելոյով էլ ավարտվի, որպեսզի հայոց առաջին ու միակ Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսն առավել ուժեղ տպավորություն թողնի ընթերցողիս վրա, եւ ամենատարօրինակն էն է, որ մեր առաջին ու միակ Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսին ընդամենը Ջավախյանի էդ պատմվածքի առիթով հիշեցի, մինչդեռ ավելի տրամաբանական կլիներ, եթե Ջավախյանին ու շատերին Չաղ Ֆելոյի կապակցությամբ հիշեի, որովհետեւ անցյալ դարի ութսունականների ամենավերջում եւ հատկապես իննսունականների ամենասկզբում մարդիկ ու իրադարձություններն անձամբ Չաղ Ֆելոյի շուրջ էին պտտվում, եւ անձամբ Չաղ Ֆելոյի շուրջ հատկապես ընդդիմադիրներն ու առանձնապես ընդդիմադիր աբիժնիկներն էին պտտվում, որովհետեւ Սաֆարյան Ֆելոն չափազանց բարի, չափազանց կամեցող եւ չափազանց մարդկային լինելով՝ իր հիմնադրած Հայոց Ազգային Նախախորհրդարանի դռները լայնորեն էր բացել բոլորի ու հատկապես նրանց առաջ, ովքեր հեղափոխական լինելով՝ այս կամ այն պատճառով դուրս էին մնացել հեղափոխական ցուցակներից եւ չէին հաջողացրել թափանցել Գերագույն խորհուրդ, եւ դրանց բոլորի համար Սաֆարյան Ֆելիքսն ու իր ստեղծած Նախախորհրդարանը վերջին հույսի պես բան էին, եւ Ֆելոն էդ մարդկանց սրտանց ու շռայլորեն տալիս էր էդ հույսը, որովհետեւ Սաֆարյան Չաղ Ֆելոն, պատմելու շնորհքից բացի, մարդկային այլեւայլ արժանիքներով էլ էր օժտված, եւ, ինչպես չաղերից շատերը, էս Չաղն էլ էր բարությամբ լեփլեցուն, ու նաեւ կամեցող եւ կարեկցող լինելով՝ սրտանց կամենում ու կարեկցում էր բոլոր նրանց, ովքեր հեղափոխական լինելով՝ այս կամ այն պատճառով դուրս էին մնացել «Ղարաբաղ» կոմիտեի ու ՀՀՇ-ի ուշադրությունից եւ Ազգային ժողովից, ավելի ճիշտ՝ Գերագույն խորհուրդից, որովհետեւ, չնայած ՀՀՇ-ն ու «Ղարաբաղ» կոմիտեն պառլամենտն արդեն իրենցով էին արել, Սովետն ու Գերագույն խորհուրդն իրենց անուններով դեռեւս կային, եւ չնայած Սաֆարյան Ֆելոն հեղափոխական կարկառուններից Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Արշակ Սադոյանի եւ այլ կարկառունների ուսանողական ու ասպիրանտական ընկերն էր, ինքն էլ, փաստորեն, դուրս մնաց վերջիններիս ուշադրությունից ու Գերագույն խորհրդից, ավելի ճիշտ՝ իր ընկեր կարկառունները մի անգամ Չաղին Համազգային շարժման նախընտրական ցուցակում տեղ առաջարկեցին, եւ ինքը խոստացավ մտածել՝ ենթադրելով, որ երկրորդ անգամ էլ կխնդրեն, բայց քանի որ կարկառունները հատկապես էդ նախընտրական օրերին չափազանց էին զբաղված, մոռացան Ֆելոյին երկրորդ անգամ խնդրել, եւ Սաֆարյան Ֆելիքսն էլ չափազանց հպարտ անձնավորություն լինելով՝ կարկառունների ոտքը չգնաց եւ իր սեփական խորհրդարանը ստեղծեց՝ Հայոց Ազգային Նախախորհրդարան անունով, եւ Ֆելոյի հիմնադրած էդ Նախախորհրդարանը շատերի համար էր սփոփանք ու սպեղանի, եւ Ֆելոյի էդ Նախախորհրդարանի դռները բոլոր ցանկացողների առջեւ էին բաց՝ ներառյալ մեր, որ երբեւէ չէինք էլ երազել Գերագույն խորհուրդ ու քաղաքականություն սպրդել, եւ երբ Վանոն, Արշակը, Լեւոնը, Վազգենը, Դավիթն ու մեր ընկերներից ուրիշներ դեպուտատ դարձան, նույնիսկ անհասկացողներս հասկացանք, որ Գերագույն խորհրդի էդ աթոռները նաեւ մեր շրջապատի տղերքի համար էին ստեղծված. այսինքն, անհասկացողներս նույնպես սկսեցինք հասկանալ էն ամենը, որ Սաֆարյան Ֆելոն դեռեւս էն գլխից էր հասկացել ու հասկանալով եւ իր ուսանողական ու ասպիրանտական ընկերներից խորապես վիրավորվելով՝ վերցրել ու իր էդ Հայոց Ազգային Նախախորհրդարան էր ստեղծել, եւ էդ Նախախորհրդարան բառը կարծեմ Համբարձումեան Ռաֆոյի հուշածն էր, որովհետեւ եթե Չաղին մնար՝ միանգամից ալտերնատիվ խորհրդարան կստեղծեր, ու բոլորով միանգամից դեպուտատ կդառնային, բայց Համբարձումեան Ռաֆոն Խաթլամաջյան Սեյրանի միջոցով Ֆելոյին բացատրեց ու հասկացրեց, որ Խորհրդարանն ու խորհրդարանականները ոչ թե նշանակովի, այլ ընտրովի մարմիններ են եւ ոչ թե Ֆելոյի կամ ինչ-որ մեկի քմահաճույքով պիտի ընտրվեն, այլ ուղղակիորեն՝ ժողովրդի կողմից, եւ սկզբի համար էդ Նախախորհրդարան անունն ընդունվեց՝ մինչեւ նորմալ ու համապատասխան անուն գտնվեր, բայց էդպես էլ այլ անուն չփնտրեցին ու չգտան, որովհետեւ, չնայած էդ Նախախորհրդարան անվանումը հեչ Չաղի սրտով չէր, էդ անունը Չաղի ստեղծած էդ կառույցին շատ ուժեղ էր կպել, եւ մի պահ եղավ, որ Ֆելոյի էդ ստեղծածն իսկական Խորհրդարանին իսկապես այլընտրանք ու մրցակից էր, բայց քանի որ Ֆելոյի էդ այլընտրանքայինն օրենքներ ընդունելու իրավասություն չուներ, կամաց-կամաց վերածվեց թամաշայի, եւ եթե սկզբնական շրջանում Մովսես Գորգիսյանն ու քաղաքական այլ երեւելիներ էին Նախախորհրդարանի նիստերին ներկայանում ու ակտիվորեն մասնակցում, շատ շուտով Նախախորհրդարանի էդ սրահը, որ գտնվում էր նախկին Կոնսերվատորիայի շենքում, դարձավ թամաշայի սիրահարների եւ հիմնականում թոշակառուների հավաքատեղի, եւ թամաշայի սիրահարներիս համար հատկապես էդ օրերն էին հետաքրքիր, որովհետեւ հետզհետե ու օրեցօր մարող էդ Նախախորհրդարանի նիստերի հիմնական ելույթ ունեցողները թոշակառու բանաստեղծներն ու թոշակառու գյուտարարներն էին, եւ էդ բիձեքը հատկապես Սաֆարյան Ֆելոյի նյարդերի վրա էին ազդում, եւ էդ բիձեքի հետ պերմանենտ ու մոտիկից առնչվելով՝ Չաղը սրտի կսկիծով զգում ու հասկանում էր, որ իր ստեղծած էդ Նախախորհրդարանն իրականում ոչ թե Գերագույն խորհրդին է այլընտրանք, այլ՝ Կոմայգուն ու ժողովրդական այլ հավաքատեղիներին, եւ կանոնավոր կերպով Նախախորհրդարան ներկայացող էդ թոշակառուները, որ հիմնականում ինքնուս բանաստեղծներ ու ինքնակոչ գյուտարարներ էին, ոչ միայն պարտադիր ու պարտաճանաչ ներկայանում էին Նախախորհրդարանի բոլոր նիստերին, այլեւ իրենց ելույթներով ու ակտիվությամբ հունից հանում էին Սաֆարյան Ֆելիքսին, եւ հատկապես իրենց խնդրանքներով ու պահանջներով էին Ֆելիքսին հունից հանում, եւ հատկապես թոշակառու բանաստեղծներն էին հունից հանում. թոշակառու բանաստեղծները նախկին Կոնսերվատորիայի համերգասրահի ամբիոնից իրենց բանաստեղծություններն արտասանելով՝ այնուհետեւ Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսից պահանջելով խնդրում էին, որ վերջինս իրենց էդ արտասանածները «Գրական» կամ որեւէ այլ թերթում տպել տա, եւ Ֆելոն իրենից ցրելով ու ինձ մատնացույց անելով ասում էր՝ «տպագրության հարցերով Շեկոյան Արմենին դիմեք», եւ թոշակառու բանաստեղծներն արհամարհանքով նայում ինձ ու Ֆելոյին ասում էին՝ «մենք Շեկոյանի տեղն քեզնից լավ գիտենք, Սաֆարյան ջան» կամ էլ ասում էին՝ «մեկն էղնի՝ Շեկոյանի համար բարեխոսի», եւ թոշակառու բանաստեղծները Ֆելոյին ինձնից ու բոլորից գերադասելու համար միանգամայն բավարար հիմքեր ունեին եւ ներքուստ համոզված էին, որ Հայաստանում որեւէ թերթի խմբագիր չի համարձակվի մերժել Հայոց Ազգային Նախախորհրդարանի նախագահ պարոն Ֆելիքսին, քանի որ էդ օրերին Սաֆարյան Ֆելիքսի հետ ոչ միայն իշխանություններն էին հաշվի նստում, այլեւ պաշտոնական ու ժողովրդական ընդդիմություն ՀՀՇ-ն ու «Ղարաբաղ» կոմիտեն, որովհետեւ իշխանությունն ու ընդդիմությունը դեռեւս տեղյակ չէին, որ Ֆելոյի Նախախորհրդարանն արդեն թոշակառու բանաստեղծների ու թոշակառու գյուտարարների հավաքատեղի է դառել, եւ արդեն Գորգիսյան Մովսեսն ու քաղաքական մյուս երեւելիները Նախախորհրդարան չէին գալիս, եւ շուտով Վասիլյան Ռազմիկն էլ սկսեց չգալ, իսկ երբ ՀՀՇ-ն խորհրդարանն ու երկիրն ամբողջովին վերցրեց, ինքը՝ Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսն էլ սկսեց Նախախորհրդարանի նիստերից բացակայել, եւ էդ նիստերն իր փոխարեն իր երկու տեղակալներն էին վարում, եւ չնայած չեմ հիշում՝ տեղակալներն ովքեր էին, շատ լավ հիշում եմ, որ էդ նիստերն արդեն իր երկու տեղակալներն էին փոխնիփոխ ու մեծ հաճույքով վարում, եւ արդեն դաշնակցականներն էլ Նախախորհրդարան չէին գալիս, որովհետեւ դաշնակցությունն արդեն ընտրված Գերագույն խորհրդի պատրաստի պատգամավորներից ֆրակցիա ստեղծելով՝ պետական ու օրինական խորհրդարանում բավական ակտիվ գործունեություն էր ծավալել եւ Նախախորհրդարանի ու անձամբ Սաֆարյան Ֆելոյի հանդեպ արդեն առանձնակի հետաքրքրություն հանդես չէր բերում, եւ չնայած Սաֆարյան Ֆելիքսն իր անձնական զգացմունքները բարձրաձայն արտահայտելու սովորություն չուներ, հստակ զգացվում էր, որ ինքը ոչ միայն իր ստեղծած ու առաջացրած Նախախորհրդարանի հանդեպ է սառել, այլեւ՝ իր հարազատ կուսակցության, եւ Սաֆարյան Ֆելոն Նախախորհրդարանից ու դաշնակցությունից օտարանալով ու օտարվելով՝ ամենավերջում փորձում էր վերադառնալ ֆիզիկա ու Մանկավարժական ինստիտուտ, բայց էդ վերադարձն էլ լիարժեք չստացվեց, որովհետեւ կյանքն ու մանավանդ Սաֆարյան Ֆելոն արդեն ուղնուծուծով էին քաղաքականության մեջ թաթախված, եւ նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվողներս էինք քաղաքականությամբ ներծծված, որովհետեւ ութսունականների վերջերին եւ իննսունականների սկզբներին Հայաստանում քաղաքականությամբ չզբաղվողները պարզապես պարապության էին մատնված եւ, փաստորեն, կյանքից դուրս էին մղված, եւ քաղաքականությամբ չզբաղվողներս էլ էինք, փաստորեն, քաղաքականությամբ զբաղված ու հետաքրքրված, եւ անձամբ ինձ համար ամենահետաքրքիրն էդ օրերին Ֆելոյի բարձիթողի մատնված Նախախորհրդարանի թոշակառու ու ինքնուս բանաստեղծներն էին, ինչպես նաեւ՝ ինքնուս ու ինքնակոչ գյուտարարները, եւ չնայած Հայոց Ազգային Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսն իր ողջ գիտակցական կյանքում Մարտունու շրջանի իրենց եւ հարեւան գյուղերի ինքնուս ու ժողովրդական բանաստեղծների եւ առանձնապես իր համագյուղացի աշուղ Գերասիմի քերթվածքներն էր բերանացի արտասանում՝ չտեսնված ուրախություն պարգեւելով ինքը իրեն ու բոլորիս, այդուհանդերձ, Հայոց Ազգային Նախախորհրդարանի էդ բարձր ամբիոնը գրաված էդ ժողովրդական ու թոշակառու բանաստեղծներն ամենից ավելի հենց Սաֆարյան Չաղ Ֆելոյի նյարդերի վրա էին ազդում, եւ չնայած սկզբնական շրջանում Չաղն ինքն էր էդ բարձր ամբիոնը տրամադրել նրանց, վերջում արդեն ի վիճակի չէր էդ նույն ամբիոնից նրանց հեռացնել, որովհետեւ էդ օրերին ժողովրդական բանաստեղծներն էնքան էին շատացել, որ երբ նրանցից մեկին ուժի զոռով ամբիոնից իջեցնում էր, անմիջապես մյուսն էր ամբիոն բարձրանում ու նախորդի տեղը գրավում, եւ նույնը պիտի ինքնուս ու ինքնակոչ գյուտարարների առումով ասեմ, եւ քանի որ Խաչիկ Ստամբոլցյանն ու ընկերներն ատոմակայանի ու «Նաիրիտի» հարցը դեռեւս օրակարգից չէին հանել, էդ օրերին ինքնակոչ գյուտարարների պակաս չէր զգացվում, եւ սրանք հիմնականում արեւից էին փորձում էներգիա ստանալ, եւ չնայած էդ ինքնակոչներից ոմանք արդեն հաջողացրել էին արեւից ստացած էդ, ուրեմն, էներգիան շահագործման ենթարկել, այդուհանդերձ, էդ գյուտարարներին լայաղ չէին անում լսել եւ Գիտությունների ակադեմիայից, Գերագույն խորհուրդից ու ամեն տեղից վռնդում էին, եւ միակ տեղը Ֆելոյի Նախախորհրդարանն էր, որտեղ էդ գյուտարարնեին ոչ միայն ուշադիր լսում, այլեւ խաչաձեւ հարցեր էլ էին տալիս, եւ նմանապես ինքնուս ու թոշակառու բանաստեղծների համար էր Ֆելոյի Նախախորհրդարանը սպեղանի ու սփոփանքի վայր, որովհետեւ ինքնուս ու թոշակառու բանաստեղծների դեմ էլ Գրողների միության ու խմբագրությունների դռներն էին մշտապես փակ, բայց ժողովրդական բանաստեղծների ու ժողովրդական գյուտարարների էդ երանելի վիճակը շատ երկար չտեւեց, որովհետեւ շուտով Ֆելոյի երկու տեղակալներն էլ հոգնեցին նրանցից ու Նախախորհրդարանից, եւ Նախախորհրդարանը՝ ինչպես որ բնական ձեւով առաջացել էր, նույնքան բնական էլ դադարեց գոյություն ունենալ, իսկ ավելի ստույգ՝ Նախախորհրդարանը դադարեց գոյություն ունենալ էն պահից ի վեր՝ երբ Գորգիսյան Մովսեսն ու քաղաքական այլ առաջամարտիկներ դադարեցին այցելել Նախախորհրդարանի նիստերին, եւ հիմա, երբ Մովսես Գորգիսյանին վերստին հիշեցի ու հիշատակեցի, զարմանքով մտածում եմ, որ չնայած արդեն տասնչորսերորդ գիրքս եմ սկսել, նոր-նոր եմ միայն Մոսոյին անդրադառնում, եւ նմանապես Սաֆարյան Չաղ Ֆելոյին նախորդ հատորներիս մեջ ոչ մի անգամ չէի անդրադարձել ու նմանապես էսքան ուշացումով եմ անդրադառնում, մինչդեռ պակաս կարեւոր եւ նույնիսկ անկարեւոր լիքը մարդկանց եմ շատ անգամներ անդրադարձել, բայց ես Ֆելոյի ու Մոսոյի առումով իմ արդարացումն ունեմ, եւ արդարացումս էն է, որ ես էս վեպիս սկզբից կյանքս պատմելով՝ ընդամենը հասել եմ անցյալ դարի յոթանասունութ թվական, ու էդ ժամանակ Շառոյան Ռոլանդի հետ «Ծիծեռնակ» մանկական ամսագրում էինք աշխատում, եւ չնայած էդ թվերին ազատ մամուլ ու մանավանդ ազատ մանկական ամսագիր չկար, էդ թերթերի ու ամսագրերի խմբագրություններում բավական հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ էին տեղի ունենում, եւ չնայած էդ հետաքրքիր դեպքերն ու իրադարձություններն էդ թերթերի ու էդ ամսագրերի մեջ չէին տպագրվում, մեր ու հատկապես իմ հիշողության մեջ տպվել ու մնացել են, եւ չնայած էդ թվերի մեր թերթերն ու մեր ամսագրերը մեր ապրած կյանքին համարյա չէին անդրադառնում, մեր կյանքում էլ էին հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ պատահում ու տեղի ունենում, եւ անցյալ դարի յոթանասունութ թվականին «Ծիծեռնակի» խմբագրատանը տեղի ունեցած Վիլյամ Սարոյանի ու «Ծիծեռնակի» մանուկ ընթերցողների հանդիպումը, որին նախորդ հատորիս մեջ անդրադարձա, էդ հետաքրքիր ու բովանդակալից իրադարձություններից մեկն էր, եւ Սարոյանի ու մանուկ ընթերցողների հանդիպման մանրամասների մեջ շատ չխորացա՝ ոչ միայն էն պատճառով, որ Սարոյանի ու երեխաների հանդիպման ամբողջ ընթացքում Նանսենի ու մյուսների հետ միջանցքում էի, այլեւ էն պատճառով, որ Սարոյանի ու «Ծիծեռնակի» ընթերցողների էդ հանդիպման մասին հաջորդ օրը գրեթե բոլոր թերթերը գրեցին, ընդ որում՝ ամենայն մանրամասնությամբ, որովհետեւ «Արմենպրեսի» Վանիկ Սանթրյանն էդ հանդիպմանը ներկա էր եւ ամենայն մանրամասնությամբ բոլոր թերթերին հաղորդում էր տվել, ու էդ հանդիպման մանրամասների մասին ինքս էլ եմ հաջորդ օրվա թերթերից իմացել, որովհետեւ Սարոյանի ու «Ծիծեռնակի» ընթերցողների հանդիպման ամբողջ ընթացքում միջանցքում Նանսենի, Սեյրանի, Հրանտ Մաթեւոսյանի, Ավագյան Ռաֆիկի, Համալսարանի Խորենի ու մյուսների հետ էի, ու էն ամենը՝ որ էդ օրվա մասին գրել եմ, տեղի ունեցավ նույն էդ խմբագրության գլխավոր խմբագրի չափազանց նեղլիկ կաբինետում, երբ «Ծիծեռնակի» ընթերցողներն արդեն գնացել էին, եւ հսկա Սարոյանը «Ծիծեռնակի» գլխավոր խմբագիր Ժենյա Ղուկասովնա Մադոյանի նեղլիկ կաբինետում հայ գրողների ու մտավորականների հետ մենակ էր մնացել, եւ Սարոյանի ու մերոնց էդ բոլոր խոսակցությունները, որ ձեզ համար գրի առա, «Արմենպրեսի» Սանթրյան Վանիկի հաջորդ օրվա հաղորդագրություններում չեք հանդիպի, ու էդ հիշածներիս ու գրածներիս ամբողջ կարեւորությունը կայանում է նրանում, որ Սարոյանի ու մերոնց էդ խոսակցություններն էդ մանրամասնությամբ դուք միայն էս վեպս կարդալով կարող եք իմանալ. այսինքն, ուզում եմ ասել, որ էն ժամանակներում էլ մեր կյանքը հետաքրքիր դեպքերից ու իրադարձություններից զուրկ չէր, եւ էն ժամանակվա կյանքում էլ էին հետաքրքիր ու հիշարժան դեպքեր ու իրադարձություններ տեղի ունենում, եւ եթե էն ժամանակվա ամենահետաքրքիր ու ամենաբովանդակալից իրադարձությունները հեռուստատեսությամբ ու լրատվամիջոցներով չէին սփռվում ու լուսաբանվում, դրա պատճառն ամենեւին էլ էն չէր, որ Շամշյան Գագոն դեռեւս չէր ծնվել ու լույսաշխարհ չէր եկել, այլ ընդամենը էն, որ էն ժամանակվա լրատվամիջոցների միսիան էն ժամանակվա դեպքերն ու իրադարձությունն ապրողներիցս թաքցնելն էր, եւ հիմա, երբ հիշելով փորձում եմ փուլ առ փուլ վերականգնել կյանքիս հետաքրքիր ու բովանդակալից դրվագներն ու իրադարձությունները, պարզվում է, որ կյանքիս բոլոր էտապներում էլ հետաքրքիր ու հիշարժան իրադարձություններ են տեղի ունեցել, եւ եթե էն ժամանակվա մամուլն ու հեռուստատեսությունն էն ժամանակվա իրադարձություններին չէին անդրադառնում, էդ բնավ չի նշանակում թե վաթսունականների գվարդիականների ճակատամարտերը պակաս երեւելի ու հիշարժան են, քան Տեցի կռուգինն ու էսօրվա մյուսները, որոնք Շամշյանն ու ընդդիմադիր լրատվամիջոցներն ավելի մանրամասն ու հանգանալից են նկարագրում, քան Եղիշեն՝ Ավարայրի ճակատամարտը, եւ որ էս վեպիս մեջ կյանքիս առաջին փուլերին ու գվարդիականների էդ ահավոր ճակատամարտերին դեռեւս չեմ անդրադարձել, դրա պատճառն էն է, որ ես էս վեպս սկսելով՝ սկզբում չէի էլ ենթադրում, որ էս սկսածս երբեւէ վերջ չի ունենալու. այսինքն, ես էս վեպիս սկզբներում մանկությանս ու պատանեկությանս տարիներին թեթեւակի ու մակերեսորեն անդրադառնալով՝ միանգամից անցում կատարեցի բանակիս տարիներին, ավելի ճիշտ՝ բանակիս մի տարվան, եւ երբ բանակիս կյանքից էի գրում, ինձ թվում էր՝ Շվեյկի պատմության կամ Ադալյան Նորիկի «Խաղաղ զորանոցների» պես բանակային կյանքից ընդամենը միհատորանոց վեպ եմ գրում, բայց բանակիս կյանքը բավական մանրամասն վերհիշելով ու վերարտադրելով՝ աստիճանաբար հասկացա, որ, բարեբախտաբար, իմ կյանքն էդ մի տարով չի ավարտվում ու սահմանափակվում, եւ երբ էդ բանն արդեն հասկացել էի, «Առավոտի» ու անձամբ Արամի առաջարկը եղավ, եւ բանակիս էդ մի տարին «Առավոտի» շաբաթօրյա համարներում բավական մանրամասն նկարագրելուց հետո վերջնականապես հասկացա, որ, բարեբախտաբար, իմ կյանքն էդ մի տարով չի ավարտվել ու սահմանափակվել, եւ շատ շուտով նաեւ պարզ դարձավ, որ էս վեպս էլ բանակիս էդ մի տարով չպիտի ավարտվի ու սահմանափակվի, եւ, բարեբախտաբար, էդ հարցում իմ ու Արամի կարծիքները համընկան. այսինքն, քանի որ իմ կյանքը բանակիս էդ մի տարով չավարտվեց ու շարունակվեց, վեպս էլ չպիտի ավարտվեր ու պիտի շարունակվեր, եւ էս բաներն ասում եմ հիմնականում նրանց համար, ովքեր կարծում են թե՝ արհեստականորեն եմ էս վեպս ձգձգում ու շարունակում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան էն կարծիքին է, որ ցանկացած վեպ ավարտելն ավելի արհեստական գործողություն է, քան՝ էդ վեպը շարունակելը, բայց նույնը չի կարելի ասել պատմվածքների ու վիպակների վերաբերյալ, որովհետեւ եթե պատմվածքը երկարելով վիպակ է դառնում, վիպակն էլ, բնականաբար, երկարելու ու շարունակվելու դեպքում դառնում է վեպ, մինչդեռ վեպն ինչքան էլ երկարի՝ վեպ է մնում ու այլ բան չի դառնում, եւ, վատագույն դեպքում, էս վեպիս պես շարունակվելով ու չվերջանալով՝ անավարտ է մնում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031