Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օտարներն առաջարկել են համագործակցել

Մարտ 08,2012 13:30

Վերջերս Դուբայում (ԱՄԷ) տեղի ունեցավ «Դեղերի հայտնագործում եւ թերապիա» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը, վերջինիս շրջանակներում էլ՝ Կենսատեխնոլոգիայի առաջին միջազգային համաժողովը: Գիտաժողովին, որն ուներ 5000 մասնակից՝ 63 երկրից, Հայաստանից հրավիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը՝ որպես առանցքային բաժիններից մեկի նախագահ եւ զեկուցող:

«Գիտաժողովը նվիրված էր երկրագնդի բնակչությանը ամենահուզող հարցերից մեկին՝ հիվանդությունների թվի աճին: Նպատակն էր քննարկել նրանց առաջացման, կանխարգելման եւ բուժման բնագավառներում միջազգային ձեռքբերումները: Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահն էր Նոբելյան մրցանակակիր Ֆերիդ Մուրադը, դասախոսություններով հանդես գալու համար հրավիրված էին նաեւ հայտնի դեղագործական կազմակերպությունների ղեկավարներ, անվանի գիտնականներ, այդ թվում՝ 7 Նոբելյան մրցանակակիր»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Հայրապետյանը: Նա հավելեց, որ իր զեկուցումը վերաբերում էր քաղցկեղի առաջացման բջջային մեխանիզմներին. «Զեկուցմանս համար նյութ են հանդիսացել մեր կենտրոնի եւ հանրապետության վեց գիտական հիմնարկությունների աշխատակիցներից ձեւավորված կամավոր թիմի հետազոտությունների արդյունքները: Դրանք բացում են նոր հորիզոններ՝ հիվանդության արագ ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների մշակման համար»:

Մեր զրուցակիցը ցավով փաստեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ ունեցող իրենց կենտրոնի թեմաները պետության կողմից համարվում են ֆինանսավորման ոչ արժանի: Պարոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում հրավիրված է Հնդկաստանում կայանալիք «Կենսահամատեղելիություն եւ կենսահամարժեքություն» խորագրով միջազգային 3-րդ համաժողովին:

«Ներկայումս մեր կենտրոնի ինժեներական խմբի կողմից մշակվում է քաղցկեղի արագ ախտորոշման գործիք: Ուռուցքաբանության կենտրոնի հետ էլ մշակվում է կլինիկական փորձարկումների աշխատանքային ծրագիր:

Մեր թիմը պատրաստվում է դիմել երկրի ղեկավարությանը խնդրանքով՝ համարժեք օժանդակություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել քաղցկեղի ուսումնասիրման տարածաշրջանային գիտաբժշկական կենտրոն: Մենք ունենք բոլոր տվյալները դրա համար: Մեզ արդեն այս ոլորտում առաջարկել են համագործակցել ֆրանսիացի, լեհ, չեխ, իրաքցի եւ արաբ գիտնականները»,- հավելեց պարոն Հայրապետյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031