Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ լրագրողներն այսօր պահանջված են»

Մարտ 08,2012 13:22

 Հարցազրույց Երեւանի Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» ԳՈՒ կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի հետ:

– Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ այսքան շատ ժուռնալիստիկայի ֆակուլտետների եւ բաժինների մեջ ստեղծվեց ժուռնալիստիկայի բաժին նաեւ ԵՊԼՀ-ում:

– Բաժնի բացումը պայմանավորված էր նոր ֆակուլտետի՝ լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն, բացումով (2004-ին), նույն ընթացքում էլ որոշվեց այլ մասնագիտությունների թվում նաեւ լրագրությունը ներառել, քանի որ այն լիովին համապատասխանում է լեզվաբանության եւ հաղորդակցության տրամաբանությանը:

– Ինչո՞վ են տարբերվում ձեր ուսանողները այլ բուհերի ուսանողներից, դուք ի՞նչ եք սովորեցնում, որ ուրիշները չեն անում:

– Մեր համալսարանն ունի մի շատ կարեւոր առավելություն. այստեղ շատ մեծ է լեզվաբանության գործոնը եւ օտար լեզուների ուսումնասիրությունը, մեր ուսանողները, ի տարբերություն մյուսների, համալսարանում տիրապետում են նաեւ երկու օտար լեզվի, եւ հատկապես առաջինին նրանք տիրապետում են շատ բարձր մակարդակով: Այժմ մենք գնում ենք նաեւ երկրորդ օտար լեզուն ուժեղացնելու ճանապարհով, որպեսզի մեր ուսանողները, ապագա մասնագետները կարողանան լրագրողական նյութեր պատրաստել նաեւ այլ լեզուներով: Ինչ վերաբերում է լրագրությանը, մենք ավելի շատ կողմ ենք պրակտիկ ուսուցմանը եւ առաջնորդվում ենք «մինիմում՝ տեսական եւ մաքսիմում՝ գործնական» սկզբունքով, քանի որ լրագրությունն ինքնին շատ պրակտիկ մասնագիտություն է: Մենք պարբերաբար քննարկումներ ենք կազմակերպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որպեսզի մեր ուսումնական պլանները հնարավորինս համապատասխանեցնենք մեդիաշուկայի պահանջներին:

– Ուսանողները պրակտիկա են անցնում տարբեր թերթերում, կայքերում, հեռուստաընկերություններում եւ ռադիոյում,Դուք գո՞հ եք այդ պրակտիկայից, ուսանողները կարողանո՞ւմ են բավարար ինքնադրսեւորվել:

– Այո, ի տարբերություն շատ բուհերի՝ մեզ մոտ պրակտիկային շատ մեծ ուշադրություն է դարձվում, եւ ԶԼՄ-ներում մեր գործընկերները նույնպես շատ պատասխանատվությամբ են վերաբերվում գործին, ինչի համար շատ շնորհակալ ենք: Սա ձեւական բնույթ չի կրում բացարձակապես, ուսանողները գիտեն, որ հաշվետու են լինելու իրենց կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, տարբեր լրատվամիջոցների հայտնի լրագրողներ, ԶԼՄ-ների ղեկավարներ են դասավանդում մեր համալսարանում եւ, բնականաբար, ավելի սրտացավ են մոտենում ապագա լրագրողներ պատրաստելու գործին: Մենք համոզված ենք, որ լրագրողների պատրաստման գործում ակտիվ մասնակցություն պետք է ունենան նաեւ մեդիա-ոլորտի ներկայացուցիչները:

– Իսկ ինչպե՞ս է լուծվում ուսանողներին աշխատանքով ապահովելու հարցը, մանավանդ՝ այսօր լրագրողների պակաս, կարծես թե, չկա:

– Մեզ համար աշխատանքով ապահովելու խնդրի լուծման միջոց է հենց ուսանողների պրակտիկան, մենք ուսանողներին պատրաստում ենք նաեւ հոգեբանորեն: Գաղտնիք չէ, որ կարեւոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլեւ սեփական կարիերան կառուցելու ունակությունները, այն հատկանիշները, որոնք կօգնեն հետագայում որպես մասնագետ դրսեւորվելու համար: Չնայած այսօր լրագրողները եւ լրատվամիջոցները շատ են, այդուհանդերձ, լավ լրագրողները միշտ էլ պահանջված են: Իսկ մենք փորձում ենք պատրաստել միայն լավ լրագրողներ:

ՄԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ԵՊԼՀ միջազգային լրագրության

3-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031