Մի քանի օր է` Գյումրու կենտրոնական փողոցներներում փակցվել են խոհափիլիսոփայական հարցադրումներով ցուցապաստառներ`«Ի՞նչ անել Գյումրիում հազարավոր աշխատատեղեր ստեղծելու համար» , «Ինչպե՞ս անել Գյումրին հարուստ ու ժամանակակից քաղաք դարձնելու համար» և այլն: Ու այս բոլոր հարցերի պատասխանները տանում են դեպի «Շիրակ» ֆուտբոլային ակումբ, որի սեփականատերը` գործարար Արման Սահակյանը, պատրաստվում է մեծամասնական կարգով իր թեկնածությունն առաջադրել Գյումրիից: Երիտասարդ գործարարին սատարելու է ՀՀԿ-ն, նշենք, որ նա ՀՀ նախագահ Սերծ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի մոտ ընկերն է: Այսպիսով նա ընտրապայքարի դուրս կգա ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի դեմ:
Նախորդ օրը` իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորը, արձագանքնելով այդ ցուցապաստառների բովանդակությանը, ասաց .«Ես ճիշտ ասած չգիտեմ, իմ հակառակորդն է արել, թե ով է արել, բայց ընդանուր, երբ որ նայում ես էդ ամեն ինչին, բնականաբար ծիծաղելի է, տպավորությունն այն է, որ քաղաքում հայտնվել է մի ռոմանտիկ սփայդերմեն, ով փորձելու է միանգամից էս քաղաքը ոտքի կանգնեցնել`էս ճգնաժամի մեջ, էս սոցիալապես խայտառակ վիճակում գտնվող Հայաստանի մեջ առանձին Գյումրի քաղաքը սարքել Շվեյցարիա կամ նմանատիպ զարգացած երկրների, պետությունների զարգացած քաղաքներից մեկը:Պետք է հիշեցենք նման ռոմանտիկներին, որ Գյումրի քաղաքը երկրաշարժից հետո արդեն 24 տարի է անցել, մենք մի կերպ, հազիվ, կարողացել ենք անօթևանների խնդիր կարգավորել, էս քաղաքը շատ լուրջ խնդիրներ ունի, նախ պետք է ճանաչել գյումրեցոնց, գյումրեցոնց հոգեբանությունը, մտածելակերպը, գյումրեցիք էսօր նմանատիպ ռոմանտիկ արտահայտությունների, լոզունգներին լուրջ չեն վերաբերում»:
Այսօր Aravot.am-ը այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանից: «Ցուցապաստառները իմ հեղինակած գրքի գովազդն է, ես գրել եմ Գյումրու տնտեսական զարգացման ծրագրի մասին, այն կհրատարակվի ապրիլի 1-ին ու կլինի բոլորին հասանելի, ցանկացած մարդ կարող է կարդալ, տեսնել` Գյումրին հնարավոր է զարգացնել, թե`ոչ: Գիրքը կկարդաք ու կգնահատեք` ինչքանով է ռոմանտիկ, ինչքանով չէ: Էդ բոլոր հարցերի պատասխանները գրքում կան ձևակերպված»,-ասաց գործարարը:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի պատասխանատու Աննա Թադևոսյանն էլ հավելեց. «Չենք կարծում, որ ամենածանր սոցիալական վիճակում գտնվող եւ ամենաշատ գործազուրկներ ունեցող քաղաքում կարելի է ռոմանտիկ համարել մարդու, որը լուծման իրատեսական ծրագիր ունի: Վստահ ենք, որ գյումրեցիները գիտեն, որ Ձեր նշած ֆիլմում սպայդերմենը քաղաքը մաքրում էր չարագործներից: Իհարկե կա մշակված ծրագիր, որը եւ ներկայացված է գրքում: Եվ հարցերը ամպագոռգոռ չեն, ամեն մի հարց ունի իր հստակ պատասխանը եւ լուծումը: Իհարկե միանգամից ամեն ինչ արմատապես փոխել հնարավոր չէ: Մենք ամեն ինչ անելու ենք քայլ առ քայլ: Իսկ աշխատատեղեր ապահովելն իհարկե հնարավոր է: Այս պահի դրությամբ պարոն Սահակյանը Գյումրիում ունի հարյուրավոր աշխատողներ, որոնք գյումրեցի են , եւ այդ հարյուրավորները լավագույն ապացույցն են Արման Սահակյանի կատարած եւ կատարելիք գործերի լրջությանը: Այնպես, որ մենք հավատում ենք, որ ճիշտ աշխատելու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է փոխել»:
Կարդացեք նաև
Իսկ մեր այն հարցին` մի՞թե սա Ընտրական օրենսգրքի խախտում չէ, պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մեկ ամիս առաջ արդյոք չե՞ք զբաղվում քարոզչությամբ, Աննա Թադևոսյանը այսպես պատասխանեց. «Արման Սահակյանը Հայաստանի 10 խոշորագույն հարկատուներից է եւ, բնականաբար այդ կարգի գործարարին չի պատշաճում օրենքները խախտել: Այդ ցուցապաստառները փակցրել է «Մեդիա Սթայլ» ընկերությունը, որը և հրատարակել է պարոն Սահակյանի`Գյումրու զարգացման հեռանկարների մասին հեղինակած գիրքը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ