Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերից այսօր առավոտյան հոգեկան հիվանդ է փախել:
Դիսպանսերն ունի առանձին բաժին, որտեղ տարբեր հոգեբուժարաններից տուբերկուլյոզով հոգեկան հիվանդներ են բուժում անցնում:
Ըստ Tert.am-ի աղբյուրի` փախուստի դիմած հիվանդը միջին տարիքի տղամարդ է։
Թեև փախուստի դիմածը վտանգավոր հոգեկան հիվանդ չի համարվում, նրա փախուստը իրարանցում է առաջացրել դիսպանսերի ղեկավարության շրջանում. բոլոր աշխատողները, չնայած տոնական ոչ աշխատանքային օրվան, այսօր աշխատանքի են կանչվել:
Հիվանդին գտնելու փորձերը առայժմ արդյունք չեն տվել։
Հակատուբերկուլյոզային դիսպանսերը ստիպված է եղել դիմել տեղի ոստիկանություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատելով տեղեկատվությունը՝ հայտնեցին, որ փախուստի դիմած անձը ժամը 16.15-ի դրությամբ դեռ հայտնաբերված չէ: Նաև պարզաբանվեց, որ նա ոչ թե հանցագործ է, այլ տուբերկուլյոզով հիվանդ:
«Առավոտի» կողմից ավելացնենք, որ տուբերկուլյոզը ծանր վարակիչ հիվանդություն է, որն անցնում է օդակաթիլային եղանակով: Այսինքն` անկախ նրանից, հոգեկան հիվանդություն ունե՞ր, թե՞ ոչ, հիվանդի` դրսում, առանց բժիշկների հսկողության գտնվելը, վտանգավոր է շրջապատի համար: