Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում եվրոպական կառույցների պաշտոնյաների, այդ թվում` Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպումներում, առիթ ունենալով անդրադառնալու Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները, իրոք, վճռական են ընտրությունները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան՝ «Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարևորությունը մեր երկրի հետագա զարգացման համար» կամ՝ «Հայաստանի իշխանությունն իր առջեւ խնդիր է դրել առաջիկա ընտրությունները անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան, այնպես, որ դրանք լինեն անկախացումից ի վեր մեր երկրի պատմության մեջ լավագույնը»:
Արդյոք ընդդիմադիր ուժերը հավատում են ՀՀ նախագահի այս հավաստիացումներին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Բավականին ժամանակ է, որ եվրոպական ամենատարբեր ամբիոններում, նաեւ ԵԺԿ-ում դիտորդի անդամի կարգավիճակ ստանալիս, Սերժ Սարգսյանը շատ կատեգորիկ հայտարարում է այդ մասին, եւ, բնականաբար, ես ենթադրում եմ, որ դրանք հայտարարություններ են, որոնցով նա ինքն իր վրա լուրջ պատասխանատվություն է դնում: Իշխանական ուժը` այդ կոալիցիա կոչվածը, գիտենք, որ Հայաստանում, ըստ էության, ֆոն է մեկ անձի համար, իսկ այդ մեկ անձը միշտ ՀՀ նախագահն է. այդպես է եղել այս 20 տարիների ընթացքում: Իհարկե, այն, ինչ Հայաստանում արվում է փաստացի, եւ այն, ինչ հայտարարվում է դե յուրե՝ հատկապես եվրոպական ամբիոններից, խորը հակասությունների մեջ են, եւ ես չեմ տեսնում, որ այս քայլով իսկապես հնարավոր է իրականացնել այն, ինչի մասին Սերժ Սարգսյանը հայտարարում է»:
«Ժառանգության» ներկայացուցչն իր այս դիտարկումը փաստարկեց կոնկրետ օրինակներով՝ Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված խորհրդարանական բուռն բանավեճերը, 41 մեծամասնական տեղերի հետ կապված խնդիրը, որը Ռուբեն Հակոբյանի մատուցմամբ՝ «քաղաքական դոպինգ է իշխանության համար խորհրդարանում 41 ավելի տեղ ունենալու նպատակով», նաեւ քվեարկողների ցուցակների հրապարակայնության առնչությամբ ընդդիմության դեմ իշխանությունների ծավալած «դաժան պատերազմը», որով վերջիններս հասան այն բանին, որ քվեարկողների ցուցակները չհրապարակայնացվեն, «որովհետեւ 600-800 հազար ընտրողներ բացակայում են Հայաստանից, եւ հիմնական լցոնումները, որոնք հասնում են մի քանի հարյուր հազարի, կատարվում են հենց այս բացակայող քաղաքացիների հաշվին: Երեւի հիշում եք, որ անցած ընտրություններում եղան տեղամասեր, որտեղ ընտրություններին մասնակցել էր ընտրողների մինչեւ անգամ 140 տոկոսը»:
Կարդացեք նաև
«Իհարկե, ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ, բայց գործնականում դա չեմ տեսնում: Մանավանդ Սերժ Սարգսյանի այն թիմում, որը խոսում է ընտրությունների մասին, որոնց հետ նաեւ տարբեր առիթներով բախտ եմ ունեցել բանավիճելու, տեսնում եմ, որ բացարձակապես այդ կամքը չկա»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:
Նաիրա Մամիկոնյան
Ռուբեն Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի մարտի 9-ի համարում