Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում ապրել եմ 3 տարի, բայց հոգիս հրեական է

Մարտ 09,2012 13:35

Կանանց միջազգային օրվա նախօրեին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես եկավ ազգությամբ հրեա, ծնունդով Ռիգայից, 1974 թվականից գերմանաբնակ հանրահայտ թավջութակահար Ռամոն Յաֆֆեն: Նրա արվեստին ծանոթ հայաստանցի որոշ արվեստագետներ «Առավոտի» հետ զրույցում կատակեցին, թե բարձրակարգ երաժշտի հաջողության գրավականներից մեկը նրա բարետեսությունն է, ինչի շնորհիվ թավջութակահարի համերգների ունկնդիրների մեծ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են:

Միշտ չէ, որ Հայաստան հյուրախաղի եկած հրեա երաժիշտները հանդես են գալիս իրենց ազգակցի ստեղծագործությամբ. թավջութակահարը հնչեցրեց կոմպոզիտոր Է. Բլոխի «Շելոմո» ստեղծագործությունը, որն ունի «Հրեական ռապսոդիա» ենթավերնագիրը: «Առավոտի» հետ զրույցում Ռամոն Յաֆֆեն ասաց, որ թեեւ առաջին անգամ է Հայաստանում, սակայն քաջածանոթ է մեր պատմությանն ու մշակույթին: «Հայերդ էլ մեզ նման՝ ցրված լինելով աշխարհով մեկ, ամեն գնով պահել եք ձեր մշակույթը: Ես գիտեմ դա ինչ է… Մասնակից լինելով հեղինակավոր փառատոների՝ շփվել եմ, բարեկամացել ու բարձր գնահատել հայ երաժիշտներին: Օրինակ, ավստրիական մի փառատոնում ինձ համար հայտնություն էր ջութակահար Անուշ Նիկողոսյանը, Կիպրոսում՝ ալտահար Սամուել Բաղդասարյանը, Ֆինլանդիայում՝ ջութակահար Լեւոն Չիլինկիրյանը»:

Հարցին՝ ինչո՞ւ է հայ հանդիսատեսի համար ընտրել հատկապես հրեա կոմպոզիտորի ստեղծագործություն, մեր զրուցակիցը պատասխանեց հարցով. «Զուգահեռներ չե՞ք տեսնում հրեա եւ հայ դասական ստեղծագործողների երկերում»:

Դիտարկմանը՝ ի տարբերություն աշխարհում սփռված հայ կոմպոզիտորների, հրեաները ներկայացնում են տարբեր դպրոցներ, օրինակ, Ժակ Օֆֆեմբախը՝ գերմանական, Մալլերը՝ ավստրիական եւ այլն, արվեստագետն ասաց. «Ես Իսրայելում ապրել եմ ընդամենը 3 տարի, բայց հոգիս, անկասկած, հրեական է: Համոզված եմ՝ նույնը ձեր նշած մյուս հրեա կոմպոզիտորների պարագայում է»:

Իսկ ինչո՞ւ չի ապրում ու ստեղծագործում հայրենիքում: Մեր զրուցակիցը նշեց, որ լայն գործունեություն ծավալելու համար Իսրայելը չափազանց փոքր է: Ռ. Յաֆֆեն հաստատեց մեզ հասած այն տեղեկությունը, թե ինքը հանրահայտ կիթառահար Պեդրո Բականի հետ հաճախ հանդես է գալիս ֆլամենկո ոճի երաժշտության կատարումներով:

1962-ին Ռիգայում ծնված երաժշտի համար նորություն չէր մարտի 8-ը, սակայն անակնկալ էր, երբ հայտնեցինք, թե Հայաստանում կանանց տոնը շարունակվում է մեկ ամիս: «Հայուհիներն արժանի են ոչ միայն միամսյակի, այլեւ հարատեւ տոնի, ախր, նրանք ուղղակի գեղեցկուհիներ են»,- ժպտալով ասաց թավջութակահարը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031