Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Լամբադա» կամրջի սկզբնամասում, իրար են բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 21 ՕԼ 631 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 35 ՍP 555 համարանիշի և «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 30 ՏՍ 835 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Ֆոլցվագեն»–ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի մեջտեղում գտնվող բաժանարար հատվածի վրա։ Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, սակայն ՃՈ աշխատակիցները 1 ժամից ավել է չեն ժամանում վթարի վայր, ինչն էլ պատճառ է դարձել հսկայական խցանման։
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի ենթարկվածները հարսանիքի մասնակիցներ էին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Կատարվածի մասին արդեն տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժին և վթարի վայր է ժամանում ՃՈ հետաքննիչը։