Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի փոխչեմպիոնը փքաբլիթով էլ կկշտանա

Մարտ 09,2012 13:00

15-ամյա Արմեն Աբովյանը, որը Կիոկուշին-կան կարատե դո-ի աշխարհի փոխչեմպիոն է, ապրում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի փոքրիկ վագոն-տնակում։ Անշուք ու հարմարություններից զուրկ տնակը զարդարող միակ իրերը Արմենի եւ նրա ավագ եղբոր՝ 17-ամյա Ալբերտի տասնյակ գավաթները, դիպլոմներն ու մեդալներն են։ Չնայած վագոն-տնակը շատ փոքր է, տղաների մայրը՝ տիկին Գոհարը, թույլ չի տալիս, որ որեւէ մրցանակ ստվերում մնա. բոլորը պետք է իր եւ մյուսների աչքի առաջ լինեն։

«Այս տարի որոշել էի նոր տարուն ամեն ինչ գավաթների մեջ լցնել, սակայն ափսոսեցի»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Գոհարը: Նա եւս ժամանակին զբաղվել է սպորտով ու հաջողություններ ունեցել, սակայն հանգամանքների բերումով ստիպված է եղել թողնել սպորտը։ Այժմ տիկին Գոհարն իր կիսատ թողած երազանքները փորձում է իրականացնել որդիների միջոցով։

Տղաները հաճախում են Տավուշի մարզում գործող միակ Կիոկուշին-կան կարատե դո-ի խմբակ։ Նրանց պատմելով՝ մարզասրահը շատ վատ պայմաններում է գործում, ինչի պատճառով մարզիկները կազդուրվելու փոխարեն ամբողջ ձմեռ հիվանդանում են։ Մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ մարզասրահի, որը գտնվում էր մի կիսաքանդ շենքում, պատուհանները նույնիսկ ապակի չունեին։ Մարզիչը՝ Արմեն Կիրակոսյանը, մարզիկների հետ փորձել էր ստվարաթղթի կտորներով որոշ չափով ծածկել պատուհանները։ 30 մարզիկների համար ընդամենը բռնցքամարտի 2 «տանձիկ» կար:

Մոտ 5 ամիս է, ինչ տղաները մարզվում են այս պայմաններում։ Ինչպես մարզիկները պատմեցին, նախկին մարզասրահը եւս անհարմար պայմաններով է եղել այն նույնպես չի ջեռուցվել, բայց գոնե լուսամուտներ ունեցել է։ Սակայն քանի որ տարածքը մասնավոր է եղել, եւ սեփականատերը մի օր որոշել է դրա դիմաց գումար պահանջել, կարատեի մարզիչը ստիպված է եղել լքել տարածքը։ Դրանից հետո գյուղապետարանը պարապմունքների համար անվճար տրամադրել է ներկայիս շենքը, որը նախկինում զորամաս է եղել։

Մեր այցելած օրը լրանում էր խմբի գործունեության 9 տարին։ Պարապմունքին 30 մարզիկներից ներկա էր մոտ 15-ը։ Մյուսները կամ հիվանդ էին, կամ էլ պարզապես ձմռան մի քանի ամիսներին որոշել էին դադարեցնել պարապմունքները։ Դրսում առատ ձյուն էր տեղում, բայց մարզիկները այնտեղ էին նախավարժանք կատարում։ Մեր հարցին, թե ինչու են այդ սառնամանիքին դրսում պարապում, մարզիկները կատակեցին, թե առանձնապես տարբերություն չկա, դահլիճի ներսում էլ է նույն ջերմաստիճանը։

Մարզչի խոսքերով՝ խմբում 12-ից ավելի չեմպիոն, մեդալակիր կա, ոմանք՝ աշխարհի, ոմանք՝ Կովկասի, Եվրոպայի ոմանք էլ՝ Հայաստանի մասշտաբով։ Նրանցից 3-ն ունեն սեւ գոտի։ Տղաները հաճախ ստիպված են լինում հրաժարվել տարբեր երկրներում կայացող մրցաշարերից եւ սեմինարներից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Նրանցից միայն մեկը՝ Արմեն Աբովյանն ունի հովանավոր։ Սակայն հովանավորը ֆինանսական պատասխանատվություն է կրում միայն մրցաշարերի ժամանակ։ Նա եւ խմբի շատ մարզիկներ ստիպված են եղել հրաժարվել վերջերս Ծաղկաձորում կայացած սեմինարից, որն անց էին կացնում Ճապոնիայից հրավիրված վարպետները:

Արմենի եւ Ալբերտի հայրը հիշում է այն օրը, երբ տղան Մոսկվայից Հայաստան եկավ՝ որպես աշխարհի փոխչեմպիոն: Նրա խոսքերով. «Գյուղում 10000 դրամ պարտք վերցնելով՝ հասա Երեւան, այնտեղ Արմենի համար փքաբլիթ գնեցի ու երթուղայինով հասանք գյուղ»,- պատմում է նա։ Ըստ նրա՝ օդանավակայանում չկար եւ ոչ մի լրագրող, ոչ ոք չլուսաբանեց իրենց համար այդքան կարեւոր հաղթանակը։ Հոր պատմելով՝ միայն գյուղ հասնելով՝ Արմենը իսկապես վայելեց հաղթանակի բերկրանքը. այնտեղ դրսում նրան անհամբերությամբ սպասել են ամբողջ դպրոցն ու գյուղապետարանը, որը չեմպիոնին 50000 դրամով պարգեւատրել է:

Մեզ հետ զրույցում խմբի բոլոր անդամները, չնայած դժվարություններին, նշեցին, որ երբեք հանդես չեն գա այլ երկրի դրոշի ներքո։

ԱՐԱՔՍ ՄԱՄՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031