Մաշտոցի այգում շարունակվում է բողոքի ակցիան, որը ծագել էր այգում կրպակների եւ խանութների շինարարությունը սկսելու որոշումից հետո: Քաղաքապետարանից ոչ մի տեղեկություն կամ պատասխան չստանալուց հետո ուղեւորվեցի այգի եւ զրուցեցի ակցիայի մասնակից՝ մասնագիտությամբ բժիշկ Արա Պետրոսյանի հետ:
– Ինչքա՞ն ժամանակ է, որ մասնակցում եք բողոքի ակցիային, եւ կա՞ն որեւէ փոփոխություններ, արձագանքներ:
– Այստեղ եմ ակցիայի սկսման առաջին իսկ օրից. ժամանակավորապես դադարեցվել է շինարարությունը, մարդկանց քանակն է ավելացել: Մամուլն անմիջապես արձագանքեց, մի քիչ ուշացավ քաղաքապետարանը, որի ներկայացուցիչները ընդամենը երկու անգամ փոխհամաձայնության գալու փորձերից հետո կրկին լռում են:
– Մի՞թե հենց շինարարություն սկսելու որոշումն էր, որ գրավեց հանրության ուշադրությունը, քանի որ այգին միչեւ այդ անխնամ եւ ուշադրությունից զուրկ էր:
– Գիտե՞ք, այն փաստը, որ այգին կեղտոտ եւ անխնամ վիճակում էր մինչեւ այժմ, կրկին քաղաքապետարանի մեղքն է, իսկ այստեղ բետոն լցնելով եւ խանութներ, կրպակներ բացելով այն ավելի մաքուր կամ լավը չեն դարձնի: Այգին գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ քաղաքի սրտում, առանց դրա Երեւանը Երեւան չէ:
– Ի՞նչ եք կարծում՝ անհրաժեշտ է մի կողմ քաշվել եւ խնդրի լուծումը թողնել մասնագետների՞ն, թե՞ այն հանրային է:
– Այս խնդրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն քաղաքական չէ, որ կոնկրետ մարդիկ զբաղվեն դրանով, եւ ոչ էլ միայն բնապահպանական է. այն հանրային բնույթ ունի: Այն իր շուրջն է հավաքել տարբեր մասնագիտությունների, հետաքրքրությունների տեր մարդկանց՝ հանուն մեկ ընդհանուր գաղափարի՝ փրկել բնության այս անկյունը կործանվելուց, եւ եւս մեկ անգամ ապացուցենք, որ հասարակությունն է կազմում երկրի հոծ զանգվածը, եւ վերջնական որոշումը նա պետք է կայացնի:
– Ճի՞շտ է արդյոք, որ ակցիայի մասնակիցները որոշակի վճար են ստանում այգում գտնվելու համար:
– Այս հարցը բարձրացնողները կարող են իրենց պատասխանը ստանալ, երբ գան ու տեսնեն, թե ինչպես ենք մենք գալիս այստեղ, ինչով ենք սնվում ու տաքանում՝ ի տարբերություն այլ տեսակի հավաքների, իսկ սա իրականում հավաք չէ, ոչ ոք մեզ չի ապահովում սննդով. ամեն ինչ անում ենք ինքներս: Մենք նաեւ չենք կրում այն թանկարժեք հագուստներից, որոնք պետք է վաճառվեին այգու ենթադրյալ խանութներում, իսկ վճարվում են, անշուշտ, մեզ ամեն օր ուշադիր հետեւող ոստիկանները, քանի որ նրանք իրենց աշխատանքն են կատարում. մենք ինքնակամ ենք այստեղ, այլ ոչ՝ աշխատանքի բերումով:
– Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եւ ի՞նչ սպասումներ ունեն ակցիայի մասնակիցները:
– Հաջորդ քայլը կլինի նման ակցիաները հայկական իրականության մեջ սովորական դարձնելը եւ դրանց օրինակով երկրում առկա այլ լուրջ էկոլոգիական խնդիրների մասին բարձրաձայնելը: Իսկ ակցիայի հիմնական պահանջը եւ ակնկալիքը այգում շինարարական աշխատանքների ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական դադարեցումն է. բնությունը ստեղծված է օգտագործվելու ի շահ մարդկության եւ ոչ թե՝ բիզնեսի:
ԱՆՆԱ ԹԱՄԱՄՅԱՆ
միջազգային լրագրության
3-րդ կուրսի ուսանողուհի