Լրահոս
Օրվա լրահոսը

17 տարի է՝ դատարանի վճիռը չի կատարվում

Մարտ 09,2012 13:14

ՀՀ գլխավոր դատախազությանը պարբերաբար դիմում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի Լիանա Գրիգորյանը:

Նրա օգտին տեղի ժողդատարանը 1995թ.-ին վճիռ է կայացրել, որը մինչ օրս չի կատարվում:

Լիանա Գրիգորյանին դաժան ծեծի էր ենթարկել Շահումյան փողոցի 12/5 տան բնակիչ, նախկինում դատված Գուրգեն Գեւորգյանը, որն այդ արարքի համար դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Լիանա Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ծեծի հետեւանքով ստացել է ծանր մարմնական վնասվածք, ոտքի սրունքի ոսկրի կոտրվածք: Ծեծն էլ կապված էր Գ. Գեւորգյանի կնոջ կողմից Լիանայի հասցեին արված չարախոսության հետ: Այդ կապակցությամբ Լիանան գնացել էր նրանց տուն: Կանանց վեճին միջամտել էր Գ. Գեւորգյանը: Դատարանը որոշել էր հօգուտ Լիանայի բռնագանձել 305 000 դրամ՝ որպես փոխհատուցում: Արգելանքի տակ դրվեց Գուրգեն Գեւորգյանի տունը, իսկ հարկադիր կատարողները նախ հայտնեցին, թե պարտապանը գրանցված չէ տվյալ տանը, ապա՝ թե նա իր անունով չունի անշարժ եւ շարժական գույք, այսինքն՝ անվճարունակ է:

Ըստ զրուցակցիս՝ պարտապանի երկրորդ բնակարան է տարվում նրա մայրը, որը ստորագրում է մի ակտի տակ, ըստ որի՝ պարտապանն, իրոք, ոչինչ չուներ: Մինչդեռ՝ «մորս ստորագրել են տվել ոչ թե վիճահարույց բնակարանում, որտեղ գրանցված էր Գուրգեն Գեւորգյանը, այլ՝ մի այլ բնակարանում, ուր իրեր չկային»:

«Նկարագրելով պարտապանի ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր կացությունը, ցուցաբերելով կարեկցանք, որը մարդասիրական է եւ գովելի, պատկան մարմիններն էլ չեն հոգում իմ մասին, չեն փաստում այն, որ ես ապրում եմ զույգ թոշակառու ծնողներիս հետ, միայնակ կին եմ, որ պարտապանն ինձ հասցրել է անաշխատունակության, եւ ես գտնվում եմ նյութական ծանր վիճակում»,- ասում է Լ. Գրիգորյանը:

Լիանա Գրիգորյանը նամակ է ուղարկել նաեւ արդարադատության նախարարին՝ նրան տեղեկացնելով, որ տարել է երկու ծանր վիրահատություն:

Իսկ այդ վիրահատությունների եւ ամբուլատոր բուժման ծախսերը հոգացել է ինքը՝ պարտքով վերցնելով ահռելի գումարներ:

Այդ պարտքերի պատճառով վտանգված է Լիանայի հայրական տունը, քանի որ դրանք չվերադարձնելու դեպքում կալանքի տակ կդրվի այն:

Գ. Գեւորգյանը մահանում է:

Դատարանի կողմից կարճվում է կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը՝ պարտապանի մահվան կապակցությամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա. Չիլինգարյանի 19.10.

2010թ. պաշտոնական պատասխանի համաձայն. «Շահումյան 13/4 բնակարանը հարկադիր աճուրդով չի օտարվել, քանի որ նշված բնակարանը հանդիսացել է հանգուցյալ պարտապանի կնոջ՝ Գ. Մարգարյանի ժառանգական գույքը, եւ վաճառվել է բնակարանի սեփականատեր Գ. Մարգարյանի կողմից»: Դատախազությունը նաեւ արձանագրել էր, թե «Լ. Մարգարյանը պարտապանի մահից հետո չի դիմել դատական պաշտպանության՝ դատական կարգով նրա պարտականությունների իրավահաջորդ ճանաչելու պահանջով»:

Իսկ թե ով եւ երբ կհատուցի Լիանային՝ հայտնի չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031