Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ապրենք ոչ թե «հասկացողություններով», այլ օրենքներով

Մարտ 10,2012 10:37

Փետրվարի 10-ից մենք ականատես ենք «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության շուրջ միավորված բնապահպանների խմբի և Երևանի քաղաքապետարանի միջև հակամարտությանը: Բնապահպանների և քաղաքապետարանի ղեկավարության միջև հակամարտության առիթը Աբովյան փողոցի առևտրային կրպակները Մաշտոց-Կողբացու հատվածի ճեմուղի տեղափոխելու մասին որոշումն է:

Ցուցարարների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքապետի հետ: Իմ կարծիքով, սկզբում, քաղաքապետը չհասկացավ էլ, թե որն է խնդիրը: Թվում է, թե բարի գործ արեց. վերջապես մաքրեց քաղաքի կենտրոնական փողոցը՝ կարելի է ասել, քաղաքի դեմքը հանդիսացող Աբովյան փողոցը ուղիղ գազոնների վրա տեղակայված առևտրային տաղավարների կույտերից: Իսկ մարդիկ դժգոհ են:

Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ այլևս չեն կարող համակերպվել քաղաքաշինական կամայականության, քաղաքաշինական նորմերի և օրենքների զանգվածային խախտումների հետ, որոնք վերջին քսան տարիների ընթացքում անպակաս են Երևանից: Քաղաքը կորցրել է իր դեմքը՝ ի դեմս մեծ ու փոքր բազմաթիվ կրպակների, օժանդակ կցակառույցների, վերնաշենքերի և տների ֆունդամենտների փորվածքների: Քաղաքի կենտրոնում կանաչ գոտիները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են, բակերի մեծամասնությունը կառուցապատված է: Խորհրդային ժամանակաշրջանում մեծ ջանքերի գնով  Երևանում մեկ անձին բաժին ընկնող կանաչ գոտիները հասցվեցին 15 ք.մ-ի  31 ք.մ նորմի դեպքում: Ըստ որոշ տվյալների՝ այժմ դրանք մեկ անձի համար կազմում են 2.2 ք.մ և շարունակվում են կրճատվել:

Երիտասարդները չէին եկել քաղաքապետից ողորմություն խնդրելու, նրանք պահանջում էին վերջինիցս հետևել գործող օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերին: Երիտասարդ հանրապետական քաղաքապետը, ինչպես երևում է, լիովին պատրաստ չի եղել իրավական հարթության մեջ տարվող խոսակցությանը՝ սառնասրտորեն ասելով՝ «ինձ հետ օրենքից չխոսեք»: Ըստ երևույթին, մինչ այս նա նման դեպքերի դեռ չէր առնչվել: Այնուհետև բնապահպանները նամակ գրեցին քաղաքապետին, որտեղ, ըստ իս, իրավական հարթության մեջ համոզիչ կերպով նկարագրել էին իրենց առարկությունների էությունը, նշել էին այն օրենքներն ու կառավարության որոշումները, որոնք խախտվել էին քաղաքապետարանի կողմից՝ պուրակում շինարարությունը թույլատրելով (https://www.aravot.am/2012/02/20/40267/): Նրանք պահանջում  էին դադարեցնել շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված տաղավարները: Այս պահանջներին ես կավելացնեի նաև գործող օրենքները, քաղաքաշինական նորմերը խախտող մեղավոր չինովնիկներին պատժելու պահանջը, որոնք Աբովյան փողոցում նշված տաղավարները կառուցելու որոշման թույլտվություն են տվել: Սա կնպաստեր հետագայում նման խախտումների կանխմանը:

Հանրապետությունում բնապահպանական օրենսդրության զանգվածային խախտումների համատեքստում քաղաքի կենտրոնի պուրակում մի քանի տաղավարների տեղադրումը ինչ-որ մեկին կարող է անմեղ չարաճճիություն թվալ: Սակայն եկան ուսյալ երիտասարդների նոր սերունդ, քաղաքացիական ինքնագիտակցությամբ մարդիկ, որոնք այլևս չեն ուզում համակերպվել կամայականության հետ, այն կամայականության, որը վնասում է քաղաքի և առհասարակ հանրապետության քաղաքացու իրավունքները: Համացանցի, սոցիալական ցանցերի շնորհիվ երիտասարդները ինքնակազմակերպվեցին և սկսեցին ակտիվորեն հանդես գալ ընդդեմ կամայականության, որը նախևառաջ կապված էր շրջակա միջավայրի աղտոտվածության հետ:

Իսկ սա դիտվում է որպես բնապահպանության նախարարության անգործություն, որն իրականում կոչված է ապահովելու շրջակա միջավայրի մաքրությունը:

Շարժման  վերջին նշանակալից հաջողությունը, երբ հնարավոր դարձավ պահպանել բնության հուշարձան Թռչկանի ջրվեժի անվտանգությունը (ոգեշնչեց բնապահպաններին՝ իշխանության գործողությունները վերահսկելու նպատակով հետագա քաղաքացիական գործունեության ծավալման տեսանկյունից:

Կարծիքներ կան, թե իբրև բնապահպանները թողել են Թեղուտում երկաթ  և մոլիբդեն արդյունահանելու նախապատրաստման աշխատանքների դադարեցման դեմ պայքարը և զբաղվում են մանր-մունր հարցերով: Իրոք, Թեղուտում՝ այդ բարեբեր շրջանում, իշխանությունների կողմից պատրաստվում է բնապահպանական աղետ, որը ծանր հետևանքներ է ունենալու (այդ թվում նաև ֆինանսական) ինչպես տվյալ տարածքի, այնպես էլ ողջ Հայաստանի համար: Սակայն կարծում եմ, որ երիտասարդների էներգիան կբավարարի այս բոլոր խնդիրներին: Միայն Թեղուտի պաշտպանության խմբում հաշվվում է շուրջ 3000 մարդ:

Իշխանության և իշխանական շրջանակների կողմից երբեմն կարելի է մեղադրանքներ լսել երիտասարդ բնապահպանների հասցեին, թե նրանք ֆինանսավորվում են արտերկրից, դրսից դրամաշնորհներ են ստանում և դրանք օգտագործելով՝ կործանարար աշխատանք են տանում հանրապետությունում արդյունաբերության զարգացումը կանխելու համար: Նախևառաջ, շարժման մասնակիցների ճնշող մեծամասնությունը ոչ մի դրամաշնորհ չի ստանում և գործում է բացառապես խղճի դրդրմամբ: Իսկ եթե կան մասնակիցներ, որ միջազգային կազմակերպություններից փոքր գումարներ են ստանում, ապա զուտ այն պատճառով, որ մեր հարուստները դեռ չեն հասունացել իշխանության նկատմամբ վերահսկողության և ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակության կայացման հարցերում հասարակական կազմակերպությունների աշխատանքի կարևորությունը հասկանալու համար: Իսկ ահա ընտրություններից առաջ ածուխ, կարտոֆիլ և փող բաժանել՝ խնդրե՜մ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների ստացած տարեկան ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլարը, որևէ համեմատության մեջ չի կարող մտնել այն գումարների հետ, որ արտերկրից ստանում են մեր կառավարությունն ու Կենտրոնական բանկը դրամաշնորհների և վարկերի տեսքով՝ տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար: Նրանց պարտքը արտերկրի դոնորներին արդեն հասել է 4 միլիարդ դոլարի: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ նախևառաջ կառավարությունն է պարում արտերկի դուդուկի տակ՝ ի վնաս երկրի զարգացմանը:

2012 թվականի փետրվարի 28-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մաշտոց-Կողբացի հատվածի ճեմուղում առևտրային տաղավարների շինարարության թեմային: Նա հայտարարեց, որ երկրի նախագահից հաձնարարական է ստացել՝ զբաղվելու այդ հարցերով և իր անձնական բացասական կարծիքն արտահայտեց կանաչ տարածքներում անընդմեջ շինարարական օբյեկտներ կառուցելու հարցի շուրջ: Եվ այստեղ միանգամից հարց է ծագում. «իսկ ի՞նչ կապ ունեն նախագահն ու վարչապետը»: Չէ՞ որ կան այս հարցը կարգավորող օրենքներ և կառավության  որոշումներ, և քաղաքապետը պարտավոր է ուղղակի հետևել դրանց: Եվ վերջ: Նախագահն ու վարչապետն ունեն սահմանադրորեն ամրագրված իրենց գործառույթները և քաղաքում առևտրային տաղավարների տեղափոխման հարցը դրանց մեջ չի մտնում: Այլ բան է, եթե նախագահը՝ որպես սահմանադրության երաշխավոր և ուժային բլոկի ղեկավար ժամանակին հոգ տաներ Աբովյան փողոցում առևտրային տաղավարների շինարարության համար իրավական հիմքերով թույլտվություն տալու մասին և դատախազությանը հանձարարեր զբաղվել այս հարցերով:

Որպես վերջաբան ուզում եմ հույս հայտնել, որ մեր չինովնիկները, ի վերջո, կսկսեն առաջնորդվել ոչ թե տարբեր տիպի «հասկացողություններով», չգրված օրենքներով  , այլ՝ օրենքով: Եվ այստեղ մեծ է մեզ մոտ ծնունդ առնող քաղաքացիական հասարակության դերը:

Նիկիտա Զարոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031