Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, որի մասին վերջին օրերին այնքան է խոսվում, գրվում ու քննարկվում, կարծես այդ համագումարն ինչ-որ բան է փոխելու Հայաստանի կյանքում: Իրականում այսօր կայանալու է իշխանական կուսակցության հերթական ճոխ ու մեծ համագումարը, որտեղ հնչելու են ելույթներ այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն իր վրա կրում «իշխանության ծանր բեռը» եւ որքան «պատվով է կատարում իր առջեւ դրված առաքելությունը»: Այդ ելույթները, հոտընկայս ծափահարություններն ու հուզախառն ողջույնի խոսքերը հեռուստատեսությամբ կցուցադրվեն առաջիկա մի քանի օրերին, գուցե շաբաթներին: ՀՀԿ-ն համագումարից հետո «կընտրի» Գործադիր մարմնի նոր կազմ, որը վաղուց արդեն հայտնի է: Մի խոսքով, ամեն ինչ, ինչպես հին, խորհրդային ժամանակներում, որոնք ՀՀԿ այսօրվա համագումարի մասնակիցներից շատերը հավանաբար հիշում են անհուն կարոտով: Ի դեպ, շատ խորհրդանշական է Մարզահամերգային համալիրի դիմաց փակցված մեծատառ պաստառը` «ՀՀԿ 13-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ»: Ոչ միայն եւ ոչ այնքան 13 թվի սնոտիապաշտական ընկալման առումով: Խորհրդային տարիներին նույն կերպ ազդարարվում էին Կենտկոմի համագումարներն ու պլենումները, իսկ մեր ժամանակներում` զվարճալի կամ թատերականացված միջոցառումները:
«168 ժամ»