Բալետային արվեստում բազմաթիվ օրինակներ կան, երբ առաջին մեծության աստղերը իրենց կյանքն անմնացորդ նվիրելով բեմին՝ զրկվել են մայր լինելու երջանկությունից: Հիշատակենք գոնե երեք անուն՝ Գալինա Ուլանովա, Մայա Պլիսեցկայա, Եկատերինա Մաքսիմովա:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը «Առավոտի» հետ զրույցը սկսեց 20-րդ դարի մեծանուն պարուհի Մայա Պլիսեցկայայի խոսքերով. «Արվեստի մեծագույն երջանկությունը առ ոչինչ է մարդկային երջանկության առջեւ: Ես իմ բոլոր դափնիները կտայի հանուն այն բանի, որ բեմում ինձ ծաղիկ նվիրողների մեջ առաջինը երեխաս լիներ»:
Հայ բալետի աստղը, որ արդեն 20 տարի բեմում է, նշեց, որ համամիտ չէ իր ավագ այն գործընկերների հետ, որոնք առաջնահերթությունը տվել են կարիերային. «Պարուհիներիս մոտ չափազանց կարճ է բեմական կյանքը: Այսօր աստղ ես՝ երկրպագուներ, բրավոներ, ծաղիկներ, հաճելի աժիոտաժ… սակայն գալիս է մի օր, որ ավարտվում է այդ ամենը, դառնում մարդկային սովորական մի պատմություն»: Պարուհին հավելեց նաեւ, որ դստեր՝ 16-ամյա Լիլիայի ծնվելուց ընդամենը 2 տարի անց ինքն արդեն բեմում էր Նինայի դերապարով՝ Խաչատրյանի «Դիմակահանդեսում»:
Կարդացեք նաև
Ժակլին Սարխոշյանն ասաց, թե պատրաստ է կրկին մայրանալ, միայն թե ապագա երեխան ունենա արժանի հայր: Կատակեց, թե երկրորդ երեխան գուցե իրեն «արժանացնի» վաստակավորի կոչման:
Տարբեր երկրներում եւ հեղինակավոր բեմերում բալետային գրականության առաջատար մենապարերով հանդես եկած պարուհուց հետաքրքրվեցինք՝ կերտած բոլո՞ր կերպարներն են իրեն հոգեհարազատ: «Դրանք պարզապես դերեր են: Օրինակ, հպարտ ու կրակոտ Կարմենը, նուրբ ու թրթռուն Ժիզելը, գունեղ ու ավանդապահ Գայանեն, սիրող կին Ֆրիգիան… Այս կերպարներում պարզապես կանացի պատմություններ են: Քանի որ մշտապես շահարկվում են ուժեղ եւ թույլ կին արտահայտությունները, ինքս կուզեի լինել թույլ կին՝ ուժեղ տղամարդու կողքին»,- անկեղծացավ Ժակլինը:
Անդրադարձ եղավ նաեւ մեր զրուցակցի բարեգործական համերգներին: Պարուհին նշեց, որ այցելել է հիվանդանոցներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մի շարք ելույթներ ունեցել մանկատան երեխաների համար: «Մեզանում բարեգործական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ առաջին դեմքերի հովանավորությամբ: Երազանք ունեմ պարի դասընթացներ անցկացնել մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաների հետ, ինչը թեկուզ դանդաղորեն, բայց կզարգացնի նրանց մկանները՝ փոքր-ինչ օգնելով շարժվել: Աշխարհում այդպիսի պրակտիկա գոյություն ունի: Նման նախագծեր պետք է կանայք նախաձեռնեն՝ հասկանալի պատճառով»,- կարծում է արվեստագետը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ