Պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հիշատակել էր այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում երբեք չի պարտվել՝ ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Այդ հիշատակումն ինքնին բավական է՝ եզրակացնելու համար, որ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն չի կարող ունենալ կառուցողական տարրեր, որովհետեւ դրանով նա փաստացի գնահատական է տալիս Հայաստանի ընտրական համակարգին եւ այդ համակարգը լեգիտիմ համարում։
Բանն այն է, որ Եթե Քոչարյանը 1998 թվականի եւ 2003 թվականի իր ընտրությունները համարում է հաղթած ընտրություններ, ապա այդ մտածողությամբ գործիչը իրապես տեղ չունի Հայաստանի քաղաքական կյանքում, քանի որ բացարձակապես չի համապատասխանում նոր ժամանակի պահանջներին եւ ադեկվատ չէ նոր զարգացումներին եւ երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին։
1998 թվականի ընտրությունների մասին անգամ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցն էր ասում, որ առնվազն 100 հազար ձայնի կեղծիք է եղել։ Թե ինչպիսին էին 2003 թվականի ընտրությունները՝ շատերը կհիշեն։ Այդ ընտրությունից հետո ընդդիմության հետընտրական հանրահավաքների մասնակիցների բազմությունը նախանձելի էր անգամ 2008 թվականի ընտրությունից հետո Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների համար։ Պարզապես թեկնածու Ստեփան Դեմիրճյանը բացարձակապես չկարողացավ տեր կանգնել հանրության բողոքին եւ իշխանությանը պարտադրել հաշվի առնել ընտրակեղծիքների դեմ քաղաքացիների այդ բողոքը։ Ստեփան Դեմիրճյանը նրանց բոլորին տուն ուղարկեց, նրանց մի մասը ծեծվեց Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության օրը, իսկ մեկ տարի անց էլ եղավ Բաղրամյան փողոցի «ճակատամարտը», որտեղ Ռոբերտ Քոչարյանն իր առաջին փայլուն հաղթանակը տոնեց խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Երկրորդ հաղթանակը 2008 թվականի մարտի 1-ին էր, որն այս անգամ, իհարկե, դժվարությամբ տրվեց եւ հարկ եղավ նույնիսկ մարդ սպանել՝ տասը մարդու։ Եվ այդ ամենից հետո առնվազն տարօրինակ է, երբ այդ ողբերգության ժամանակ երկրի նախագահի պաշտոնը ստանձնած մարդը հայտարարում է, որ ինքը «խորտակված նավ» չէ։ Նախագահը, որի պաշտոնավարման ժամկետի վերջում երկրում տեղի է ունենում քաղաքացիների սպանդ, որը իր երկրի քաղաքացու, իրավունքի եւ ազատության համար խաղաղ ցույցի ելած քաղաքացու դեմ է հանում ոստիկանությունն ու հետո բանակը, ու հետո տեսնելով չընկճվող քաղաքացուն՝ կրակում է նրա վրա եւ տասը մարդու սպանում, ոչ միայն խորտակված է, այլեւ նույնիսկ որպես պետական եւ քաղաքական գործիչ՝ ոչնչացված:
Կարդացեք նաև
Եղիազար ԱՅՆԹԱՊՑԻ
«Ժամանակ»