Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը՝ Դեմկուսի ցուցակի երկրորդ համարն է

Մարտ 09,2012 12:23

ՀԴԿ-ն կմասնակցի ընտրություններին՝ համամասնական ընտրակարգով

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին՝ համամասնական ընտրակարգով: Երեկ այդ մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ համամասնական ցուցակը լինելու է կուսակցության անդամների եւ անկուսակցականների միավորում, մարդկանց, ովքեր ՀԴԿ-ի համակիրներն են: Դեմկուսի ցուցակը հիմնականում արդեն ձեւավորված է:

– Ովքե՞ր են լինելու ցուցակի անկուսակցական հայտնի մարդիկ:

– Դեմկուսի ցուցակի երկրորդ համարը լինելու է ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Մեր ցուցակում է լինելու նաեւ Հայաստանում ասորիների համայնքի ղեկավար Իրինա Գասպարյանը:

– Չե՞ք վախենում, որ մրցակցության մեջ եք մտնում «շնաձկների» հետ: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս ընտրություններում էլ էական դեր է խաղալու ֆինանսական ռեսուրսը: Դեմկուսն այդքան փող ունի՞:

– Վախը քաղաքական կյանքում չեմ ընկալում: Եթե վախենայի, 20 տարի քաղաքականության մեջ չէի լինի: Եթե վախեցող լինեի, շատ առիթներ եղել են…Ինչ մնում է ֆինանսական ռեսուրսի գործոնին՝ մենք ինքներս բազմիցս նշել ենք, որ այսօր դա խոչընդոտ է դարձել, որպեսզի ընտրությունները քիչ թե շատ արդար անցնեն: Բայց այստեղ մի կարեւորագույն խնդիր կա. եթե հիշում եք, երկու-երեք շաբաթ առաջ Դեմկուսի նախաձեռնությամբ մտավորականության ներկայացուցիչները՝ 35 բավական հայտնի անձնավորություններ, ՀՀ քաղաքացիներին ուղղված դիմում ստորագրեցին, որով կոչ էին անում, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններում մարդիկ գոնե մեկ անգամ ինքնուրույն որոշում կայացնեն եւ չենթարկվեն ճնշումներին ու գայթակղություններին: Որքանո՞վ կներազդեն ժողովրդի վրա այս կոչը եւ մեր մնացած քայլերը՝ դժվար է ասել, բայց մենք եւս մեկ անգամ ուզում ենք օրինակ ծառայել՝ ցույց տալով, որ մենք կաշառք չենք տալու, մենք ներկայացնելու ենք գաղափարական ծրագիր, ներկայացնելու ենք հստակ ծրագիր, որը ոչ թե կոսմետիկ փոփոխություններ է ենթադրում, այլ համակարգային: Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն ծրագրերի միջեւ: Որքանո՞վ կստացվի՝ այլ հարց է, բայց գիտեմ, որ մեր հասարակության 25-30 տոկոսն ինքնուրույն որոշում կայացնողներ են: Կարծում եմ, որ այդ մարդկանց բացարձակ մեծամասնությունը կարող է քվեարկել ՀԴԿ-ի օգտին, որովհետեւ մենք միակն ենք, որ ներկայացնելու ենք այլընտրանքային ծրագիր: Մյուս մասնակից կուսակցությունները կամ շատ ազատական գաղափարախոսության կրող են, կամ այսօրվա «բազարային» հարաբերությունները պաշտպանող: Մենք ներկայացնելու ենք սոցիալ-դեմոկրատական ծրագիր, որի մանրամասները 10-15 օրվա ընթացքում պարզ կլինեն:

Այո, մենք շատ լավ հասկանում ենք եւ գիտենք, որ արդեն սկսվել են մարդկանցից անձնագրեր հավաքելու դեպքերը, գրի են առնում տվյալները՝ խոստանալով փող, ձեթ կամ պաշտոն: Թեեւ այդ խոստումները մեծամասամբ չեն կատարվում՝ ժողովուրդը գայթակղված է, կարող է որոշ չափով գնալ այդ ճանապարհով, բայց եթե դրա հետ հաշվի նստենք ու չգնանք ընտրությունների՝ միանգամից տանուլ տված կլինենք: Այսպես գոնե կպայքարենք: Ինչո՞ւ ոչ՝ հուսադրող է նաեւ այն, որ հիմա մեր կուսակցության շուրջ հավաքագրված են մեծ թվով մտավորականներ, երիտասարդներ, կանայք. հիմք ունենք ասելու, որ մեր նպատակին կարելի է հասնել:

– Հնչակյանների եւ ՀՅԴ-ի հետ բանակցությունների մեջ էիք. ի՞նչ պատճառով ընդհանուր հայտարարի չեկաք:

– Դաշնակցության հետ այդպիսի կոնկրետ բանակցություններ չենք վարել: Հնչակյանների հետ ենք բանակցություններ վարել, համատեղ մի համաժողով էլ անցկացրինք: Բայց որ դաշինք չկայացավ՝ պատճառը մենք չենք, իրենք են: Որքան ես գիտեմ՝ Հնչակյանները հրաժարվել են ընտրություններին մասնակցել: Պարզ է, որ մենք պետք է գնայինք մեր ճանապարհով: Մանավանդ, որ գտնում ենք՝ եթե բաց դեբատներ կազմակերպվեն՝ մենք միանշանակ հաղթող ենք դուրս գալու: Ովքեր կասկածում են՝ ես նրանց հրավիրում եմ բանավեճի:

– ՆԺԿ նախագահը երեկ մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ պետք է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց եւ նախապատրաստվել հետընտրական զարգացումներին: Նա նաեւ ակնարկել էր, որ այդպիսի գործընթաց արդեն կա: Դա ճի՞շտ եք համարում:

– Ես ծանոթ չեմ այդ մտահղացումներին, բայց, մյուս կողմից, չեմ կարողանում հասկանալ՝ եթե ընտրություններն անցնեն, ի՞նչ նոր գործողություններ պետք է առաջարկենք: Նոր մարտիմեկյա՞ն, հեղափոխակա՞ն: Եթե դա է իմաստը՝ ես չեմ կիսում այդպիսի տրամադրությունները: Այլ հարց է, որ մենք պայքարենք հիմա, կարողանանք հնարավորինս պաշտպանել մեր եւ մեր ժողովրդի շահերը: Եթե ցանկություն կա՝ եկեք միավորված գնանք ու ժողովրդի հետ փորձենք այնպիսի ընտրություններ իրականացնել, որոնք ինչ-որ բան կփոխեն: Իսկ եթե ընտրություններն ավարտվեցին, ժողովուրդը հայտնի խոսքն է ասելու. «Ճաշից հետո մանանեխ պետք չէ»:

Շատ ճիշտ կլիներ նաեւ, որ բոլորը միասնաբար հանդես գային քաղաքական գովազդի խայտառակ գների դեմ՝ մեկ րոպեն 118-120 հազար դրամ: Դա եւ ընտրագրավն արդեն իսկ անհավասար պայմաններ են ապահովում: Նշանակում է, որ ամեն ինչ արվում է արհեստականորեն սահմանափակելու ընտրություններին մասնակցող ուժերի քանակը: Սրանք հարցեր են, որ բոլորը միասնաբար պետք է պայքարեին, բայց մի կողմ քաշվել, նստել եւ տեսնել, թե ընտրություններն ինչպես են անցնելու… Իսկ եթե չկարողանա՞նք հաստատել, որ կեղծիքներ են արել: Իմիջիայլոց, հնարավոր է, որ բացահայտ կեղծիքներ չանեն: Հիմա՝ այս փուլում, գնեն մարդկանց ձայները, ադմինիստրատիվ ռեսուրսով պարտադրեն եւ այլն՝ ո՞նց ենք հաստատելու: Հրազդանի օրինակը դա ցույց տվեց:

Եթե մենք կարողանանք այս ընտրություններում որակական փոփոխություն մտցնել ժողովրդի այն հատվածի մասով, որը ինքնուրույն է ընտրության գնում՝ դա արդեն լուրջ բան կլինի: Եթե կարողանանք մարդկանց հավատ ներշնչել եւ միասնաբար դա անել՝ ավելի լավ:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031