Գյումրու քաղաքապետարանի նախկին աշխատակիցը համոզված է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրեն աշխատանքից ազատել է անհիմն:
«Առավոտին» է դիմել Հենրիկ Մալխասյանը, որը 2007-ից աշխատել է Գյումրու քաղաքապետարանի Բյուջեի եկամուտների հաշվառման բաժնում՝ որպես գործակալ: Աշխատանքային ավելի քան երեքուկես տարիների ընթացքում նա հասցրել է Վարդան Ղուկասյանի կողմից պարգեւատրվել պատվոգրով: Սակայն մի օր սկսել են քաղաքապետի ու իր աշխատակցի ջրերը մի առվով չհոսել: Այն բանից հետո, երբ Մալխասյանը հրաժարվել է իր արձակուրդային գումարը՝ 124 հազար դրամը, «նվիրաբերել» քաղաքապետարանի շենքի կառուցման «ֆոնդին», քաղաքապետն ու իր ենթակաները Մալխասյանի հետ «թարսվել են»: «Ինչո՞ւ իմ երեխեքի բերնից կտրեմ՝ տամ իրանց: Մալխասյանից հույսներդ կտրեք»,- հայտարարել է աշխատակիցը, ու դրանից հետո տեղի է ունեցել հրմշտոց իր եւ քաղաքապետարանի որոշ աշխատակիցների միջեւ: Այդ միջադեպից հետո Մալխասյանը դարձել է քաղաքապետարանի համար «անցանկալի անձ»: Այնուհետեւ՝ «2011թ. հունիսի 21-ին մեր բաժնի կոորդինացնող, դրամաշորթ Փափազյանի եւ նրա հանցակիցներ՝ Գագիկ Հովհաննիսյանի, Կարինե Ղազարյանի, Արմենուհի Հարությունյանի, Օլեգ Ղափանյանի, Սոս Նահապետյանի դավադիր զեկուցագրերի հիման վրա արհեստական քրեական գործ հարուցեցին ինձ վրա: Փափազյանը պատճառաբանում է, որ ինձ գործի ընդունելու ժամանակ Ղուկասյանը ինձնից գումար, այսինքն՝ մաղարիչ չի վերցրել: Քրգործը ավարտվեց դատարանում՝ տուգանքով: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բ. Ալեքսանովն առանց ինձ տեղյակ պահելու, հանգամանքները պարզելու՝ ինձ ազատեց աշխատանքից: Իսկ 3 օրվա ընթացքում՝ 21.06.11-24.06.11-ը, մի արարքի համար տվել է երկու նկատողություն եւ 24.06.11-ին էլ լուծարել իմ աշխատանքային պայմանագիրը: Թե՛ կարգապահական տույժի կիրառումը, թե՛ ինձ աշխատանքից ազատելը եղել է անօրինական եւ աշխատանքային կոլեկտիվի հետ չի քննարկվել»,- ասում է Հ. Մալխասյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ահաբեկում են, անվանում «շանտաժիստ», իսկ քաղաքապետարանում տեղի ունեցող հանցանքները քողարկվում են ՀՀԿ-ի կողմից. «Սահմանադրության մի քանի հոդվածներ են խախտվել, որը քաղհայցով գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Խաչատրյանի վարույթում: 24.06.11թ.-ից զուգահեռ՝ մարզի քննչական բաժնում մեկ այլ քննիչ պրն Գաբրիելյանի վարույթում արդեն 9 ամիս նյութեր են նախապատրաստվում չարաշահումների, կեղծիքների մասին: Քննիչին խուսափում են նյութեր, տեղեկություն տրամադրել: Փոխքաղաքապետ Գ. Մանուկյանը եւ աշխատակազմի ղեկավարը իրենց հանցախմբով խոչընդոտում են քննիչի օրինական գործունեությանը, իբր՝ բոլոր փաստարկները սուտ են»,- ասում է Մալխասյանը եւ հավաստիացնում, որ քաղաքապետ Վ. Ղուկասյանը արգելել է քաղաքապետարանի աշխատակիցներին ներկայանալ քննչական բաժին, բացատրություններ տալ:
Իսկ Փափազյանը լուրեր է տարածել այն մասին, որ Վ. Ղուկասյանը միջնորդել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, մարզի դատախազ Դ. Սարգսյանին եւ գործը «ջրել»: «Դրա մասին է վկայում, որ բազմակի դիմումներս՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, դատախազությանը, ոստիկանապետին, ուղղվում են դատախազ Դ. Սարգսյանին, եւ նա արդեն 9 ամիս է՝ խոչընդոտում է վերոհիշյալ անձանց նկատմամբ քրեական գործ հարուցել»,- դժգոհում է Մալխասյանը՝ ասելով, որ ս/թ փետրվարի 2-ին դատական նիստից հետո, ժամը 18.30 սահմաններում, տուն գնալիս 4 անհայտ անձ հարձակվել են իր վրա, ֆիզիկական ճնշման ենթարկել, պահանջել, որպեսզի դատարանից հետ վերցնի 2 քաղհայցերի պահանջները եւ քննչական բաժնին տված նյութերը: Մալխասյանն ասում է, որ այդ միջադեպի հետեւանքով իր առողջական վիճակը վատացել է, եւ ինքը բուժվել է Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցում: Այնուամենայնիվ, քաղաքապետարանի նախկին աշխատակիցն անդրդվելի է եւ պնդում է. «Մտադիր չեմ հետ վերցնել քաղհայցերս եւ քննչական բաժին ներկայացրած նյութերս»: Նրա խոսքերով՝ ինքը պարտավոր չէ քաղաքապետարանի շենքի կառուցման համար տալ իր աշխատավարձը, քանի որ բյուջեից դրա համար գումարներ են տրամադրվել: Նա փաստում է, որ անգամ շենքը շահագործելուց հետո քաղաքապետարանի աշխատակից, ավագ մասնագետ Համիկ Փափազյանը բոլորից «նալոգ» է հավաքում՝ 5000-10000 դրամ, պատճառաբանելով, թե կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ: Իսկ աշխատակիցներին պարտադրում են հրաժարվել արձակուրդային գումարներից, որպեսզի դրանք նույնպես «նվիրաբերվեն» շենքին:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ