«1990 թվականից հետո երկիրը շողուլից ընկավ»,- այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը և այդ իրավիճակի մեղքը բարդեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Նա ավելի բորբոքվելով նշեց. «1990-ին Աստված մեզ տվեց Լևոն Տեր-Պետրոսյան, որը իր ընկերների հետ իրականացրեց տնտեսական խոշոր հանցագործություն: Այդ քաղաքականության պատճառով է, որ այսօր «Նաիրիտը» դարձել է պինգ-պոնգի գնդակ` ձեռքից ձեռք է անցնում: Ու ներկայումս ՀՀՇ-ն չգիտես ինչ է իր վրա գցել ու ամոթաբար անմեղսունակ է ձևանում»:
Ընկեր Թովմասյանի արտահայտած բոլոր գաղափարները պտտվում էին կոմունիստական գաղափարախոսության կատարելության, Խորհրդային Միության տարիների ձեռքբերումների շուրջ: Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք դա կարոտա՞խտ չէ և արդյոք ժամանա՞կը չէ իրենց գաղափարախոսությանը նոր շունչ հաղորդել, որպեսզի հետաքրքրի հասարակությանը: Ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Հայրենիքին, մորը կարոտելու մասին խոսելիս ճիշտ չէ կարոտ և ախտ բառերը դնել իրար կողքի»:
Կոմունիստական կուսակցությունը հաստատ մասնակցելու է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն ընտրագրավի` 8 միլիոն դրամի հայթայթման կապակցությամբ ունեն լուրջ խնդիրներ: Ռ. Թովմասյանը նեղսրտեց. «Միայն այս ոլորտում գների բարձրացում չկար, այն էլ դա էլ եղավ: Թե 2.5 միլիոնը որտեղից դարձավ 8 միլիոն, չգիտեմ: Ռուսաստանի մեր ընկերները մեզ երբեք էլ չեն օգնել, մենք ենք մեր 45 շրջանային կոմիտեներից հանգանակության միջոցով փորձում այդ գումարը հավաքել: Դեռ չի հավաքվել, բայց եթե այդպես էլ չհավաքվի, միևնույն է, անձնական միջոցներից էլ ենք հատկացնելու ու մասնակցելու ընտրություններին»: Սոցիոլոգիական հարցումներին ընկեր Թովմասյանը լուրջ չի վերաբերում, որոշ հայտնի սոցիոլոգների մասին էլ ասում է, թե մազերը երկարացնում են` իբրև խելոք են: Միայն հավատում է «Ժամանակի միտք» թերթի կատարած հարցումներին` որոնց արդյունքում իրենք ընտրություններից հետո խորհրդարանում հայտնվող 6-րդ ուժն են: Առաջին 3-ը ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն են:
Ընտրություններին, ըստ Ռ. Թովմասյանի, իրենք մասնակցելու են միայնակ, մնացած հստակեցումները կմտցվեն առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի ունենալիք Կենտրոնական կոմիտեի պլենումում: Իսկ ՀԿԿ-ն ընտրարշավին կմասնակցի հետևյալ կարգախոսով. «Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ միասին, քանդեցին ժողովրդավարները բարգավաճ երկրի հետ միասին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ