Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքում՝ Խորենացի փողոցում գործող «33» տաքսի ծառայության դիմաց, իրար են բախվել Էջմիածնի բնակիչ, 28-ամյա Գևորգ Գազազյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 16 ՍԼ 126 համարանիշի և Էջմիածնի բնակիչ եւ 46-ամյա Կարեն Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի 07 ՍՏ 744 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի վայրից Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ՎԱԶ 2107»–ի ուղևոր, 25-ամյա Յանա Պետրոսյանը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննիչ Գոռ Ավանեսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էջմիածնի բաժնի տուգանային հրապարակ։