Սովորաբար ընթերցասրահ ասելիս մարդիկ պատկերացնում են մի վայր, որտեղ ուսանողները կլանված զբաղվում են ընթերցանությամբ: Բայց արի ու տես, որ այսօր արդեն այդքան էլ այդպես չէ, և այդ «գիտելիքներ տվող կառույցը» կարծես թե չի կատարում իր այդչափ կարևոր գործառույթը:
Մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ գնում ես ընթերցասրահ` համակված ընթերցելու, մի բան ավելին իմանալու, տեղեկանալու բուռն ցանկությամբ: Նստում ես սեղանի շուրջ, բացում ես գիրքը ու դեռ 4-5 էջ չկարդացած, մեկ էլ` ուշադրությունդ շեղվեց…
Հանկարծ ինչ-որ տարօրինակ ծիծաղի ձայն: Շրջվում ես աջ ու… ու ի՞նչ տեսնես. 6-7 աղջիկ նստել են գրքերով լի սեղանի շուրջ ու բարձրաձայն ինչ-որ թեման են քննարկում: Հա, երևի նրանք մի գործ են կարդացել, որը ծիծաղ է առաջացրել իրենց մոտ ու հիմա էլ բարձրաձայն քննարկում են: Բայց` ո՛չ… Հիասթափվեցի… Անգամ գրքերն էին փակ վիճակում: Նրանք զրուցում էին սոցցանցերից մեկում իրենց հետ պատահած արկածների մասին: Ախր, գոնե մի փոքր ցածրաձայն զրուցեին…
Այս ի՞նչ ճռճռոց է… Ես սրճարանում եմ, սպասի՛ր մեկ գավաթ հյութ էլ ես պատվիրեմ: Ո՛չ, սթափվի՛ր, դու ընթերցասրահում ես, պարզապես աջ կողմում այնպիսի տպավարություն է, որ կարծես սրճարանում լինեն. սուփռա սեղան ընթերցասրահի սեղաններից մեկին: Հա~, երևի այնքան են ընթերցել, ուժերը հատել են, և անհագ ոտելու ցանկություն է առաջացել… Բայց գոնե մի քիչ համեստ զարդարեին սեղանը… Հետո էլ կասեն` ճգնաժամ է…
Ուզում ես անջատվել, չնկատել` ինչ է կատարվում շուրջդ… Ահա, կարծես թե տրամադրվում եմ, ոնց որ հասկանում եմ ընթերցածս: Մեկ էլ` այս ի՞նչ հոտ է… Նայում ես շուրջդ` ոչինչ չկա, բայց ա՛յ այն վերջում նստած երկու գեղեցկուհիները մի տեսակ տարօրինակ են թվում: Այդպես էլ գիտեի… Աղջիկները չեն հասցրել հարդարել եղունգները ու կիսատը վերջացնում են Տերյանի ու Չարեցնի գործերի ներկայությամբ… Երևի հանճարները ոգեշնչում են նրանց ու զարգացնում երևակայությունը:
Վա~յ, ինչ ռոմանտիկ պատկեր… Երկու սիրահար զույգ… Հա, բայց ինչո՞ւ է այդ երիտասարդն այդքան ամուր գրկել աղջկան… Հիմա ոսկորները կկոտրի: Լա՛վ, հանգիստ թողնենք տղային, երևի նա հենց նոր Սահյան է կարդացել ու
Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»…
տողերից տպավորվել է…
Լա՛վ, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու, դու եկել ես ընթերցելու, տրամադրվի՛ր և շարունակի՛ր ընթերցել: Ահա՛, կարծես թե ստացվում է, արդեն ութերորդ էջն եմ հասել: Բայց… Ա՛խ այդ սուրճի բույրը. դա որտեղի՞ց ծլեց: Հաստատ կողքիններս չեն. Ո՞վ է այդ դեպքում սուրճ ըմպում: Մեկ րոպե… Ո՞ւր են ընթերցասրահի աշխատակցուհիները… Ո՞նց մտքովս չէր անցնում… Ընդմիջում են հայտարարել…
Լա՛վ, այսքանից հետո դե արի ու ընթերցիր… Այսօր հաստատ չի ստացվի: Բայց ե՞րբ գամ… Երևի ամենահարմարը շաբաթ օրն է… Դժվար թե ուսանողները ժամանցի համար ընտրեն բուհի ընթերցասրահը:
Հ.Գ Պարզապես արդարացի չէր լինի իմ կողմից չնշելը, որ այս ուսանողների կողքին միանշանակ կան այնպիսիները, որոնք ընթերցասրահ գալիս են իսկապես ընթերցելու, գիտելիքով զինվելու ու հարստանալու համար…
Ընթերցասրահ միայն ընթերցելու համար մտնող` Ռուզան Ասատրյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])