«Առավոտը» զրուցեց Ազգային ժողովի մի քանի պատգամավորների հետ եւ փորձեց պարզել, թե կանանց տոնի առթիվ ինչ յուրահատուկ նվեր են մատուցելու:
Կանանց տոնին՝ մարտի 8-ին, նվերների ու շնորհավորանքների առումով մեր քաղաքական գործիչներն օրիգինալությամբ չեն փայլում: Մեզ հետ զրուցած պաշտոնյաներն ու օրենսդիրները սահմանափակվում են ծաղիկներ ու օծանելիք նվիրելով:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կնոջն ու դստերը ծաղիկներ է նվիրելու: Պարոն Դալլաքյանն ասաց, որ չի սիրում ծաղիկներ գնելու գործընթացը, բայց ոչ այն պատճառով, որ մարտի 8-ին ծաղիկների գները բավականին բարձր են լինում, այլ՝ ծաղկավաճառները նրան ճանաչելով՝ ուզում են ծաղիկներն անվճար տալ. «Ծաղկավաճառներն ինձ ասում են՝ ոչ, ձեզանից գումար չենք վերցնի, մենք ձեզ շատ սիրում ենք: Ես ասում եմ՝ ո՛չ, պիտի վճարեմ ու վճարում եմ: Էդ պրոցեսից շատ քաշվում եմ: Ես նաեւ իմ մտերիմներին ու բարեկամուհիներին եմ շնորհավորում»:
Մեր այն հարցին, թե կանանց նվիրված տոներին արտերկրում ավելի «օրիգինալ» նվերներ են մատուցում, օրինակ՝ տիկնոջ հետ շոգեբաղնիք, ստրիպտիզ-ակումբ կամ մի առանձնահատուկ ռեստորան են գնում, եւ արդյոք պարոն Դալլաքյանը երբեւէ նման յուրահատուկ նվեր մատուցե՞լ է, պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Նման երեւույթներին հումորով եմ մոտենում: Ես ինքս հաճախում եմ պոլիտեխնիկական ինստիտուտի լողավազանը, ֆուտբոլ եմ խաղում, նաեւ շոգեբաղնիքից եմ օգտվում, բայց դա ընկերներիս հետ եմ անում, այսինքն՝ դա իմ մոտ սպորտային հակում է, ոչ թե այլ հակումներ: Իսկ ընդհանրապես՝ այդ օրն ինքնին յուրահատուկ օր է, էլ պետք չէ ինչ-որ յուրահատկություն մտցնել»,- ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավորը կանանց միամյսակի հետ կապված արդեն մի քանի տարի է՝ մշակութային նվեր է մատուցում նաեւ իրեն ընտրող վանաձորցի 7000 կանանց. այդ կանայք մարտի 8-ից ապրիլի 7-ը Վիկտոր Դալլաքյանի հովանավորությամբ հաճախում են թատրոն:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե այսօր ի՞նչ նվեր է մատուցելու տիկնոջը, պատգամավորն ասաց. «Նայած տրամադրության»: Մեր դիտարկմանը, որ այդ օրը կանանց տրամադրությունն է բարձր լինում՝ ի տարբերություն տղամարդկանց, որ ծախսի տակ են ընկնում, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Խոսքն իմ մասին չէ, իմ տրամադրությունը միշտ էլ լավ է լինում»: Ապա ասաց, որ՝ ծաղիկներ: Հարցին էլ, թե որեւէ յուրահատուկ նվերներ չի՞ պատրաստում, Վ. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ երբեմն բացառություններ անում է:
Մեզ հետ զրուցած պատգամավորներից միայն Ստյոպա Սաֆարյանն էր, որը «օրիգինալ» նվերներ է մատուցում: Նրա ներկայացմամբ՝ նվերներ մատուցելու համար երբեք չի սպասում մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին. «Եթե ինչ-որ մի բան տեսնում եմ այստեղ կամ արտերկրում եւ վստահ եմ լինում, որ դուր կգա՝ անպայման գնում եմ նվերը: Իսկ կանանց տոներին, անշուշտ, նվազագույնը որ պիտի անեմ, իմ հարազատներին՝ կնոջս, աղջկաս, մայրիկիս ու քույրերիս, ծաղիկներ նվիրելն է: Եթե ժամանակս հերիքում է, այլ գնումներ էլ եմ անում»: Ինչ վերաբերում է յուրահատուկ նվերին, ասենք՝ ռեստորան, ստրիպտիզ-բար կամ նման այլ զվարճանքի վայր հրավիրելուն, ապա պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ այս դեպքում էլ չի սպասում, որ անպայման տոն լինի, որ նոր հաճախեն նման վայրեր:
Իսկ թե ինչ նվերներ է սիրում մատուցել իր սիրելի կանանց, պարոն Սաֆարյանն ասաց, որ ամենատարբեր բաներ՝ զարդերից սկսած մինչեւ հագուստ եւ այլն: Մեզ հետ զրույցում պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ կինն իր ճաշակին ավելի է վստահում. «Չի եղել մի դեպք, որ իր համար մի բան գնեմ ու դա իրեն դուր չգա: Միշտ հաճույքով է կրում: Կինս երբեմն մի բան որ ուզում է գնել, ինձ ցույց է տալիս ու հարցնում՝ լա՞վն է, թե՞ ոչ»:
Իսկ թե տիկնոջ ամենասիրած նվերը որն է՝ պարոն Սաֆարյանը վերհիշեց Անգլիայում իր ուսանելու տարիները. «Սուրբ Վալենտինի օրն էր, ես Օքսֆորդում էի, եւ զանգելու հնարավորություն չկար: Ես նրա համար գնեցի արծաթյա շատ գեղեցիկ սրտիկներ, որի հետ կուլոն ու ականջօղեր կային, ու մի գեղեցիկ բացիկով ուղարկեցի Երեւան: Հավանաբար ավելի օրիգինալ բան ես չէի կարող անել այդ ստանդարտ իրավիճակում»:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կանանց տոների առթիվ ավանդաբար ծաղիկներ եւ օծանելիք է նվիրում տիկնոջը: Մեր այն հարցին, թե որեւէ յուրահատուկ նվեր չի՞ պատրաստում, նախարարն ասաց. «Վերջին շրջանում ինչ-որ չի ստացվում օրիգինալ նվերներ անել: Արդեն սովորություն են դարձել ծաղիկներն ու օծանելիքը»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ