«Կա մի վարժության ձեւ, երբ օդում գալիս, զույգերով միանում ենք իրար, այդ ժամանակ էլ անակնկալ ձեւով համբուրեց»: Համբուրվողը կապիտան Քրիստինա Իլիկչյանն էր, համբուրողը՝ նրա ամուսինը՝ գնդապետ Թեւոս Իլիկչյանը: Արդեն 22 տարվա զինվորական զույգը ծանոթացել ու սիրահարվել է թռիչքների ընթացքում՝ օդում, ապա երկնային սերը դարձել է երկրային ու շարունակվում է մինչեւ հիմա: «Առավոտի» թղթակիցը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հանդիպել, շնորհավորել ու զրուցել է պաշտպանության նախարարության թիվ N զորամասի որոնողափրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության պետ, կապիտան Քրիստինա Իլիկչյանի հետ:
– Տիկին Իլիկչյան, մեր կյանքում կան բնագավառներ՝ այդ թվում նաեւ բանակը, որտեղ կանանց ներկայությունը, մի տեսակ, արտասովոր է եւ հաճախ զարմանք է հարուցում: Այդ առումով Ձեզ համար դժվա՞ր է բանակում:
– Ինչքան էլ իմ մասնագիտությունը համարվի տղամարդկային ու առօրյայում ավելի հաճախ շփվեմ հակառակ սեռի հետ, միեւնույն է՝ կյանքում ոչ մի վայրկյան չեմ դադարել ինձ կին զգալ: Ինչ մասնագիտություն էլ ունենաս, նախեւառաջ դու կին ես: Գուցե մի փոքր ավելի ուժեղ, քան մյուս կանայք, բայց ոչ տղամարդուց ուժեղ: Ես չէի ուզենա, որ ինձ ասեին՝ տղամարդու ես նման (ծիծաղում է.- հեղ.):
– Համաձա՞յն եք, որ բանակում՝ լինես կին, թե տղամարդ, նախեւառաջ պետք է լինել ուժեղ, որ քեզ նայող զինվորը ոգեւորվի, խիզախություն զգա:
– Միանշանակ համաձայն եմ: Բանակում, զինվորի առջեւ, դու պետք է նույնքան ուժեղ ու ամուր լինես, որքան տղամարդ զինվորականը, կամ գոնե ցույց տաս, որ այդպիսին ես: Քանի որ քո աչքերին նայող զինվորը քեզ հավատում է, իսկ իր վստահությունը չկորցնելու համար պետք է ամուր լինես: Եթե դու իր մոտ վստահություն ձեռք չբերես, եթե չկարողանաս թռիչքից առաջ իր մեջ եղած այդ վախը հանել, հավատացնել, որ դու իր կողքին ես, ապա, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում նա ինչպե՞ս է առանց վստահության ու հավատի իրեն ու քեզ պաշտպանելու:
– Խոսեցիք թռչելու վախից: Զինվորներին ինչպե՞ս եք պատրաստում թռիչքի, որպեսզի վերեւում վախի զգացում չունենան:
– Մենք զինծառայողներին այնպես ենք սովորեցնում, որ գիշերն էլ քնից արթնացնեն ու հարցնեն՝ թռիչքի ժամանակ օդում ի՞նչ պետք է անել, կասեն: Ամեն ինչ պետք է իմանան ու լավ իմանան, քանի որ օդում հրահանգիչը իրենց կողքին չէ, եւ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել: Թռիչքից առաջ զինվորներին փորձում ենք տրամադրել: Անչափ կարեւոր է մինչեւ թռիչքը զինվորների հետ ճիշտ հոգեբանական աշխատանք տանել, որ վերեւում՝ ուղղաթիռի մեջ, կարողանան հաղթահարել վախն ու անպայման թռչել, քանի որ թռիչքից հետո նրանք այնքան են փոխվում… Նրանց աչքերը մի ուրիշ ձեւով են փայլում: Այդ աչքերը տեսնելու համար արժե չարչարվել:
– Տարբե՞ր են զգացողությունները, երբ դու ես թռչում, ու երբ թռչում է զինվորդ:
– Իհարկե, տարբեր են: Երբ դու ես օդում, պատասխանատու ես միայն քեզ համար, երբ զինվորն է օդում, պատասխանատու ես նրա համար, նրա հարազատների առաջ: Անհանգստությունը, լարվածությունը շատ է, բայց սիրում եմ մասնագիտությունս, զինվորներին: Հպարտ եմ, որ չեմ սխալվել ու ծառայում եմ հայկական բանակում:
– Դուք դեռ 18 տարեկան էլ չկայիք, երբ ծառայության անցաք: Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք Զինված ուժերում:
– 1992 թվականն էր: Այնպես ստացվեց, որ այդ տարիները բավականին բարդ ու ծանր էին Հայաստանի համար: Պետք էր աշխատել, ու ընդունվեցի զորամաս: Մեր բանակը նոր էր ձեւավորվում: Պարաշյուտադեսանտային ծառայությունում կադրերի պակաս կար: Ես էլ, քանի որ այդ գործից հասկանում էի, ընդունվեցի այնտեղ: Աշխատում էի որպես հրահանգիչ: Չնայած դժվար տարիներ էին եւ պետք էր ոտքով երկար ճանապարհ կտրել աշխատանքի հասնելու համար, սակայն երբեք չէինք դժգոհում. պետք էր՝ անում էինք, ու կարեւորը՝ սիրով էինք անում: Ու երբեք չէինք մտածում, թե շատ մեծ բաներ ենք արել մեր բանակի կայացման համար: Սակայն հետագայում մեր գործը նկատվեց ու գնահատվեց: Այս տարիների ընթացքում շատ պարգեւների եմ արժանացել: Դրանցից կառանձնացնեի 2009-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստացած «Մարշալ Բաղրամյան» մեդալը:
– Դուք կատարել եք ավելի քան 1800 թռիչք: Ձեզ ավելի ապահով եք զգում օդո՞ւմ, թե՞ երկրի վրա:
– Ինձ ապահով եմ զգում ե՛ւ օդում, ե՛ւ գետնին:
– Առաջին անգամ օդ եք բարձրացել 14 տարեկանում: Ճիշտ է, երկար ժամանակ է անցել առաջին թռիչքից, բայց հավանաբար հիշում եք յուրաքանչյուր դրվագ:
– Իհարկե, հիշում եմ: 1986 թվականի մարտի 29-ն էր: 7-րդ դասարանում էի սովորում: Եկանք Արզնի: Դեռ գետնին ձյուն կար: Պարաշյուտները հագանք ու նստեցինք ուղղաթիռ: Բարձրացանք 1000 մետր: Մինչ օդ բարձրանալը 3 ամիս պարապել ու սովորել էինք, թե օդում ինչ պետք է անենք, որ ապահով գետնին հասնենք: Մինչ ուղղաթիռ նստելը մեզ նաեւ ասել էին, որ թռիչքից հետո կհաշվեք՝ ÿ տՈՊՈþ, ՐՈջ. շ տՈՊՈþ, ՊՉՈ. շ տՈՊՈþ, ՑՐՌ ու օղակը կքաշեք, որ պարաշյուտը բացվի: Ստացվեց այնպես, որ խմբից երկրորդը ես պետք է թռչեի. ինձնից առաջ մի հաղթանդամ, կերած-խմած տղա էր: Մտածում էինք, որ հաստատ չի վախենա: Բայց հանկարծ այդ տղան դռան արանքում քարացավ ու ասեց՝ չեմ թռչում: Կանգնել է ու չի շարժվում: Մեկ էլ էն տեսնենք, որ իրեն այնպես խփեցին, որ շամպայնի խցանի պես դուրս թռավ: Էդ ժամանակ մտքումս ասեցի՝ Քրիստինա, դու ինքդ պետք է թռչես, թե չէ քեզ էլ էդպես «կօգնեն»:
– Իսկ օդում ի՞նչ էիք զգում. տրվել էիք զգացողությունների՞ն, թե՞ երազում էիք վայրկյան առաջ ապահով գետնին հասնելու մասին:
– Առաջին թռիչքի ժամանակ չեմ վախեցել ու աչքերս չեմ փակել: Հակառակը, փորձել եմ երկնքից ուսումնասիրել, թե ինչ կա ներքեւում: Կարծես կինոյի դանդաղեցրած կադրեր լինեին աչքիս առջեւի պատկերները: Իրականում, առաջին անգամ մինչեւ փորձում ես հասկանալ, թե ինչ է հետդ կատարվում, արդեն հասնում ես գետնին: Իսկ, այ, երկրորդ անգամ արդեն վախ կա, քանի որ գիտես, թե ինչ է լինելու:
– Գիտեմ, որ առաջին թռիչքից մեկ տարի անց արդեն պարաշյուտային սպորտի Հայաստանի հավաքականի կազմում էիք:
– Այո: Թիմի կազմում 10 հոգի էինք՝ 5 աղջիկ, 5 տղա: Ավագ մարզիչն էլ իմ ապագա ամուսինն էր՝ Թեւոս Իլիկչյանը: Մի քանի ամիս պարապելուց հետո սկսեցինք մասնակցել տարբեր՝ համամիութենական եւ միջազգային մրցումների: Հիշում եմ, որ մեր թիմի ամենակարեւոր ելույթը եղավ 90-ականների սկզբին, երբ միջազգային մրցմանը ներկայացնում էինք Հայաստանի անկախ Հանրապետությունը եւ հայկական եռագույնով զբաղեցրինք երրորդ պատվավոր տեղը՝ մեզնից ետ թողնելով Վրաստանին եւ Ադրբեջանին:
Պատրաստեց ՏԱՐՈՆ ԿՈԽԼԻԿՅԱՆԸ
Հ. Գ. Մեր զրույցին ներկա էր նաեւ Քրիստինայի ամուսինը՝ ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության որոնողափրկարարական եւ պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թեւոս Իլիկչյանը, ով կնոջ հետ միասին ղեկավարում է Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան: Էքստրիմով հարուստ սպորտային այս ձեւը զարգացնելու համար նրանց աջակցում է պաշտպանության նախարարությունը, նրանք էլ հայկական բանակի շարքերը համալրում են նոր ու տաղանդավոր պարաշյուտիստներով: «Մեզ մոտ շատ են եղել դեպքերը, երբ եկել են մի անգամ թռչելու, սակայն սիրահարվել են օդին ու դարձել լավ պարաշյուտիստներ»,- ասաց գնդապետ Իլիկչյանը:
«Առավոտ» օրաթերթ