Պատասխանելով aravot.am-ի այն հարցին, թե դեսպան նշանակվելու կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ է ծանոթանալ հայկական խոհանոցին եւ ո՞ր կերակրատեսակներն է հավանել, տիկին Քեթրին Լիչը ասաց. «Իրականում շատ դժվար է առանձնացնել կերակրատեսակները, կարող եմ վստահ ասել, որ այն, ինչ փորձել եմ Հայաստանում, շատ համեղ է եղել , բայց անշուշտ ամենահամեղը տոլման է, լավաշը»:
Տիկինը, բնականաբար, խոհանոցը դիտարկում է որպես տվյալ երկրի մշակույթի բաղադրիչ մաս: Իսկ նա այսօր Գյումրիում էր մշակութային ինքնատիպ ծրագրով. Կանանց միջազգային օրը այս քաղաքում նշանավորվեց Բրիտանական շաբաթվա մեկնարկով: Մինչ դիվանագետը կայցելեր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրետ Թետչերի անունը կրող Գյումրու անգլիական թիվ 20 դպրոց, ժամանակակից արվեստի «Ստիլ» պատկերասրահում ցուցադրվեց հայ ու եվրոպացի նկարիչ-մոդելավորողների ստեղծած հագուստի համատեղ հավաքածուն, որը բաղկացած էր 20 կտորից: Այդ հագուստները ստեղծվել են 5 հայ և 5 եվրոպական երկրների` Միացյալ Թագավորության, Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Ռումինիայի նկարիչ-մոդելավորողների փոխայցելությունների արդյունքում: Մոդելավորողները ուսումնասիրել են տվյալ երկրների մշակույթը, սովորույթը ու ըստ այդմ գծագրել հետաքրքիր զգեստներ: Հավաքածուն նախատեսված է ցուցադրել նաև Եվրոպայում:
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, խոսելով այս ցուցահանդեսի մասին, ասաց, որ հավաքածուի մեջ կան հագուստներ, որոնք ինքը մեծ հաճույքով կկրի: Իսկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում այսօրվանից սկսվեց բիտանական կինոֆիլմերի 10-ամյակին նվիրված փառատոնը. անգլերեն լեզվով ու հայերեն նշագրերով ցուցադրվեց «Բաբելոնյան հրդեհ» կինոնկարը, որը խորհրդանշում է Վեստ Ինդիայի մարզիկների պայքարը սևամորթների իրավունքների պաշտպանության, ռասսայական խտրականության դեմ: Գյումրիում ցուցադրվող հին ու նոր բիտանական ֆիլմերը նվիրված են 2012 թվականի օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են Մեծ Բրիտանիայում, Չարլ Դիքենսի 200-ամյակին ու մարդու իրավունքներին:
«Ընտրելով «Բաբելոնյան հրդեհը»` ուզում ենք ասել, որ սպորտը ուղղակի սպորտ չէ, այն ավելի մեծ գաղափարախոսություն է իր մեջ պարունակում, այն Մեծ Բրիտանիայում օգտագործվում է որպես ռասիզմի դեմ պայքարի, ինչպես նաև սահմանափակ հնարավորությամբ մարդկանց ինտեգրման միջոց: Այս տարի Լոնդոնում հյուրընկալվելիք օլիմպիական խաղերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ այնքան կարևոր է քո մաշկի գույնը, կամ այսպես ասած քո ամբողջովին կարող լինելը, քան քո խելքը, քո իմացությունը և քո ցանկությունը»,– ասաց տիկին դեսպանը: Ի դեպ, նա իր խոսքը սկսեց բավականին վարժ հայերենով: «Ես սովորում եմ հայերեն, բայց դժբախտաբար շատ լավ չեմ խոսում, բայց հուսով եմ, որ շուտով ավելի լավ կլինի, ես շատ լավ ուսուցիչ ունեմ»,-փայլուն հայերենով լրագրողներին ասաց Քեթրին Լիչը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ