Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գալանտ» մակնիշի 24 ՏԼ 610 համարանիշի ավտոմեքենան Երևան–Սեւան ավտոճանապարհի 41-րդ կմ–ի հատվածում բախվել է «Օպել Օմեգա» մակնիշի 10 ԼՍ 038 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր կողաշրջվելով՝ բախվել ճամփեզրի հաստաբուն ծառին։
Վթարից հետո «Միցուբիշի Գալանտ»–ի վարորդին ու ուղևորին դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սամվել Հովհաննիսյանի և 3-րդ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ և վթարի վայրում գտնվող քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Ղումաշյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Հրազդանի ոստիկանության տուգանային հրապարակ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավոր անձանց և վարորդների ինքնությունը։