Այսօր մի քանի բնապահապան ակտիվիստներ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Նրանից մեկը` Մարիամ Սուխուդյանը, տեղեկացրեց, որ օր ու ժամ են դրել իշխանությունների գլխին. եթե մինչև երեքշաբթի Մաշտոցի պուրակը ապօրինի կրպակներից չձերբազատվի, ապա բնապահպանները շուրջօրյա նստացույց կսկսեն ու իրենց սեփական ուժերով դրանք կապամոնտաժեն: Aravot.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս իրենց կպահեն ոստիկանները` բնպահպանների վրա կհարձակվե՞ն, թե՞ ձեռքերը ծալած կնստեն` հոգով բողոքավորների հետ լինելով, ակտիվիստներից մեկը` Եղիա Ներսիսյանն ասաց. «Ես հավատում եմ, որ ցանկացած մարդու մեջ առաջինը պետք է մարդը արթնացնել, անկախ նրանից, թե ինքը ինչ համազգեստ է կրում: Եվ փորձը ցույց տվեց, իմ ընկերները վկա են, էնտեղ ով եղել է, վկա է, որ մենք ոստիկանին համենայնդեպս չենք մոտենում թշնամաբար, առաջին հերթին նրա մեջ գտնում ես մարդը, հայը: Եվ էնտեղ լիքը ոստիկաններ կան, որ այսօր ասում են` երբ ձեր Թեղուտի պայքարը սկսվի՝մենք մեր համազգեստը հանելու ենք, գանք ձեր հետ պայքարենք»:
Եղիա Ներսիսյանը առավել քան վստահ է, որ բնապահպանների կողմից առևտրային կրպակների ապամոնտաժման դեպքում էլ ոստիկաններն իրենց չեն նեղի: «Երբ մենք գնանք ագրեսիվ քայլի, վստահ եմ, որ իրենք մեզ վնաս չեն հասցնի, կարող է գան, որովհետև մենք բիզնեսային շահն ենք ջարդում, թեև մենք չենք ջարդելու, պատրաստ ենք վարպետներ բերել մեր ընկերներից, ովքեր կհասկանան, թե եվրոստանները կոնկրետ ոնց են քանդում և քանդեն, և ես վստահ եմ, որ ոստիկանները մեզ ոչ մի վնաս չեն հասցնի, ընդհակառակը միգուցե նրանցից միջից մի քանի ոստիկան գան, մեզ օգնեն, որ դա հանենք: Ես վստահ եմ, որ էդտեղ կանգնած ոստիկանների մեծամասնությունը բացարձակ հասկանում է խնդիրը, որովհետև ինքն էլ է ապրում էդտեղ, ինքն էլ է ուզում, որ այգին լինի, և ինքն էլ հասկանում է , որ մենակ այգու խնդիրը չէ, ազգային գիտակցություն է` մարդ տեր է կանգնում իր երկրին, մարդ, որը չի ձգտում ոչ իշխանության, ոչ փողի, իր երկիրն է` ուզում է նորմալ ապրի իր երկրում, մի գրոհի իմ իրավունքը` էդքան բան»,- ասաց ակտիվիստը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև