«Մեր երաժշտությունը, հեռուստատեսությունն ու կինոն ողորմելի վիճակում են»,- « Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասում է երգահան Լիլիթ Պիպոյանը` ընդունելով, որ շնորհալի մարդիկ այդ ասպարեզում չնչին տոկոս են կազմում: Պիպոյանն այն եզակի երգչուհիներից է, ով մեծ տեղ է տալիս մտքի ու խոսքի ազատությանը: Ըստ նրա` խորհրդային շրջանից առայսօր մշակութային քաղաքականության մեջ համարյա ոչինչ չի փոխվել «Խոսք չկա, ազդեցիկ խոսք ու խիզախ մարդիկ չկան : Նախ պետք է լինի ազատություն, հետո շնորհ ու տաղանդ, որ ազատությունը վերածի խոսքի: Զգուշավորություն կա, վախեցած ու կծկված վիճակ է»,-ասում է նա: Իսկ ահա արվեստի ոլորտում` հատկապես կերպարվեստում, ինչպես կարծում է երգչուհին, տեղաշարժներ են նկատվում. « Կերպարվեստում մարդիկ` հատկապես կանայք, շատ ավելի ակտիվ ու ազատ են, քան առաջ, որովհետև նրանք մենակ են աշխատում, հետևաբար ավելի ազատ են, իսկ կոլեկտիվ աշխատանքի պարագայում, օրինակ՝ հեռուստատեսությունում սարսափելի է»: Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ դժգոհում է` երգարվեստի ոլորտում ընդամենը մեկ օրենսդրական փոփոխություն է կատարվել, ըստ որի, համերգների ընթացքում պետք է միայն կենդանի ձայնով երգել: Ինչպես ինքն է ասում, համերգները քչացան, իսկ տեսահոլովակները շատացան, որոնք այնքան էլ որակով չեն: «Եսնյարդայնանում եմ, երբ քայլում եմ փողոցով ու բայաթիներ եմ լսում: Մտքով գնում եմ դիրքեր, պատկերացնում եմ զինվորին, ով սահմանին նույնպես լսում է այդ կլկլոցը: Այնինչ մենք պետք է մաքրամաքուր պահենք մեր արվեստը»: Իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության ընդունած որոշմանը, ըստ որի Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին`երգչուհին խոստովանում է. «Ամեն տարի երդվում եմ, որ էլ չեմ խոսելու այդ թեմայով, բայց արդեն 5 տարի ա դատապարտվածի պես նայում եմ մրցույթը, որովհետև մերոնք են գնում: Երեկ «Դորիանսի» համերգին էի գնացել և ամեն վայրկյան Աստծուն փառք էի տալիս, որ այդ խմբի երեխեքը չգնացին»: Շուշան Պետրոսյանը իր խոսքով դիմեց նաև բոլոր բողոքողներին, ովքեր դեմ են այդ որոշմանը. «Ինձ շատ հետաքրքիր է ամպագոռգոռ կուրծք ծեծողները իրենց եղբորը, սիրած տղային կամ ամուսնուն կուղարկեին Բաքու»:
Նազենի Բաղդասարյան