Լրահոս
Օրվա լրահոսը

Մշուշոտ գաղափարներ

Մարտ 09,2012 12:14

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» (հավանաբար՝ «Ազատ դեմոկրատների» հետ միասին): Մնացած քաղաքական ուժերը, եթե նույնիսկ մասնակցելու են, ապա ԱԺ-ում հայտնվելու ոչ շանս չունեն, ինչպես նաեւ չունեն դերակատարություն Հայաստանի հասարակական կյանքում: ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, որպես խելացի մարդ, դա հասկացել է եւ իրավամբ որոշել է բախտը չփորձել: Պետք է ենթադրել, որ Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը նույնքան իրատեսական կգտնվեն եւ կմասնակցեն ընտրություններին ՀՀԿ հովանու ներքո: Բացառված չէ, իհարկե, որ ընտրարշավին կմասնակցեն այլ մանր կուսակցություններ, բայց դա լավագույն դեպքում կլինի քիչ թե շատ հաջողված «բիզնես-նախագիծ»:

Ես շատ կուզենայի, որ սկզբում թվարկած 6 կուսակցություններն էլ հայտնվեն Ազգային ժողովում, ընդ որում՝ մեկը մյուսի նկատմամբ չունենա շատ մեծ առավելություն՝ այդպիսով կարող է ստացվել մի վիճակ, որը գոնե մի քիչ նման է ժողովրդավարական երկրներում առկա «զսպումների եւ հակակշիռների» մեխանիզմին: Ճիշտ է, մեր իրականությունն այնպիսին է, որ դժվար թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները նման համակարգի համար նախադրյալներ ստեղծեն:

«Դասական» վիճակից մեզ տարբերում է այն, որ հիշյալ 6 կուսակցություններից 4-ի գաղափարախոսությունը շատերիս համար մշուշի մեջ է: ՀՀԿ-ն ասում է, որ նա ազգային պահպանողական է, նժդեհական, տարոնական եւ ցեղակրոն: Ինչ մեղքս թաքցնեմ, ես չեմ հասկանում, թե ինչ է դա նշանակում: Հավանաբար, դիմեմ Ալրաղացի Լյովին կամ Նավոյին, որ ինձ բացատրեն: Նժդեհն, իհարկե, ազգային հերոս է եւ մի շարք ուշագրավ հրապարակախոսական հոդվածների հեղինակ: Բայց թե ինչ պիտի անեմ ես, որպեսզի «ցեղվեմ», ինչ է ենթադրում այդ գործողությունը՝ ես չգիտեմ:

Քիչ թե շատ պարզ է, թե որ ուղղությամբ են ուզում տանել երկիրը Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»: Մնացածը գերադասում են իրենց դավանած գաղափարների մասին խոսել առավել ընդհանուր խոսքերով: Մասնավորապես, ՀԱԿ-ն ասում է՝ քանի որ ներկայիս Հայաստանում բռնապետական ռեժիմ է, բացարձակապես նշանակություն չունի, թե ով ինչ գաղափարախոսություն է դավանում: Երբ ՀԱԿ-ը կգա իշխանության, կհաստատի ժողովրդավարություն, լեգիտիմություն եւ սահմանադրական կարգ, եւ ահա դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել գաղափարախոսությունների մասին: Իսկ նրանք, ովքեր չեմ հավատում, որ ՀԱԿ-ն ի վիճակի է եւ, ամենակարեւորը՝ մտադիր է այդ ամենն անել, նա սրիկա է եւ տականք: Դա հիշեցնում է խորհրդային շրջանի կատակը՝ «այնպիսի խաղաղություն կհաստատենք ամբողջ աշխարհում, որ քարը քարին չի մնա»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031