Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան եռակողմ հուշագիր են ստորագրել

Մարտ 08,2012 18:13

Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, արխիվ

Նախիջեւանում տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռօրյա հանդիպման արդյունքում եռակողմ հուշագիր է ստորագրվել, որտեղ անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: 

«Կողմերը կարեւոր են համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը` հիմնված ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու վրա, եւ ընդգծում աջակցությունը տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», – նշված է չորեքշաբթի օրը ստորագրված հուշագրում:

Թուրքական «Զամանը» գրում է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Իրանը կոնսենսուսի են եկել, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է շուտափույթ լուծել: Ըստ թուրքական այդ պարբերականի մեկնաբանի՝ սա ուղիղ մեսիջ է Հայաստանին: Տարածաշրջանային կայունության համար նրանք ընդգծել են Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման կարեւորությունը` շեշտելով, որ խնդրի լուծումը օգտակար կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար:

Ինչ վերաբերում է երեք երկրների միջեւ համագործակցությանը, ապա Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բարգավաճ տարածաշրջան կառուցելու համար պատրաստակամություն են հայտնել խորացնելու առեւտրատնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջության, էներգետիկ ոլորտներում համագործակցությունը` քննարկելով նաեւ միմյանց միջեւ վիզային ռեժիմների դյուրացման հարցերը:

Քննարկվել են նաեւ ավելի ընդհանուր հարցեր, ինչպես օրինակ` պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութի, զենքի ապօրինի շրջանառության դեմ:

Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. – «Մենք կարող ենք խաղաղ եւ բարգավաճ տարածաշրջան կառուցել Հարավային Կովկասում»:

Նա ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը արդեն կարեւոր քայլեր են կատարել տարածաշրջանային կապերը խորացնելու ուղղությամբ:

Իրանի արտգործնախարարը հաստատել է. – «Մենք երեք երկրներ ենք, երեք մարմիններ` մեկ հոգով: Սա անշուշտ արտացոլված է հուշագրում»:

Նրանք նշել են, որ երեք երկրները միասին ավելի քան 170 միլիոն բնակչություն ունեն, որը կարող է շատ խոշոր շուկա լինել:

Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն, Ալի Ակբար Սալեհին նաեւ երկկողմ հանդիպումներ են ունեցել: Իրանի արտգործանախարարի հետ հանդիպմանը Դավութօղլուն վերահաստատել է, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի հետ բանակցություններում:

Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031