Երգահան Լիլիթ Պիպոյանն ոչ մի դեպքում չի ցանկանա պատգամավոր դառնալ: Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց, որ ինքը ստեղծագործող անձ է ու նախընտրում է ստեղծագործել. «Ստեղծագործող մարդ եմ, սիրում եմ մենակ աշխատել: Եւ չեմ սիրում մարդկանց ղեկավարել , գտնում եմ՝ դա պակաս հետաքրքրիր աշխատանք է, քան ինչ–որ բան ստեղծելը»: Երգչուհի Շուշան Պետրոսյանն, ընդհակառակը, ասաց, որ դեմ չէ պատգամավորական գործունեությանը եւ, եթե Հանրապետական կուսակցությունը առաջարկի՝ ինքը չի հրաժարվի. «Ես էլ եմ ստեղծագործող մարդ, բայց կարծում եմ, այնտեղ էլ կարելի է ստեղծագործել: Կարեւոր չէ ղեկավարել, կարեւորը ինչ–որ բան սկսելն է, փոխելը: Կարծրատիպեր կան, դրանք կոտրել է պետք: Կռիվ ունեմ տալու»:
Շ. Պետրոսյանն ասաց, որ ինքը երազում է մաքուր հայերեն խոսող Ազգային Ժողով ու իր տեսակից ԱԺ-ում չկա. «Մտածող, չհամաձայնող, վիճող Ազգային ժողով եմ ուզում: Լավագույն ձեռքբերումը վերջին տարիներին երաժիշտների ֆոնոգրամ չերգելու մասին որոշումն էր, բայց դա օրինաչափություն պետք է լիներ, դրա մասին օրինագիծ պիտի չդրվեր: Դա բավականին մաքրեց ոլորտը, արդյունքում շատ համերգներ չկան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ