Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սայրով վնասել էր պարանոցը

Մարտ 09,2012 13:09

Ոստիկանության բաժնում իրեն վնասած քաղաքացին մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ

Անցած տարվա սեպտեմբերին վանաձորցի Հակոբ Կյուրեղյանը ոստիկանության Վանաձորի բաժնում իր հետ նախապես վերցրած սափրվելու մեկանգամյա սայրով վնասել է պարանոցը, ապա՝ նախաբազուկը: Այնուհետեւ նյարդայնացած վիճակում սկսել է բարձրաձայն բղավել, որից հետո երկրորդ հարկի աստիճաններից իրեն նետել է առաջին հարկ:

23-ամյա Հակոբ Կյուրեղյանը ոստիկանության Վանաձորի բաժին էր ժամանել այն բանից հետո, երբ իրեն անծանոթ գործի շրջանակներում ոստիկանության տեղամասային տեսուչ Նարեկ Սեփխանյանից հեռախոսային խոսակցության ժամանակ տեղեկացել էր, որ բաժին չներկայանալու դեպքում բերման կենթարկվի:

Զայրացած Կյուրեղյանն էլ ժամանելով բաժին՝ սկսել էր, որպես բողոքի նշան, ինքնավնասում կատարել:

Ոստիկանները, կիրառելով ձեռնամարտի հնարք, արյունահոսող Կյուրեղյանին փորձել են հանգստացնել, սակայն՝ ապարդյուն: Նա չի ենթարկվել ոստիկաններին, դիմադրություն է ցույց տվել, ոստիկանների ցուցմունքներով հայհոյել նրանց, ավելին, հրաժարվել է ոստիկանության բաժին հրավիրված բուժքույրերի օգնությունից, որից հետո ոստիկանները ձեռնաշղթաներ են անցկացրել նրան եւ տեղափոխել ձերբակալվածների պահպանման վայր (ՁՊՎ):

Դեպքից հետո Հակոբ Կյուրեղյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանություն կատարելու հանցակազմով:

Նրան մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ինչը զուգորդվել է իշխանության ներկայացուցիչների եւ հասարակական կարգի խախտումը խափանող անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, որի պատճառով խախտվել է ոստիկանության Վանաձորի բաժնի բնականոն աշխատանքը:

Հակոբ Կյուրեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Դատարանում Հակոբ Կյուրեղյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Կարեն Թումանյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Պաշտպան Կարեն Թումանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեեւ պետությունը համապատասխան դասընթացների միջոցով մեծ ծախսեր է կատարում ոստիկաններին պատրաստելու այնպիսի իրավիճակների, որոնց ժամանակ վերջիններս համապատասխան հմտություններ ձեռք կբերեն՝ կանխելու համար ինքնավնասման կամ ուրիշին վնասելու փորձերը, այնուամենայնիվ, դեպքի պահին ոստիկանության աշխատակիցները անհրաժեշտ պատրաստվածություն չեն ունեցել՝ կանխելու իր պաշտպանյալի ինքնավնասումը:

«Ավելին՝ արյունահոսող մարդու նկատմամբ կիրառել են ձեռնամարտի հնարք, առանց արյունահոսությունը դադարեցնելու կիրառելով հատուկ միջոց՝ ձեռնաշղթաներ հագցնելը, տարել են հերթապահ մաս եւ տեղավորել ձերբակալվածների պահպանության վայրում՝ իբր մեր պաշտպանյալը հասարակական կարգ է խախտել»,- ոստիկանության աշխատակիցների կատարած խախտումների մասին է պատմում Հակոբ Կյուրեղյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ պարզաբանելով, որ իր պաշտպանյալին բաժին են հրավիրել օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ՝ առանց ծանուցագրի, զայրացած Կյուրեղյանն էլ իր վրդովմունքը արտահայտել է ինքնավնասմամբ, եւ փոխանակ մարդուն օգնեն, դուրս բերեն այդ վիճակից, ոստիկանները վերոնշյալ հնարքները կիրառելով՝ թույլ չեն տվել նրան հեռանալ բաժնից:

«Անօրինաբար սահմանափակել են Կյուրեղյանի ազատությունը, արգելանքի վերցրել: Ո՞վ է տեսել՝ ինքնավնասման համար արգելանքի վերցնեն: Խուլիգանության հոդվածով էլ գործ են հարուցել, որպեսզի կոծկեն իրենց անօրինականությունները»,- եզրափակում է փաստաբանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031