Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու, նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները քննարկելու համար:
Հանրապետության ղեկավարը հանդիպման պատեհ առիթն օգտագործելով ՝ ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԵԺԿ-ին հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության գործում պարոն Մարտենսի անձնական աջակցության համար, նշելով, որ համաեվրոպական մեծ ժողովրդավարություն վայելող ԵԺԿ-ին անդամակցելը հայաստանյան կուսակցությունների համար եվրոպական քաղաքական դաշտին լիարժեք ինտեգրման գործում մեծ խթան կհանդիսանա:
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ երկխոսությանը, մի շարք ուղղություններով եվրոպական կառույցների հետ հաջողությամբ իրականացվող համագործակցությանն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, իր բրյուսելյան աշխատանքային այցի արդյունքներին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել ընտրությունները եվրոպական չափանիշներին հարիր անցկացման հարցում ԵԺԿ-ի հարուստ փորձի օգտագործման և խորհրդատվական աջակցության վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիլֆրիդ Մարտենսին՝ այդ հարցում ևս աջակցության պատրաստակամության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող և հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան:
Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:
ՀՀ նախագահը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն, վերադառնում է Երևան: