Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ում հետին մտքեր չեն ունեցել

Մարտ 08,2012 00:07

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2012 թվականի հունվարի 31-ին ընդունած «ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշումը մտահոգել է լրագրողական համքարությանը: Խոսքը սույն որոշման 9-րդ եւ 11-րդ կետերում սահմանված այն ձեւակերպումների մասին է, ըստ որոնց՝ լրագրողի հավատարմագրումը մերժվում (9-րդ հոդված) եւ կամ դադարեցվում (11-րդ հոդված), եթե լրագրողն «անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով», եթե «դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ», եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի չբացառում, որ այս կարգը կարող է վերանայվել: «Ինձ համար մի քիչ արտառոց է, որ այս որոշումը նման արձագանքների արժանացավ, որովհետեւ այդ որոշման մեջ ամրագրված դատողությունները գուցե ոմանց համար նոր հայտնություն էին, բայց դրանք նոր բան չէին: Այդ բոլոր կանոնակարգումները կային 2004-ին ընդունված որոշման մեջ, որը գործել է մինչեւ 2011 թվականը, բայց երբեւէ նման արձագանք չի եղել: Ավելին, այն դրույթները, որոնք ամրագրված են, որոնք հիշատակվում են, դրանցով երբեւէ լրագրողի իրավունքի սահմանափակում չի եղել, որովհետեւ այդ նորմերը երբեք չէին գործադրվել, եւ դրանցով պայմանավորված՝ որեւէ մեկի իրավունքի սահմանափակում ընդհանրապես տեղի չի ունեցել, մերժման որեւէ դեպք՝ նշված նորմերի հիշատակմամբ, չկա»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հավատարմագրումը կատարվում է բացառապես ԿԸՀ նիստերին մասնակցելու համար, իսկ ահա ընտրությունների ժամանակ ընտրատարածքներում եւ տեղամասերում լրագրողի մուտքն ազատ է, եւ նրանց որեւէ իրավունք ԿԸՀ-ում հավատարմագրված լինել-չլինելով չի կարող սահմանափակվել: «Բավարար է՝ լրագրողը գնա ընտրատեղամաս, ներկայացնի իր լրագրողի վկայականը, եւ դա արդեն բավարար հիմք է, որպեսզի նա լիարժեք կերպով մտնի տեղամաս եւ իրականացնի լրագրողի իր իրավունքները», պնդեց ԿԸՀ նախագահը:

Նա նաեւ հավելեց, թե կոնկրետ այս խնդրի հետ կապված մամուլի էջերում հնչած մտահոգությանը ԿԸՀ-ում էլ են ծանոթ. «Մենք ինքներս էլ առավոտյան քննարկում ունեցել ենք, եւ, համենայնդեպս, հնչեցված մտահոգությունը մեկ անգամ եւս քննության առարկա կդարձնենք: Ես կարծում եմ՝ շատ մոտ ապագայում ԿԸՀն իր որոշակի վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ կներկայացնի, որպեսզի այդ մտահոգություններն ընդհանրապես վերանան, թեեւ ԿԸՀ որոշումը երբեւէ եւ որեւէ հետին միտք չի հետապնդել»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031