Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը մտադիր է խստորեն պատժել այլատյացությունը

Մարտ 08,2012 11:58

Վրաստանի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել պատիժը այլատյացության եւ կրոնական անհանդուրժողականության հողի վրա կատարված հանցագործությունների համար: 

Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների փաթեթը վրացական խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել շաբաթասկզբին:

Օրենսդրական այս նախաձեռնության համաձայն` հանցագործության ազգային կամ կրոնական դրդապատճառներն այսուհետ դիտարկվելու են որպես ծանրացուցիչ հանգամանք։ Քրեական պատիժ է սահմանվում նաեւ այլազգիների նկատմամբ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների եւ հրապարակումների համար:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունների ի հայտ գալը ոչ կառավարական սեկտորի եւ միջազգային հանրության համատեղ ճնշման արդյունք է:

Դրա հետ մեկտեղ, Ստեփանյանը օրենքի հաստատման հեռանկարներին բավական հոռետեսորեն է վերաբերվում։ «Անկեղծ ասած, ես այնքան էլ չեմ հավատում, որ այս օրենքը կընդունվի: Մեծ է հավանականությունը, որ բուռն քննարկումներ ու վեճեր լինեն: Բայց անգամ եթե այս օրենքը ընդունվի, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է այն գործի  դրվելու: Մեր կանխատեսումներով` առաջիկայում ատելության հողի վրա բազմաթիվ սադրանքներ են լինելու, եւ ես չեմ կարծում, որ իշխանություններն ի վիճակի լինեն այդ հոդվածով, ասենք, 100 կամ 150 մարդու ազատազրկել, այն էլ` ոչ շարքային քաղաքացիների», – նշել է Ստեփանյանը` հատուկ ընդգծելով, որ շատ հաճախ ազգային թշնամանքի տարրեր պարունակող ճառերը հնչեցնում են  Վրաստանի քաղաքական դաշտի առաջատար դերակատարները:

Ազգայնականության դրսեւորումներ շատ են ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ վրացական մամուլում: Անցած տարեվերջին գերմանական Հենրիխ Բյոլի հիմնադրամը հրապարակեց վրացական մամուլի համապարփակ մոնիտորինգի արդյունքները` նշելով, որ «հայ» բառը վրացական լրատվամիջոցներում օգտագործվում է որպես վիրավորանք: «Հայը» վրացական մամուլի էջերում տեղ գտնող ամենատարածված վիրավորանքն է», – արձանագրել են հիմնադրամի փորձագետները:

Հակահայկական տրամադրությունները Վրաստանում գագաթնակետին հասան 2011 թվականի ամռանը, երբ վրացական խորհրդարանը որոշեց պաշտոնական գրանցման հնարավորություն ընձեռել կրոնական մի շարք կառույցների, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն:

Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամի տնօրեն Զաուր Խալիլովի կարծիքով` հենց այդ իրադարձությունների ժամանակ պարզ դարձավ, որ օրենսդրական փոփոխությունների կարիք է զգացվում:

«Եթե այն ժամանակ օրենսդրությունը կարգավորեր այդ ամենը, ապա շատերը ձեռնպահ կմնային նման կոշտ հայտարարություններից: Իսկ այն ժամանակ, փաստորեն, կրոնական կամ ազգային որոշ խմբերի հալածանքի ենթարկելու կոչեր էին հնչում», – արձանագրել է թբիլիսցի փորձագետը։

Մի խնդրում, սակայն, փորձագետները համակարծիք են` Վրաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների շեմին ազգայնական կոչերի քանակը հազիվ թե նվազի:

«Կենցաղային այլատյացության ծավալները Վրաստանում չեն փոխվում, սակայն քաղաքական շրջանակներում ազգայնականության մակարդակը անշեղորեն աճում է», – նշել է Առնոլդ Ստեփանյանը:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031