Քաղաքական ուժերն ուզում են, սակայն առանձնապես չեն հավատում, թե հնարավոր է անցկացնել իրոք արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ:
Արդեն տեղեկացրել էինք, որ այս շաբաթվա սկզբում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի միջեւ կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։ Մանուել Բարոզոյի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը՝ ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորությունը մեր երկրի հետագա զարգացման համար»: Խոսվել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս: Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական միության՝ «ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն էլ իր հերթին ասել է. «Իմ խոսքը նախագահին շատ հստակ էր՝ մենք ամբողջովին սատարում ենք նախագահի բարեփոխումների եւ արդիականացման օրակարգը եւ հավատարիմ ենք մնում՝ խորացնելու մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում։ Ես ուրախ եմ ասել, որ բարեփոխումները լավ առաջընթաց են արձանագրում»:
Կարդացեք նաև
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ շեշտել էր, որ Հայաստանի համար շատ կարեւոր փուլ է համարում խորհրդարանական, այնուհետեւ՝ նախագահական ընտրությունները:
Երեկ մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այս հանդիպումների մասին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մեզ հետ հեռախոսային զրույցի պահին գտնվում էր Մաշտոցի պուրակում՝ ակցիայի մասնակիցների շրջապատում, ժամանակ գտավ՝ թեպետ օրը տոնական էր, եւ պատասխանեց մեր հարցերին: Անահիտ Բախշյանը հայտնեց, որ ինքը շատ կուզեր հավատալ, որ հենց այդպես էլ կլինի, եւ ի վերջո հնարավոր կդառնա մեզանում եւս արդար, ազատ եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը. «Տարբեր ժամանակներում, տարբեր տեղերում նույն խոստումը հնչել է, գիտեք, շատ եմ ուզում հավատալ, բայց իրականությունը եւ այն նախադրյալները, որ պետք է ապահովեին նման ընտրությունները, չկան: Չկան այն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինեին նման ընտրությունները: Դա առաջին հերթին վերաբերում է ընտրական ցուցակներին, նրան, որ Սփյուռքի քաղաքացիներին իրավունք չտրվեց քվեարկել, որը շատ կոպիտ խախտում եմ համարում, դա վերաբերում է նաեւ ընտրության ընթացքին հետեւելու ձեւերին, որի վերաբերյալ մեր կողմից արված առաջարկությունների մի մասը չընդունվեց: Դա վերաբերում է այսօր ընթացող տարբեր գործընթացներին, երբ բուհերում եւ դպրոցներում համատարած հանրապետականացում է գնում: Եվ նման շատ երեւույթներ կան, որոնք թույլ չեն տալիս ասելու՝ այո, ես հավատում եմ նախագահի ասածին: Իրենց հայտարարությունները չեն համապատասխանում մեր իրականությանը: Բայց, իհարկե, շատ կուզենայի, որ լինեին ազատ եւ արդար ընտրություններ, տա Աստված, որ ընտրությունները լինեն հենց այդպիսին»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին հարցրինք՝ իսկապե՞ս իշխանությունները կարեւորում են եվրոպական չափանիշներին համարժեք ընտրությունների անցկացումը, եւ կարո՞ղ է հասարակությունը ակնկալել, որ հենց այդպիսի ընտրություններ էլ կունենանք: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Անձամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում այս պահին գերիշխում է այն տրամադրությունը, որ ազատ, արդար, ժողովրդավարական չափանիշներով, ես կասեի՝ եվրոպական չափանիշներով ընտրություններին մեր երկրում ուղղակի այլընտրանք չկա: Մեր գեոքաղաքական վիճակը, կուտակված ներքին եւ արտաքին խնդիրները հնարավոր է կարգավորել, լուծել միայն երկրի ներսում ժողովրդավարական ազատ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանություն ունենալու պայմաններում: Մեր հասարակությունը պատրաստ է համախմբվելու, համերաշխորեն արձագանքելու ներքին եւ արտաքին մարտահրավերներին միայն նորմալ, բոլորի համար ընդունելի իշխանության ձեւավորման դեպքում:
Եվ ես համոզված եմ, եթե մենք՝ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, ստանձնենք այդ պատասխանատվությունը եւ փոխըմբռնման մթնոլորտում այս ընտրությունները անցկացնենք պատշաճ մակարդակով, մենք ի վիճակի ենք լինելու մոտակա տարիներին հաջողությամբ արձագանքել բոլոր մարտահրավերներին»:
Նկատեցինք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը առանձնապես ոգեւորված չեն եւ չեն հավատում, որ կլինեն արդար ընտրություններ: ԲՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ կա հոռետեսական մոտեցում, որ Հայաստանում երբեք ոչինչ չի փոխվելու, եւ ամեն հերթական ընտրությունից առաջ կամ հետո ունենալու ենք հեղափոխական իրադրություն: Ըստ Արամ Սաֆարյանի՝ «Սա ամենավատ բանն է, սա այն հուսալքությունն է, որը պատել է մեր հասարակության շատ անդամների: Եթե այս մթնոլորտը չփոխվեց, եւ եթե հոռետեսների հոռետեսությունը իրականացավ, ես կդժվարանամ առաջարկել այլ դեղատոմսեր՝ իրավիճակը շտկելու համար»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ