Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լինել երջանիկ

Մարտ 08,2012 13:02

Մեր երիտասարդ երկրի 20-ամյա պատմության մեջ շատ բաներ են պատահել, որոնցից ես ամաչում եմ, նույնքան շատ բաներ, որոնցով ես հպարտ եմ: Այդ երկրորդ կատեգորիային են պատկանում հայաստանցի կանայք: Նրանք, ովքեր երկրից չեն գնացել եւ իրենց ընտանիքներով մնացել են Հայաստանում: Նրանք, ովքեր երեխային բերել եւ մեծացրել են կերոսինի լամպի տակ: Նրանք, ովքեր օրը երկու ժամ էլեկտրականության պայմաններում հասցրել են իրենց տան բոլոր գործերը: Ովքեր բարեգործական (բավականին, ի դեպ, դառնահամ) ձեթից եւ լոբիից կերակուր էին պատրաստում: Նրանց լուման մեր ժողովրդի հաղթանակում կռվողներից պակաս չէ, եւ մենք բոլորս պետք է նրանց առջեւ խոնարհվենք:

Ընդհանրապես, երբ խոսվում է, այսպես կոչված, գենդերայինե հարցերի մասին, երբեմն հաշվի չի առնվում մի հանգամանք. մեզ նման ավանդական կամ, թերեւս՝ «կիսաավանդական» հասարակություններում կանանց վրա ավելի շատ պարտականություններ են դրված, եւ մենք՝ տղամարդիկ, հաճախ դա չնկատելու  ենք տալիս: Մեզ ձեռնտու է այդ անհավասարությունը, մենք ի վիճակի էլ չենք լուծելու այն խնդիրները, որոնք դրել ենք կանանց ուսերին: Միակ բանը, որը մենք կարող ենք անել, նրանց շնորհակալություն հայտնելն է եւ նրանցով անկեղծորեն հիանալը՝ դա էլ հո մեծ ճիգեր չի՞ պահանջում:

Ինչպես շատ այլ հարցերում, սեռերի հարաբերությունների հարցում մենք բարդույթավորված ենք: Ընդ որում, երբ ես նայում եմ, թե ինչպես են շփվում այսօրվա տղաներն ու աղջիկները, ինձ, որքան էլ դա տարօրինակ հնչի, թվում է, թե այսօրվա երիտասարդներն ավելի բարդույթավորված են (իրենց լեզվով ասած՝ «քյարթ»), քան մենք էինք 70-80-ականներին: Եվ դա՝ այն դեպքում, երբ խորհրդային ռեժիմը առանձնապես ազատ դրսեւորվելու հնարավորություն չէր տալիս: Գուցե իր դերն է խաղում մշակութային ընդհանուր անկումը: Կամ էլ՝ պարզապես այսօրվա երիտասարդներն ավելի պահպանողական են եւ ավանդապաշտ:

Բայց նույնիսկ ամենախիստ ավանդապաշտությունը չպիտի խանգարի մեզ սրտանց գովերգել կանանց: Ոչ միայն սեղանի շուրջ հոտնկայս խմել նրանց կենացը՝ դա հաճախ ձեւական է լինում: Ավելի արդյունավետ ճանապարհ է՝ ամեն մեկս մեր հնարավորությունների չափով երես տանք նրանց՝ չվախենալով, որ նրանք մեր գլխին կնստեն: Ընդհակառակը՝ ձգտել դրան: Եվ այդժամ, հավատացեք, անձնական երջանկությունը ձեզ համար ապահովված է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031