Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինում թուրքերն արգելել են ցեղասպանության լուսանկարների ցուցադրությունը

Մարտ 08,2012 15:56

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում Համբուրգի համալսարանի դոկտոր Աննա Մարի Բրաունը եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, Վափրթալի համալսարանի ասպիրանտ Մանուշակ Մարկոսյանը ներկայացրին Հայոց ցեղասպանության մասին իրենց ուսումնասիրությունները: Դոկտոր Բրաունը Գերմանիայում զբաղվում է Հայոց ցեղասպանության եւ Արցախյան հակամարտության ուսումնասիրությամբ, ծանոթացել է հայկական ճարտարապետությանը, նկարիչների եւ գիտնականների գործերին եւ զարմացած է այն հանգամանքով, որ թուրքերն աչք են փակում ցեղասպանության վրա:

«Կարեւոր է, որ գերմանացիներն իմանան ցեղասպանության մասին: Մեր երկրում քիչ է խոսվում դրանից: Հայաստանը շրջապատված է մահմեդական երկրներով, այդ իսկ պատճառով քրիստոնեական մյուս երկրների աջակցությունն անհրաժեշտ է»,- նշեց տիկին Բրաունը, որը Մանուշակ Մարկոսյանի հետ Գերմանիայում կազմակերպել է ցեղասպանության լուսանկարները ներկայացնող ցուցահանդեսներ: «Դրանք ցեղասպանության ականատես, լուսանկարիչ Արմին Վեգների գործերն էին, որոնք նախկինում չէին ցուցադրվել»,- նշեց Մ. Մարկոսյանը: Նա հավելեց, որ վերջերս Բեռլինում արգելվել է ցեղասպանության լուսանկարների մեկ այլ ցուցահանդես. «Գերմանացիները համարձակություն չունեն ցուցադրել, որովհետեւ թուրքերն ազդեցիկ են եւ արգելում են; Բացի այդ՝ հայկական համայնքն էլ թույլ է եւ մասնատված»,-ասաց պատմաբանը:

Աննա Բրաունի հավաստմամբ՝ գերմանացի հասարակությունը, նույնիսկ գյուղացին է հետաքրքրված Հայոց ցեղասպանությամբ. «Մեկը մի առիթով ինձ ասաց, որ հայերը չպետք է տխրեն. Արարատի վրա ընդամենը գորգ է գցված, որը կարելի է փաթաթել եւ մի կողմ նետել»: Իմ կարծիքով՝ Արարատը մարդկության բնօրրանն է եւ այդտեղից է սերում հայերի հայրենասիրությունը»: Դոկտորը տպավորված է նաեւ Երեւանի բնությամբ եւ քիչ պահպանված հին կառույցներով, որոնք աստիճանաբար քանդվում են. «Ես կխնդրեի պահպանել դրանք, որովհետեւ եվրոպացիները հետաքրքրվում են ոչ թե նորակառույցներով, այլ հնություններով: Բացի այդ, քաղաքի գեղեցիկ անկյունները կողտոտ են: Մաքրության համար պարտադիր չէ շատ գումար ծախսել»:

Մ. Մարկոսյանի եւ Ա. Մ. Բրաունի համագործակցության արդյունքում առաջիկայում կտպագրվի Արմին Վեգների «Տեղահանություն» վեպը, որում պատմվում է հայերի՝ թուրքերի կողմից կազմակերպված տեղահանության ընթացի մասին;

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031