Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խոստումներն ու իրականությունը տարբեր են

Մարտ 09,2012 12:33

Ռուբեն Հակոբյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում եվրոպական կառույցների պաշտոնյաների հետ հանդիպումներում խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները վճռական են ընտրությունները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան:

Բայց արդյոք սա ընդամենը խոստում չէ՞, եւ արդյոք ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկապե՞ս քաղաքական կամք ունեն եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Առավոտի» այս հարցադրմանն արձագանքելով՝ ասաց. «Բավականին ժամանակ է, որ եվրոպական ամենատարբեր ամբիոններում, նաեւ ԵԺԿ-ում դիտորդի անդամի կարգավիճակ ստանալիս, Սերժ Սարգսյանը շատ կատեգորիկ հայտարարում է այդ մասին, եւ ես ենթադրում եմ, որ դրանք հայտարարություններ են, որոնցով նա իր վրա լուրջ պատասխանատվություն է վերցնում: Իշխանական ուժը՝ այդ կոալիցիա կոչվածը, գիտենք, որ Հայաստանում, ըստ էության, ֆոն է մեկ անձի իշխանությունը ապահովելու համար, իսկ այդ մեկ անձը միշտ ՀՀ նախագահն է. այդպես է եղել այս 20 տարիների ընթացքում: Իհարկե, այն, ինչ Հայաստանում արվում է փաստացի, եւ ինչ հայտարարվում է դե յուրե՝ հատկապես եվրոպական ամբիոններից, խորը հակասությունների մեջ են, եւ ես չեմ տեսնում, որ Հայաստանում իսկապես հնարավոր է իրականացնել այն, ինչի մասին Սերժ Սարգսյանը հայտարարում է»: «Ժառանգության» ներկայացուցիչն իր այս դիտարկումը փաստարկեց կոնկրետ օրինակներով՝ Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված խորհրդարանական բուռն բանավեճերը, 41 մեծամասնական տեղերի հետ կապված խնդիրը, որը Ռուբեն Հակոբյանի մատուցմամբ՝ «քաղաքական դոպինգ է իշխանության համար խորհրդարանում 41 ավելի տեղ ունենալու նպատակով», նաեւ քվեարկողների ցուցակների հրապարակայնության առնչությամբ ընդդիմության դեմ իշխանությունների ծավալած «դաժան պատերազմը», որով վերջիններս հասան այն բանին, որ քվեարկողների ցուցակները չհրապարակայնացվեն, «որովհետեւ 600-800 հազար ընտրողներ բացակայում են Հայաստանից, եւ հիմնական լցոնումները, որոնք հասնում են մի քանի հարյուր հազարի, կատարվում են հենց այս բացակայող քաղաքացիների հաշվին: Երեւի հիշում եք, որ անցած ընտրություններում եղան տեղամասեր, որտեղ ընտրություններին մասնակցել էր ընտրողների մինչեւ անգամ 140%-ը»: «Ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ, բայց գործնականում չեմ տեսնում, թե ռեալ քաղաքական կամք կա արդար ընտրություններ անցկացնելու համար: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այս 18-20 տարիների ընթացքում մշտապես իշխանության շահը խորը հակասության մեջ է եղել ազգի եւ պետության շահի հետ, եւ, ցավոք, ավանդաբար այդ հակասությունը լուծվել է ի շահ իշխանության: Բացի այդ, Սերժ Սարգսյանի թիմում, որտեղ խոսում են ընտրությունների մասին, եւ որոնց հետ նաեւ տարբեր առիթներով բախտ եմ ունեցել բանավիճելու, տեսնում եմ, որ բացարձակապես նորմալ ընտրություններ կազմակերպելու կամքը չկա»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:

Բայց արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ հասկանում, որ պատասխանատու է լինելու եվրոպական կառույցների պատասխանատուների առաջ արած իր հայտարարությունների համար: «Ես ուզում եմ հավատալ, որ հասկանում է, պատասխանատվություն զգում է, եւ կարծում եմ՝ պիտի զգա, որովհետեւ ամենատարբեր առիթներով, ամենաբարձր ամբիոններում գրեթե նույն ձեւակերպումներով, գրեթե նույն շարադասությամբ Եվրոպային, աշխարհի քաղաքակրթությանը համոզում է, որ ինքը բացառիկ ընտրություններ է անցկացնելու: Ուղղակի այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն ասում է դրսում, իսկ ես կարծում եմ՝ անկեղծորեն է ասում, մեր երկրում ընթացող պրոցեսների հետ սարուձորի տարբերություն է»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Շատ են դիտարկումները, թե առաջիկա համապետական ընտրությունները նման են լինելու Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ իշխանությունների կողմից ուժի ոչ մի ցուցադրություն, լցոնում տեղի չունեցավ, բայց հաղթանակ տարավ իշխանությունն ու նրա թեկնածուն, որովհետեւ այն, ինչ արվել էր ընտրությունների արդյունքը կեղծելու համար՝ արվել էր ընտրական տեղամասերից դուրս: Արդյոք հենց այդպիսի ընտրությունների անցկացումը չէ՞, որ կբավարարի ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ ՀՀ իշխանությանը: «Անկախ այն բանից, թե Արեւմուտքին ինչ է ասվում՝ հետագայում պարզվում է, որ ամեն տեսակի ընտրություն էլ Արեւմուտքին բավարարելու է: Մեր ողբերգությունն է, որ երբեմն մտածում ենք, թե Արեւմուտքը կգա ու մեզ կփրկի: Հակառակը՝ մի բան պետք է ֆիքսենք. Արեւմուտքը մշտապես կարողացել է օգտվել մեր ոչ լեգիտիմությունից, մեր ընտրությունների մակարդակից եւ կարողացել է, շահարկելով ընտրությունների որակը, իր շահերը պարտադրել մեզ: Այնպես որ՝ եկեք շատ չշեշտենք, թե Արեւմուտքը կգա, այս կասի, այն կանի: Ես դրան շատ թեթեւ, մատների արանքով եմ նայում: Բայց մեկ ուրիշ բան կա. կարծում եմ՝ հասարակությունը արդեն սպառել է կեղծարարին ներելու լիմիտը, իշխանությունն էլ սպառել է իր սխալվելու իրավունքը»,- շեշտեց Ռ. Հակոբյանը:

Իրականությունը, սակայն, այն է, որ ավելի քան 15 տարի անընդհատ ասվում է, որ իշխանությունը կեղծարարության իր ռեսուրսը սպառել է, որ հասարակությունն այլեւս չի ների, բայց 15 տարի է՝ իշխանությունները գտնում են կեղծելու եւ անպատիժ մնալու ռեսուրսը, ինչի մասին վկայեցին նաեւ Հրազդանի ընտրությունները: «Իմ գնահատմամբ՝ Հրազդանի ընտրություններում, անկախ այն բանից, թե ինչ արձանագրվեց, եւ եթե անգամ ճիշտ են պաշտոնապես հրապարակված արդյունքները, իշխանությունը պարտվեց, հաղթեց վարչական ռեսուրսը, եւ միայն: Խոսքը թվերի մասին չէ: Եվ եթե իշխանությունն այս ռեսուրսով է գալիս ընտրությունների՝ չեմ կարծում, թե նա հաղթանակ կտոնի: Երկրորդ՝ անցած 20 տարիների ընթացքում մեր պետության ուսերին դրվեց մի մե՜ծ բեռ, ահռելի բեռ: Եվ այդ բեռն արդեն այնքան ծանր է, իսկ դա ոչ թե 4 կամ 8 տարվա, այլ 22 տարվա բեռ է, որն իսկապես խորտակում է այն նավը, որն այսօր վարում է Սերժ Սարգսյանը, եւ ստացվում է այնպես, որ նա պատասխան է տալու ոչ միայն այս 4 կամ 8, այլ անցած ամբողջ 22 տարիների համար: Այս ընթացքում է, որ արտակարգ վիճակ է մեր երկրում, սոցիալական այս ծանրագույն վիճակը անցած տարիների քաղաքականության արդյունքն է, եւ սա նկատի առնելով եմ ասում, որ արդեն սպառվել է իշխանության սխալվելու իրավունքը, եւ ժողովուրդն այս 22 տարվա ընթացքում սպառել է ներելու պաշարը: Ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է դա, եթե չի գիտակցում՝ լավ չի: Նաեւ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նա գիտակցում է՝ սրանք ճակատագրական, պատմական ընտրություններ են լինելու»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031