Այսօր Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամները եկել էին Գյումրի` այս քաղաքի բնակիչներին ևս հասկացնելու, որ Հայաստանի փրկության միակ ելքը` ազգովի համախմբվելն ու ապօրինությունների դեմ պայքարելն է:
Այդ խմբի անդամներից մեկը` Արթուր Գրիգորյանը, այսպես սկսեց իր խոսքը.«Ես ուզում եմ շեշտադրել, որ մեր կռիվը ծառի ու թփի կռիվ չէ, մեզ դրանում մեղադրում են, որ դուք մարդուն թողել եք մի կողմ, մարդը էսքան սոցիալական ծանր պայմանների մեջ, դուք եկել եք ինչ-որ ծառ ու թուփ եք ասում: Սա վերջին հաշվով ևս մարդու համար է, դու, հարցերը որ բարձրացնում ես, միայն անտառի հարց չես բարձրացնում , այլ բնական պաշարների ռացիոնալ ու արդարացի շահագործման հարցը, օրինակ, հանքարդյունաբերությունը, եթե դու քո բնական պաշարները շահագործում ես, 20 տոկոսը մտնում է պետական բյուջե, 80 տոկոսը մտնում է մասնավորի գրպանը: Ընդ որում 80-ը տոկոսը լրիվ իրենց ցույց տված թվերով, իրականում ստվերը, տնտեսագետների պնդմամբ, 4-5 անգամ գերազանցում է իրենց ցույց տված թվերը, իսկ դա ուղղակիորեն ազդում է էկոլոգիայի վրա: Ինչքա՞ն հնարավոր է հանքահումքը տանեն դուրս վաճառեն, 80 տոկոս դնեն իրենց ջեբը, մնացած 20 տոկոսն էլ ոնց որ որպես թուլափայ շպրտեն ժողովրդին»:
Մեկ այլ բնապահապան էլ` լուսանկարիչ Եղիա Ներսիսյանը, հավելեց. «Մենք պետք է կառուցենք այն Հայաստանը, որը, ինչպես Մովսես Գեորգիսյանն էր ասում` երանի այն Հայաստանը, որը վաղն է գալու: Մենք կարող ենք կառուցել: Մենք պիտի փոխենք, մենք պիտի անենք, կառավարությունն ու իշխանությունը ոչ մի բան չեն անում: 2006-ին մի անգամ Գյումրիում եմ եղել, հիմա էլ ման եկա` վիճակը ավելի վատ տեսա ` մի քանի արձաններ, ինչ-որ էլիտար հյուրանոցներ, ինչ-որ X էլիտար վիճակներ է զարգանում մեր Հայաստանով մեկ, երբ ժողովրդին կտրում են ամեն ինչից և սոցիալականով են ճնշում , և մշակույթից են կտրում: Գյումրիի նման մշակութային քաղաքը իրավունք չունի էս օրը հայտնվի»:
Բնապահպաններից մեկը, որ առաջին անգամ էր Գյումրիում, շրջելով քաղաքում, ապշել էր քաղաքի ողբալի վիճակից` բնակիչների անմարդկային կյանքից, փտած դոմիկներից, հետևաբար և բնապահպանները հարց էին բարձրացնում` ի՞նչ կլիներ, որ հանքերից ստացված եկամուտը մասնավորի գրպանը դնելու փոխարեն, Գյումրիում մի գործարան հիմնեին, հանքահումք արտադրեին ու մարդկանց էլ նորմալ վարձատրեին, սովից փրկեին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ