Քաղաքը պատմական կատեգորիա է, ու Երեւանն էլ բացառություն չէ: Որքան էլ որ մեր մայրաքաղաքի մասին գրված վերջին երգերից մեկն ազդարարում է, թե «Երեւանը շենք ու տուն չէ, Երեւանը մենք ենք», այնուամենայնիվ մասնագիտական սահմանումն ասում է. «Քաղաքը միջին կամ մեծ չափեր ունեցող բնակավայր է, որը բաղկացած է տարբերակված գործառնություններ ունեցող շենքերից՝ կառավարում, տնտեսություն, տրանսպորտ, մշակույթ, կրթություն, բնակելի ֆոնդ եւ այլն»: Այդ շենքերը ներկայացնում են քաղաքի պատմության շերտերը. պահպանել դրանք՝ նշանակում է պահպանել քաղաքի պատմական հավաստիությունը:
Պատմությունից գիտենք դրվագներ, երբ բնակիչները դառնում են սեփական քաղաքի ամեն փողոցի ու շենքի պաշտպանը՝ կերտելով տվյալ քաղաքի պատմության հերոսական էջերը: Սա, Աստված մի արասցե, օրհասական վտանգի դեպքում: Մեզ մոտ, սակայն, խաղաղ պայմաններում եւս քաղաքի պատմական շենքերը կարող են վտանգվել՝ հայրենի կառավարության որոշումների արդյունքում:
Լragir.am–ում օրերս տեղ գտած «Հասմիկ Պողոսյանն էլ պակաս հայ չէ» նյութից տեղեկանում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարը փակ շուկայի խնդրի շուրջ խոսելիս հայտարարել է. «Այն, ինչ ապամոնտաժվում է Երեւանում, այդ որոշումները կայացվել են 2004 թվականին: Հուշարձանի ապամոնտաժման, քանդման, վերացման որեւէ որոշում, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, կառավարությունը չի ընդունել: Սխալ մեկնաբանություններ են եղել, չկա նման բան: Կան այդ որոշումների հետեւանքները, այսինքն՝ երբ որոշումներն ընդունվել են, սակայն ի կատար չեն ածվել, գործընթացը տեղափոխվել է 7-8 տարի հետո, եւ մենք արդեն տեսնում ենք այդ որոշումների վերջնական արդյունքը, ցավոք սրտի: Ես այդպիսի տրամադրություն չունեմ, որ ասեմ, թե մեր օրերում մենք քանդում ենք հուշարձաններ, վերացնում ենք հուշարձաններ»: Քանի որ նախարարը շատ մշուշոտ էր խոսել 2004-ին, այսինքն՝ այն ժամանակ կայացված որոշումների մասին, երբ ինքը դեռ նախարար չէր, որոշեցինք պարզել՝ ինչի մասին է խոսքը:
ՀՀ մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի եւ գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի հեռախոսները երեկ «չպատասխանեցին»: «Հասանելի» էր միայն գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը: Հարցրինք՝ ի՞նչ որոշումներ նկատի ուներ նախարարը: Պարոն Մուսոյանն ասաց, որ խոսքը 2004 թվականի 1616-N որոշման մասին է, որով իբր 10 մշակութային հուշարձաններ պետք է ապամոնտաժվեն եւ տեղափոխվեն: «Երկրորդ հավելվածում է նշված»,-հավելեց Մուսոյանը: Բնականաբար, փնտրեցինք այդ որոշումը եւ գտանք: Իրականում ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատվում էր ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, ինչ վերաբերում է Սամվել Մուսոյանի նշած հավելվածին, այնտեղ էլ տեղափոխման ենթակա 14 հուշարձանների ցանկն էր ներկայացվում, որտեղ աղմուկ հանած փակ շուկայի մասին (հեղինակ՝ Գրիգոր Աղաբաբյան) խոսք անգամ չկար: Ցանկում Հին Երեւանի շենքերն էին, որոնք իբր պիտի հետո այլ տեղ հավաքվեին, եւ համապատասխան կարգով դրանց համար պետք է տարածք հատկացվեր: Բայց բոլորն էլ քաջատեղյակ են, որ նման տարածք այդպես էլ չհատկացվեց: Այսինքն՝ ինչ քանդվում է Երեւանում, մատնվում է անտերության, եւ զուր է նախարարն արդարանում, թե այս կամ այն որոշումն իր օրոք չի եղել: Չէ՞ որ ՀՀ մշակույթի նախարարն իրավահաջորդն է ՀՀ կառավարության որոշումներն ի կատար ածելու: Եվ եթե, ինչպես նախարարն է ասել lragir.am-ին, որոշումն ավելի վաղ է ընդունվել, գործընթացն էլ տեղափոխվել 7-8 տարի հետո, ի՞նչն է իրեն խանգարում ի շահ Երեւանի՝ ՀՀ կառավարությունում հիմնավորել այդ որոշման սխալականությունը, մանավանդ՝ քանդման որոշում առհասարակ չի կարող լինել. օրենքը նման որոշում չի սահմանում, օրենքով կարելի է հուշարձանը միայն տեղափոխել, այն էլ բացառիկ դեպքերում:
Կարդացեք նաև
Ակամայից հիշեցինք Հասմիկ Պողոսյանի ձեռամբ ոչ վաղ անցյալում ՀՀ կառավարություն տարած մեկ այլ որոշման նախագիծ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման վերաբերյալ, որին «Առավոտը» անդրադարձել էր ժամանակին: Ու մեկ անգամ եւս համոզվեցինք, թե որքան սին էր նախարարի հիմնավորման նախագիծը, նույնքան էլ սին է նրա այս հայտարարությունը:
Գալով խաղաղ պայմաններում Երեւանի ժառանգությանը սպառնացող հերթական վտանգին՝ կենտրոնական փակ շուկայի ճակատագրին, ՀՀ մշակույթի նախարարին հիշեցնենք, որ դեռ միջնադարում քաղաքներ են համարվել այն բնակավայրերը, որոնք շուկա են ունեցել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ