Նրանից խլում են երեխային ու արգելում մոր հետ շփվել ու տեսնվել
Երեկ Ալվարդ Մանուկյանը կանանց եւ մայրության տոնն արցունքն աչքերին է դիմավորել: Արդեն 10 օրից ավելի է՝ նա չգիտի, թե որտե՞ղ է գտնվում իր 9-ամյա որդին՝ Գոռը, ի՞նչ է ուտում, որտե՞ղ է գիշերում: Երեկ «Առավոտի» խմբագրություն եկած Ա. Մանուկյանը պատմեց, որ փետրվարի 24-ին Գոռին հայրը՝ Աշոտ Բաղդասարյանը, դպրոցից վերցրել է եւ տարել իր հետ: Ճիշտ է, երեխային բերում է դպրոց, սակայն, մոր պատմելով, իր նախկին ամուսինը Գոռին կտրականապես արգելում է մոր հետ շփվել. «Գոռն էլ վախից ենթարկվում է նրան: Որ այսպես շարունակվի, երեխաս առողջական շատ լուրջ խնդիրներ կունենա՝ թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական: Ինձ մոտ եղած ժամանակ Գոռը շատ ջերմ շփվում է ինձ հետ, բայց հոր ներկայությամբ երեխան միանգամից փոխվում է եւ վախից ասում, որ ինձ չի ուզում տեսնել»:
Ալվարդ Մանուկյանի եւ Աշոտ Բաղդասարյանի հարաբերություններն արդեն 4-5 տարի է՝ խիստ լարված են, Աշոտն իր կնոջը ցավ պատճառելու համար մշտապես վերցնում է երեխային, օրերով, ամիսներով կորում՝ թույլ չտալով, որ անչափահաս երեխան շփվի մոր հետ: Իսկ վրեժի արդյունքում երեխան է տուժում: Ծնողների անհաշտության պատճառով երեխան պարբերաբար սթրեսի է ենթարկվում:
2008 թվականից սկսած՝ նախկին ամուսինները երեխայի հարցով դատական քաշքշուկների մեջ են, սակայն ոչ մի կերպ խնդիրը չի լուծվում: Եվ մինչեւ հարցը չլուծվի եւ չորոշվի՝ ծնողներից ով ինչ կարգավիճակ եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի երեխայի համար, մայրը ամիսներով երեխայի երեսը չի տեսնի:
«Առավոտն» իր մի քանի հրապարակումներում (23.03.2011թ., 05.06.2011թ. եւ այլն) նշել է, որ ծնողների վեճերի պատճառով երեխան գտնվել է սթրեսային վիճակում, ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների: Բացի այդ, երեխան 3-4 տարի շարունակ ուղղակի զրկված է եղել մոր խնամքից եւ օրը 24 ժամ գտնվել է հոր կողքին: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, եկել էր եզրակացության, որ Գոռի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ նրա խնամքով ժամանակավորապես զբաղվի որեւէ խնամքի կենտրոն: Ոստիկանության միջամտությամբ ամիսներ առաջ Գոռը տեղափոխվել էր Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոն: Մի քանի ամիս կենտրոնի հոգեբաններն ու մասնագետները աշխատելուց հետո Գոռը սկսել էր շփվել մոր հետ, ցանկություն հայտնել ապրել նրա հետ:
Այդ ընթացքում Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, հաշվի առնելով երեխայի կյանքին սպառնացող վտանգները, դիմել էր դատարան՝ հոր իրավունքները սահմանափակելու: Սակայն դատարանում գործի լսումը կասեցվել էր, քանի որ Աշոտ Բաղդասարյանը հայցով դիմել էր դատարան՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Եվ չնայած այն բազմաթիվ ապացույցներին, որ որպես երրորդ անձ դատարանին ներկայացրել էր երեխայի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, վարչական դատարանը Աշոտ Բաղդասարյանի հայցը բավարարել էր՝ այդպիսով թույլ տալով, որպեսզի երեխայի հարցը նորից մնա օդում կախված: Ա. Մանուկյանը գտնում է, որ հայրը երեխային պարզապես որպես զենք՝ օգտագործում է իր դեմ: Դրա ապացույցն այն է, որ Աշոտ Բաղդասարյանը Գոռի հայրությունը, այն էլ դատարանի միջոցով, ճանաչել է 2008-ին, երբ փոքրիկն արդեն 5 տարեկան է եղել, տիկին Ալվարդի խոսքերով՝ դատարանի որոշմամբ ալիմենտի գումարները երբեք իր կամքով չի վճարել, եւ նրանից բռնագանձել են:
Ա. Մանուկյանի խոսքերով, հոր մոտ գտնվելու ժամանակ երեխայի առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, քանի որ Գոռը գիշեր-ցերեկ հոր հետ աշխատավայրում է լինում, բուլկիներով ու նրբերշիկներով է սնվում, իր անկողնում չի քնում եւ այլն: Բացի այդ, Ա. Մանուկյանին ծեծելու համար վերջերս Շենգավիթի ոստիկանությունը Աշոտի դեմ քրգործ է հարուցել, սակայն ինչպես կինն է պատմում, դատարանում Աշոտի հետ հաշտության է եկել, քանի որ որպես մայր՝ չի ցանկացել, որպեսզի հոր դատված լինելը իր երեխայի կենսագրության վրա սեւ բիծ թողնի: Հաշտության համաձայնագրով Աշոտ Բաղդասարյանն էլ պարտավորվել էր զերծ մնալ բռնություններից ու նախկին պահելաձեւից:
Այս ողջ պատմությունից ուժասպառ եղած Ա. Մանուկյանը դիմում է ՀՀ նախագահին, իրավապահ մարմիններին՝ խնդրելով երեխայի հարցին վերջնական լուծում տալ. «Եթե նա կարողանում է բոլոր ատյաններում իր «հարցերը լուծել», իսկ ես տեր չունեմ, ի՞նչ է, պետք է ես տարիներով իմ երեխայից կարոտ մնամ ու տանջվեմ- տառապե՞մ»:
«Առավոտ» օրաթերթ