Մարզահամերգային համալիրում Տերունական աղոթքով մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը: Այն ընթերցեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ժամանել էր բոլոր նախարարների ուղեկցությամբ: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանին ուղեկցող շքախմբում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Հայտնի է, որ ՀՀԿ համագումարին հրավիրված չեն «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը: Լրագրողները ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչու այս երկու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները չեն հրավիրվել համագումարին: Նա պարզաբանեց, որ ՀՀԿ-ն երբեք էլ չի հրավիրել «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին, եւ չի կարծում, թե հիմա էլ արտառոց բան կա, որ չեն հրավիրել: Դիտարկմանը՝ բայց «Ժառանգությունը» հրավիրել էր ՀՀԿ-ին իր համագումարին՝ պրն Շարմազանովը հակադարձեց. «Լավ են արել: Մենք ամենաազդեցիկն ենք: Առանց մեզ Հայաստանի Հանրապետությունում որեւէ քաղաքական իրադարձություն չի կարող լինել, իսկ առանց որոշ ուժերի՝ կարող է լինել: Օրակարգ ձեւավորողը Հայաստանում ՀՀԿ-ն է: Եվ առաջիկա հինգ տարիներին էլ այդպես է լինելու»:
Aravot.am-ի հարցին, թե դատելով հրավիրյալ կուսակցություններից՝ կարելի՞ է եզրակացություն անել ՀՀԿ նախասիրությունների մասին, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «ՀՀԿ-ն քաղաքական դաշտում առաջնորդվում է քաղաքական արժեքային համակարգով, ոչ թե նախասիրություններով: Նախասիրություններն այլ ոլորտի համար են»:
Կարդացեք նաև
Նշենք նաեւ, որ լրագրողների համար ՀՀԿ համագումարում ստեղծված աշխատանքային պայմաններն այնքան էլ հարմար չեն: Մամուլի ներկայացուցիչները համագումարը պետք է լուսաբանեն 7-րդ հարկում տեղադրված մոնիտորներով հետեւելով դահլիճում կատարվողին: Էդուարդ Շարմազանովն այս առնչությամբ լրագրողների բողոքին ի պատասխան ասաց, որ դա իր մտահղացումն է, եւ կարծում է, որ այդպես աշխատելն ավելի հարմար կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ