ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն օլիգարխի կյանք է վարում։ Նա շրջում է «Audi Q7» մակնիշի ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը Հայաստանում, ըստ փորձագետների, 80-ից 150 հազար դոլար է։ Կոնկրետ ավտոմեքենայի արժեքը պայմանավորված է նրա շարժիչի հզորությամբ եւ հագեցվածությամբ: Մասնավորապես, եթե «Audi Q7»-ի շարժիչը 4.2 լիտր աշխատանքային ծավալով է, նշանակում է՝ այդ ավտոմեքենան մոդելի գերհագեցած կամ, ինչպես ընդունված է ասել, «ֆուլ» եւ ամենաթանկարժեք տարբերակն է։ Գագիկ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենան հենց այդպիսին է։ Ավելին, ՍԴ նախագահի «Audi Q7»-ի դիմապակուն բացակայում է ԱՊՊԱ կտրոնը, ինչը ՀՀ օրենսդրությամբ պարտադիր է բոլորի համար։ Ամեն օր ՍԴ նախագահը երթեւեկում է՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, եւ երկրում չի գտնվում գեթ մեկ ճանապարհային ոստիկան, որ երկրի ՍԴ նախագահին բերի օրենքի դաշտ։ Այսինքն, սովորական ուչաստկովիի այս գործը չի արվում։ Երեկ ՍԴ-ից այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Գագիկ Հարությունյանի ծառայողական «Audi Q7»-ը ինչ գնով է ձեռք բերվել։ ՍԴ նախագահի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը մեր թղթակցին ասել է, որ ավտոմեքենայի հետ կապված հարցերին իրենց աշխատակազմից պետք է պատասխանեն։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի հետ հաջողվել է կապվել միայն աշխատանքային ժամի ավարտից հետո։ Նա հայտարարել էր, թե ինքը միջոցառման է (ՍԴ կոլեկտիվով մարտի 8-ը նշելիս են եղել) եւ հրաժարվել է ավտոմեքենայի վերաբերյալ կոնկրետ տվյալներ հայտնել՝ պատճառաբանելով, թե դա վաղուց է ձեռք բերվել, չի հիշում։ Նշենք, սակայն, որ մեքենան չէր կարող վաղուց ձեոք բերվել եւ ՍԴ ավտոպարկում պիտի հայտնված լինի վերջին ամիսներին։ Առուշան Հակոբյանը, սակայն, հաստատ է ասել, որ այդ ավտոմեքենան ձեռք է բերվել պետական միջոցներով, այսինքն՝ հարկատուների փողերով։ Այսպիսով, սակայն, կարծում ենք՝ հարկատուները մեծ վնաս չեն կրել, որովհետեւ ՍԴ-ն եւ նրա նախագահ Գագիկ Հարությունյանը այնքա՜ն վնաս են տվել Հայաստանի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին, որ 150 հազար դոլար էսկողմ, 150 հազար դոլար էնկողմ՝ ֆընդըխ բաներ են։
«Հայկական ժամանակ»