Եթե ցամկանում եք անմիջապես խելացի մարդու տպավորություն թողնել շրջապատի վրա, ակնոց դրեք: Գիտնականները հետազոտել են և պարզել, որ ակնոց կրող մարդու ինտելեկտը կողքինների համար 15 կետով բարձրանում է:
17-րդ դարում Իսպանիայում ակնոցի շրջանակի չափերից կարելի էր կռահել մարդու դիրքը հասարակության մեջ: Որքան մեծ էր շրջանակը, այնքան բարձր էր այդ անձնավորության կարգավիճակը: Օրինակ` արիստոկրատի ակնոցի շրջանակը ձեռքի ափի մեծության էր:
Ակնոցների մեծ սիրահար էր Իսպանիայի Կարլոս 5-րդ թագավորը: Նրա մահից հետո իրերի մեջ 27 ակնոց են գտել: Իսկ մեր օրերի ակնոցային մոլուցքով տառապող անձնավորությունը Էլթոն Ջոնն է: Նա 2.500-ից ավելի ակնոց ունի` երփներանգ ու բազմաձև:
Բացի խելացի տպավորություն թողնելուց` ակնոցը նաև թույլ չի տալիս կարդալ իրեն կրող մարդու մտքերը: Հին Չինաստանում դատավորները ակնոց էին կրում, որպեսզի ոչ ոք չկարդա իրենց մտքերը:
Առաջին արևային ակնոցի հեղինակը էսկիմոս էր: Այն հայտնաբերվել է 2.000 տարի առաջ: Արևից պաշտպանող ակնոցները փայտից էին, որի վրա աչքերի համար նեղ անցքեր էին բացում: Հետո փայտը փոխարինվեց կենդանիների ոսկորներով:
Աշխարհի ամենաթանկ ակնոցն արժե 383 հազար դոլար, ապրանքանիշը`«Dolce & Gabanna», ակնոցը ոսկուց է և զարդարված ադամանդներով: Իսկ ամենից շատ վաճառվող արևային ակնոցը, որը նաև գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` «Ray-Ban Wayfarer»-ն է: Այն արժե 120-150 դոլար:
Անկախ այս ընկալումից` օպտիկական ակնոցն օգնում է ավելի պարզ տեսնել աշխարհը, իսկ արևայինը` ավելի գունավոր: Ակնոցը վաղուց մեր իմիջի և հարդարանքի կարևոր աքսեսուարն է: Ակնոցը ոչ միայն կօգնի պաշտպանվել արևից, այլև լավ կօգնի մարդկանց վրա տպավորություն գործելուն:
Սոսե Մուրադյան